Երևան +15°
copy image url
Արտաքին Միտք 1 ամիս առաջ - 21:00 09-04-2024

Ռաֆահի նշանակությունը. ինչու է Իսրայելը ձգտում ամեն գնով գրավել այն

Դավիթ Գույումջյան

Լրագրող

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև վերսկսված պատարազմն առ այսօր չի դադարում, քանի որ Իսրայելը ձգտում է Գազայի հատվածի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանել, իսկ ՀԱՄԱՍ-ի մարտիկներին ամբողջովին դուրս մղել պաղեստինյան այս անկլավի տարածքից։ Չնայած միջազգային հանրության, այդ թվում իր դաշնակից և պատերազմի սկզբնական փուլում իրեն աջակցող երկրների կոչերին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանայահուն կարծես թե անդրվելի է և համառորեն շարունակում է ավելի քան 6 ամիս շարունակվող պատերազմը։

Նախօրեին արդեն Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում իսրայելական բանակի գործողության մեկնարկի ժամկետն արդեն համաձայնեցված է։ Ռաֆահը գտնվում է Գազայի հատվածի հարավում, որտեղ ռազմական գործողությունների մեկարկից ի վեր կենտրոնացել է անկլավի խաղաղ բնակչությունը։

Բացի այդ, Ռաֆահն այս հակամարտությունում ունի կարևորագույն նշանակություն, քանի որ այս քաղաքը սահմանակից է Եգիպտոսին ու հենց այստեղով է հումանիտար օգնություն տեղափոխվում է Գազայի բնակչությանը։ Նեթանյահուն պնդել է՝ հաղթանակի համար անհրաժեշտ է մտնել Ռաֆահ և վերացնել այնտեղ մնացած ահաբեկիչներին (նկատի ունի ՀԱՄԱՍ-ի մարտիկներին, որն Իսրայելում համարվում է ահաբեկչական կազմակերպություն)։

Անկարայի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Մուհամմեդ Հուսեյն Մերջանը թուքական պետական Անադոլու լրատվական գործակալության համար ծավալուն հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ռաֆահի նշանակությանը, ինչպես նաև հարցին, թե ինչու է Նեթանյուհուն այդքան վճռական՝ քաղաքը վերցնելու հարցում։

Հեղինակը նկատում է՝ նախորդ հոկտեմբերից Գազայում վերսկսված հակամարտության ֆոնին ստեղծված իրավիճակը ձևավորվում է 2 հիմնական զարգացումներով, որոնք ամբողջությամբ կփոխեն պաղեստինա-իսրայելական հակամարտության ընդհանուր ընթացքը: Ըստ նրա՝ դրանցից առաջինն այն վնասն է, որն այս պատերազմը հասցրեց Իսրայելին, և այն վերջինիս սպասելիքներից ավելին էր։

Փորձագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Իսրայելն իր պատմության մեջ ամենաերկարատև փաստացի պատերազմն է մղում Գազայի դեմ, որի հետևանքով ախվում է խորը ճգնաժամի՝ տնտեսական, սոցիալական և հոգեբանական փլուզմամբ, ինչպես նաև ռազմական կորուստներով։ Հեղինակի պնդմամբ՝ համաշխարհային քաղաքականության մեջ Իսրայելի վարչակազմին աջակցության նվազումը և միջազգային հանրության շրջանում ուժեղ պաղեստինամետ դաշինքի ձևավորումը խարխլում է Իսրայելի հեղինակությունն ու վերացնում վերջինիս գործողությունների լեգիտիմությունը։

Մուհամմեդ Հուսեյն Մերջանի պնդմամբ՝ երկրորդ խնդիրը, որը ձևավորում է Գազայում իրավիճակը, Նեթանյահուի կառավարության կողմից իրականացվող ցեղասպանության ռազմավարությունն է։ Նա նկատում է, որ չնայած նախորդ տարիներին Գազայում բազմաթիվ կոտորածների իրականացմանը՝ Թել Ավիվի վարչակազմը որոշակիորեն հետ քայլ էր կատարել՝ հաշվի առնելով միջազգային հանրության արձագանքը, սակայն ռազմի դաշտում աննախադեպ ագրեսիա է դրսևրել, որպեսզի Գազայի բռնակցման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծի։

