Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 23:22 01-11-2023

Ասեղնագործությունը ցրում է ինձ դարդերիցս. գյումրեցի 86-ամյա Էմմա տատի պատմությունը

Գյումրեցի 86-ամյա Էմմա Ղազարյանը դեռ դպրոցական էր, երբ ասեղը ձեռքն առավ ու սիրահարվեց ասեղնագործի մասնագիտությանը։ Էմմա տատը նախքան զրույցը սկսելը ցույց է տալիս տան պատերը զարդարող իր գունագեղ ստեղծագործությունները՝ Արցախի վանքեր, վարդեր և Աստվածաշնչյան պատմություններից դրվագներ։

86-ամյա կինն ասում է՝ իր միակ հանգստությունը ասեղնագործելու միջոցով է ստանում։ Փոքրամարմին այս կնոջ կյանքն իր ստեղծագործությունների նման գունեղ չէ... Կորուստների, ցավի մասին քիչ է խոսում, ասում է՝ իմ խաչն է, իմ ճակատագիրը։ Մի որդուն տարիներ առաջ է կորցրել, իսկ մյուս որդին արդեն 20 տարի է անկողնային հիվանդ է։ Պատերազմին էլ եղբոր տղային է կորցրել: Էմմա տատն ասում է, որ այս ծանր օրերին եթե չստեղծագործի, կխելագարվի։

Oragir.News-ի Գյումրիի թղթակիցն այսօր եղել է 86-ամյա Էմմա տատիկի տանը։

«Ես 7 տարեկանից սկսել եմ ձեռագործ աշխատանքը, մամայիցս եմ սովորել։ Փոքր տարիքից եմ սիրել այս աշխատանքը։ Հանրայինի աղջիկները, Վանուշ Խանամիրյանի անսամբլը ինձ մոտ էին զակազ տալիս։ Գործում էի, ասեղնագործում։ Հիմա երկրի վիճակը էնքան վատ է, որ ոչ ոքի հետաքրքիր չեն իմ աշխատանքները։ Ես գործս անում եմ, բայց չեմ կարող վաճառել, առնող չկա։ Ժողովրդին ասում եմ՝ առեք, ասում են՝ առնինք ի՞նչ էնենք, հացի փող շատ ունինք, որ էդ առնինք։ Ես պարապ չեմ կարող մնալ, էս տարիքիս մինչև ասեղ չզարկեմ, չեմ հանգստանա»,- ասում է Էմմա Ղազարյանը։

86-ամյա կինը խոստովանում է, որ շատ է սիրում իր ստեղծագործությունները նվիրել, թեև տպավորություն է, որ քեզնից մի մասնիկ ես տալիս։

«Աշխատանքներս վաճառում էլ եմ, եթե առնող լինի... Ասեղնագործությունը ցրում է ինձ իմ դարդերից: Ամեն ինչ տեսանք՝ երկրաշարժ, պատերազմ…»։

Մանրամասները՝ տեսանյութում