Երևան +11°
copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 ամիս առաջ - 19:00 09-04-2024

Ահազանգը կարևոր է, սակայն Լեմկինի ինստիտուտը Ադրբեջանին պատժելու մեխանիզմներ չունի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Լեմկինի անվան ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա Ֆոն Յոդեն-Ֆորգին կոչ է արել Արցախում Ադրբեջանի արածն անվանել ցեղասպանություն ու կիրառել համապատասխան կոնվենցիան։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն Ադրբեջանի նկատմամբ հստակ քայլեր ձեռնարկի, քանի որ վերջինիս նախագահ Ալիևի նման բռնապետները, որոնք ցեղասպանություն են իրականացնում, կանգ չեն առնի, քանի դեռ ինչ-որ մեկը չի ստիպել նրանց կանգ առնել։

Oragir.News-ի հետ զրույցում պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն ընդգծեց, որ Լեմկինի ինստիտուտի ահազանգը նոր չէ, այն կար դեռևս նախորդ տարի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած դեպքերից առաջ։ Նա նշեց՝ 2023-ի Լեմկինի ինստիտուտը կարմիր դրոշի ահազանգ էր հնչեցրել, սակայն միջազգային հանրությունը դա անտեսեց, և տեղի ունեցան սեպտեմբերի ցավալի իրադարձությունները։

Դեմոյանը կարևորում է, որ հայ հասարակությունը պատրանքների գերի չդառնա։ «Լեմկինի ինստիտուտը հասարակական կազմակերպություն է, ճիշտ է, ունի ինչ-որ խորհրդակցական և այլ կապեր, բայց այս պահի դրությամբ նա չունի ցեղասպանությունները կանխարգելու և իրականացնողներին պատժելու համար ոչ մի մեխանիզմ չունի։ Այո՛, այդ կարծիքն ինչ-որ դատաքննությունների ժամանակ կարող է հաշվի առնվել, բայց այսօր ցանկալի է, որ մենք չուղղորդվենք դրանով ու չկառչենք այդ կարծիքից»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ներկյումս առավել կարևոր են Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիրքորոշումները։ Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է ցեղասպանությունների կանխարգելման և դրա համար պատիժ սահմանող հայտնի կոնվենցիան։

Հայկ Դեմոյանի խոսքով՝ այսօր որևէ ցեղասպանագետի ու հասարակագետի համար կասկած չկա, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, 100%-անոց ցեղասպանություն է, որը դատապարտելի է և պատժելի է վերոհիշյալ բանաձևով։ Նա միևնույն ժամանակ նկատում է, որ այսօրվա համաշխարհային քաղաքականության օրակարգն Ադրբեջանի հանդեպ «ճկունություն է ցուցաբերում», և այդ երկրի գործողություններին հստակ գնահատականներ չեն տրվում։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենի համոզմամբ՝ տրամաբանական էր, որ Հայաստան պետությունն ընդդեմ Ադրբեջանի պետք է հայցադիմում ներկայացներ, որում ի ցույց դրվեին այն փաստերը, որ այդ երկիրն Արցախում ցեղասպանություն է իրականացրել։ Նա նշում է՝ այդ աշխատանքը պետք է կատարվի իրավական դաշտում՝ միջազգային իրավունքի տեսանկյունից։ «Խաղաղության պայմանագրի քողի տակ որևէ պայմանավորվածություն, կամ փոխզիջում, որ այդ հայցերը հետ կվերցվեն ու տեղի կունենա պարզ առևտուր, բացարձակապես անընդունելի է»,- կարծում է նա։

Հարցին՝ եթե Արցախում տեղի ունեցածը միջազգային հանրության կողմից ցեղասպանություն որակվի և համապատասխան կոնվենցիան կիրառվի, դա որքանո՞վ կարող է նպաստել արցախցիների վերադարձի գործընթացին, Հայկ Դեմոյանը պատասխանեց, որ դա կլինի բավականին լուրջ հաղթաթուղթ՝ անգամ ներկայիս խարդախ միջազգային դասավորվածության պայմաններում։ Նրա համոզմամբ՝ դա նաև կարող է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելու իրավական հիմք տալ, որը երկու բաղադրիչ ունի.

«Առաջինը՝ Ադրբեջանից զիջումներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական զիջումներ կորզելն է, որտեղ մենք կհայտնվենք լրիվ չորրորդական դերում։ Երկրորդ երեսն այն է, որ մենք, լոբբիստական ու պետական աշխատանքներով հետամուտ լինելով, կստիպենք Ադրբեջանին ապառազմականացնել Արցախն ու հարակից շրջանները, ինչպես նաև մարդկային պայմաններ՝ բնակչության վերադարձի համար։ Գլխավորը՝ այս երկրորդ կետն եմ ես առանձնացնում, որովհետև այս պահի դրությամբ, բացի արտաքին գործընթացից, մենք ներսում կատարվող ոչ մի աշխատանք չենք տեսնում, որը պետք է նպաստի այդ գործընթացին»։

Հայկ Դեմոյանն անհրաժեշտ է համարում, որ բոլոր հասարակական, մարդասիրական, իրավախորհրդատու կազմակերպությունները՝ ընդհուպ մինչև քաղաքական կուսակցությունները, լծվեն այս աշխատանքին։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ չափազանց վտանգավոր է, որ Արցախում բնակարանների զարհուրելի թալան է իրականացվում, մարդկանց ունեցվածքը պատուհաններից դուրս է շպրտվում՝ կարևորելով, որ դրանք արձանագրվեն։

«Դա թող լինի, դրանք տեսողական նյութ են ապահովում՝ ցեղասպանության պնդումները և մեղադրաքները ապացուցելու համար։ Սակայն այս պահին ես տեսնում եմ ինտեգրացիայի փորձ Հայաստանի Հանրապետության ներսում, որը պետք է բացառել։ Խոսքը չի վերաբերում մարդասիրական օգնությանը, մարդկային պայմաններ տրամադրելուն։ Այսօր կարծես թե տպավորություն է ստեղծվում, որ դրսից ինչ-որ ֆինանսներ են գալիս՝ ակնհայտ ու ոչ ակնհայտ աղբյուրներից, ու այնպես է արվում, որ արցախցիների մի մասը լքի Հայաստանը, իսկ մյուս մասն ինտեգրացվի այստեղ»,- նկատեց նա։

Պատմաբանը շեշտում է՝ արցախցիների համար Հայաստանի կամ Ադրբեջանի կազմում ինտեգրվելու ընտրություն չպետք է լինի։ Նա ասաց, որ արցախցիների համար պետք է միայն մի հարց լինի՝ վերադառնալ իրենց հայրենիք և տեր դառնալ դրան, իսկ Հայաստանն ու սփյուռքն իրենց ուժերի ներածին չափով պետք է նպաստեն այդ աշխատանքներին։

Հայկ Դեմոյանը հավելեց, որ արցախցիները իրենց հայրենիք պետք է վերադառնան միջազգային երաշխիքների պայմաններում։ Նա ասաց նաև, որ միջազգային երաշխիքները ենթադրում են առաջին հերթին անվտանգություն, երկրորդը՝ կարգավիճակ։

Ամենից շատ դիտված