Թուրք փորձագետը նկատում է, որ Իսրայելը մշտապես ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական կազմակերպություն է ներկայացնել, որպեսզի օրինականացնի վերջինիս նկատմամբ իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը և ստանա արևմուտքի աջակցությունը։ Նրա խոսքով՝ նման կերպ Իսրայելը սվերում էր Պաղեստինի ժողովրդի արդարացի պայքարը և ճանապարհ բացում նոր բնակավայրերի գրավման համար։

Մերջանը հիշեցում է, որ երբ Նեթանյահուի կառավարությունը սկսեց հարձակվել Գազայի հյուսիսային հատվածի վրա, նա կոչ արեց քաղաքացիական անձանց տեղափոխվել Գազայի հարավային հատված՝ իր գործած հանցագործություններն և կատարած ջարդերն արդարացնելու համար։ Ըստ նրա՝ 10 քառակուսի կմ տարածքում անվտանգության գոտի ստեղծելու ծրագիրն Գազայի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելու ուղղությամբ Իսրայելի առաջին քայլ էր, սակայն հետագա օրերին մոտ մեկուկես միլիոն մարդ ապաստան գտավ Ռաֆահում՝ ցամաքային գործողության ընդլայնման և Գազայի հյուսիսում պաղեստինցիների համար անվտանգության բացակայության հետևանքով:

Անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նպատակներին՝ թուրք փորձագետը համոզմունք է հայտնում, որ վերջինս պաղեստինցիներին Գազայից արտաքսելով 2 խնդիր է փորձում լուծել։ Ըստ նրա՝ նա ձգտում է Գազան ամբողջովին մաքրել պաղեստինցիներից, ինչպես նաև Իսրայելի հասարակության շրջանում վերականգնել իր հեղինակությունը։

Նրա համոզմամբ՝ Նեթանյահուն ծրագրում է ներգրավել միջազգային դերակատարներին և համակարգել պաղեստինցիների տեղափոխումը սահմանի մյուս կողմ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում մեծ օպերացիա կիրականացնի Ռաֆահում թակարդի մեջ հայտնված մարդկանց դեմ։ Մյուս կողմից կարևոր է նաև այն փաստը, որ Բայդենի վարչակազմը շարունակում է զինամթերք տրամադրել Իսրայելին, չնայած հայտարարել է, որ Ռաֆահի վրա զանգվածային հարձակումը կհանգեցնի աղետի։

Հոդվածագիրը համոզված է, որ Գազայի բնակիչներին ստիպելով լքել իրենց հայրենիքը՝ Նեթանյահուն նպատակ ունի և՛ ավարտին հասցնել տարածաշրջանի անեքսիան, և՛ մաքրել Գազան բոլոր դիմադրության խմբերից: Նա նկատում է, որ Ռաֆահում հաղթելով, Նեթանյահուն նպատակ ունի առավելություն ձեռք բերել՝ հստակ ուղերձ տալով Իսրայելի հասարակությանը և հատկապես ընդդիմությանը, քանի որ վերջին տարիներին իր և իր հարազատների անունները հաճախակի են հիշատակվում կոռուպցիայի հետ, ինչը մեծապես վնասում է իր հեղինակությանը։

Նշվում է, որ Նեթանյահուի հեղինակությունը մեծապես տուժել է նաև այն բանի հետևանքով, որ իսրայելական բանակն անկարող եղավ ազատ արձակել Գազայում գտնվող պատանդներին։ Ներկայումս Իսրայելի վարչապետը ձգտում է գոնե Ռաֆահի հարցում հաջողության հասնել, որն, ըստ նրա, կկոտրի պաղեստինցիների դիմադրությունը՝ ընդդեմ Իսրայելի։

Հեղինակը հավելում է, որ Նեթանյահուն, ով երբեք զիջումների չի գնում, տարածաշրջանը ներքաշելու է մեծ անկայունության մեջ, ինչպես նաև դա նպաստելու է նոր ջադերի իրականացմանը։

Այսպիսով՝ Գազայում ընթացող հակամարտությունը շարունակվում է, իսկ առաջիկա ամիսներին այն միայն կթեժանա, քանի որ կողմերից ոչ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ։ Ռաֆահ քաղաքը կարևոր նշանակություն ունի այս համատեքսում, որի նկատմամբ վերահսկողությունն Իսրայելին թույլ կտա ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը հաղթական ավարտի հասցնել, իսկ եթե ՀԱՄԱՍ-ը պահպանի դրա վերահսկողությունը, ապա դա նրան թույլ կտա զարգացնել հաջողություններն ու առաջիկայում նոր բնակավայրեր գրավել։