copy image url
Ներքին Միտք Արտաքին 1 ամիս առաջ - 17:00 09-04-2024

ՀՀ-ին աջակցելով՝ արևմուտքը ձգտում է վերականգնել իր ազդեցությունը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի գագաթաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի մասնակցությամբ։ Չնայած հանդիպման արդյունքներով Հայաստանը միայն չնչին ֆինանսական օգնության խոստում ստացավ՝ 65 միլիոն դոլար և 270 միլիոն եվրո, այնուամենայնիվ առավել կարևոր էր հանդիպման աշխահաքաղաքական նշանակությունը և այն հանգամանքը, որ դա առ այսօր շարունակում է անհանգստացնել ՌԴ-ին, Ադրբեջանին և Թուրքիային։

Թուրք փորձագետ Բուրաք Չալըշքանը, ով ներկայումս Նյու Յորքի համալսարանում իր դոկտորական աշխատանքն է գրում, թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության համար ծավալուն հոդված է հրապարակել, որում անդրադարձել է ապրիլի 5-ի հանդիպմանը։ Նա պնդել է, որ Արցախի ամբողջական բռնազավթումից հետո (հեղինակն օգտագործել է Ադրբեջանի կողմից ազատագրում ձևակերպումը-խմբ) Հարավային Կովկասի տարածաշրջանում գործող ստատուս քվոն փոխվել է և խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է ընձեռնվել։

Ըստ Չալըշքանի՝ չնայած բանակցությունների նկատմամբ Երևանի և Բաքվի դրական վերաբերմունքին, արտատարածաշրջանային դերակատարներն այնպիսի քաղաքականություն են վարում, որը կարող է բացասաբար ազդել այս գործընթացի վրա։ Այս համատեքստում նա ընդգծել է հատկապես Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, որը Փարիզի և Բաքվի միջև լարվածության պատճառ է դարձել, ինչպես նաև ապրիլի 5-ին Բրույսելում կայացած գագաթաժողովը, որը, ըստ նրա, տարածաշրջանում արևմուտքի իրական նպատակների վերաբերյալ ավելի շատ կասկածներ է առաջացրել։

Չալըշքանը հիշեցնում է, որ պաշտոնական Բաքուն հայտարարություն է տարածել, որ դեմ է նման հանդիպման անցկացմանը, իսկ Անկարան պնդել է, որ երրորդ կողմերը պետք է անաչառ մոտենան գործընթացին և խուսափեն բանակցություններին վնաս հասցնելուց։

Անդրադառնալով հանդիպման շրջանակներում ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանին ու Նիկին Փաշինյանին աջակցելու վերաբերյալ հայտարարություններին՝ հեղինակը պնդում է, որ այդ աջակցությունն առաջարկվել է ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության, այլև ներքաղաքական համատեքստում, քանի որ Փաշինյանը երկրի ներսում բախվել է լուրջ հակազդեցության։ Նրա պնդմամբ՝ արևմուտքի քաղաքականությունը տպավորություն է թողնում, որ նրանք փորձում են տարածաշրջանը վերածել աշխարհաքաղաքական մրցակցության տարածքի։

Այնուհետև հեղինակը դժգոհությամբ նշում է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն հայտարարել են ՀՀ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մտադրության մասին։

Թուրք հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում նաև այն բանին, որ տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցության թուլացումը նույնպես արդյունավետ էր Հայաստանին արևմուտքի կողմից աջակցություն ցուցաբերելու համատեքստում։ Չալըշքանը շեշտել է, որ ի տարբերության Հայաստանի նախկին ղեկավարների, ովքեր անկախությունից ի վեր հանդես էին գալիս որպես «‎Ռուսաստանի արբանյակ», Փաշինյանը փորձում է նվազեցնել Երևանի կախվածությունը Մոսկվայից։

Այս համատեքստում նա հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը կասեցրել է Հայաստանի մասնակցությունը Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ին, ամերիկացի զինվորականներին հրավիրել է երկիր, ինչպես նաև օգնություն է ուղարկել Ուկրաինա։ «Արդյունքում, մինչ այս զարգացումները օրակարգ էին բերվել Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, նշվեց, որ Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խախտման դեմ ուղղված միջոցառումները ողջունելի են ԵՄ-ի կողմից։ Ընդգծվեց նաև, որ այս զարգացումներով ԵՄ-ն և Հայաստանը դառնում են արժեքային և շահերի առումով ավելի համատեղելի»,- նկատում է նա։

Բուրաք Չալըշքանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Բրյուսելում կայացած հանդիպման օրակարգում ընդգրկվել է նաև արցախցի փախստականներին աջակցության տրամադրումը, և արևմուտքը խոստացել է մեծացնել այդ աջակցությունը։ Նա դժգոհում է, որ հանդիպման ժամանակ արցախցի փախստականները բնորոշվել են որպես տեղահանվածներ, որը, ըստ հեղինակի, ցույց է տալիս Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքի կողմնակալ վերաբերմունքը, ինչպես նաև չի արտացոլում վերջինիս քաղաքականությունը։

Այնուհետև թուրք փորձագետը հերթական անգամ մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին այն բանի համար, որ վերջիններս աջակցել են «հայկական օկուպացիայի շարունակմանը»։ Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացումը և տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխությունը փոխել են նաև Հարավային Կովկասում ուժային կենտրոնների հավասարակշռությունները։

Չալըշքանը համոզմունք է հայտնում, որ արևմտյան երկրները վերջին ամիսներին մեծացրել են իրենց աջակցությունը Հայաստանին, քանի որ նրանք ձգտում են վերականգնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում: Նա միևնույն ժամանակ կարևորում է, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես ընդգծում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման իր ցանկությունը և հայտարարում, որ, չնայած բոլոր հակազդեցություններին, պատրաստ է միակողմանիորեն վերադարձնել Տավուշի մարզի 4 գյուղերը, որոնք 1990-ականներից Երևանի վերահսկողության տակ են։

Փորձագետի համոզմամբ՝ այս զարգացումները հույս են ներշնչում, որ սահմանային նոր համաձայնագիր կստորագրվի և Հարավային Կովկասում մշտական ​​խաղաղություն կհաստատվի։ Նա կարծում է նաև, որ արևմտյան երկրների քաղաքականությունը տպավորություն է թողնում, որ նրանք փորձում են տարածաշրջանը վերածել աշխարհաքաղաքական մրցակցության տարածքի։ «Չնայած այս բոլոր նախաձեռնություններին, Հայաստանի հետ Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագիտական ​​քայլերը կարող են անարդյունավետ դարձնել արտատարածաշրջանային դերակատարների այս քաղաքականությունը»,- եզրափակում է նա:

Այպիսով՝ չնայած Հայաստանը բրյուսելյան հանդիպման արդյունքում ստացել միայն չնչին ֆինանսական աջակցության խոստումներ, այնուամենայնիվ հանդիպումը շարունակում է ՀՀ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների ուշադրության կենտրոնում մնալ։ Վերջններս հանդիպման փաստն անգամ օգտագործում են սեփական շահերը սպասարկելու, ինչպես նաև դիվիդենտներ կորզելու նպատակով, որը, ըստ էության, նրանց հաջողվում է։

Բացի այդ, չափազանց մտահոգիչ է, որ բրյուսելյան հանդիպման ֆոնին Բաքուն մեծացրել է սահմանային լարվածությունը, և վերջին օրերին պարբերաբար սահմանային կրակոցների մասին տեղեկություններ են ստացվում։ Չափազանց մեծ է հավանականությունը, որ նման կերպ Ադրբեջանը հիմք է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ իր հաջորդ ագրեսիայի համար, իսկ արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության խոստումները պարզապես հարմար պատրվակ են։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվորեն աշխատան բոլոր միջազգային և տարածաշրջանային դերակատարների հետ, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի ՀՀ-ի դեմ հարձակման հարցում կոնսենսուս ձևավորել։ Դատելով առկա զարգացումներից՝ նման կոնսենսուսի Բաքուն դեռևս չի կարողացել հասնել, սակայն այն կարող է ցանկացած պահի ձևավորվել։

Դավիթ Գույումջյան