copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:00 09-04-2024

ՔՊ-ական իշխանությունը դիտմամբ չի իրացնում միլիարդավոր փողերը

Փողն, իհարկե, մեծ նշանակություն ունի քաղաքականության մեջ: Բայց ամեն ինչ փողին հանգեցնելը կարող է արժեզրկել քաղաքականությունն էլ, պետությունն էլ, հասարակությունն էլ: Ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը քաղաքական նշանակություն ունի, քանի որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն վերահաստատեցին աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Սակայն հանրային ուշադրությունը մեծավմասամբ սևեռվեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից հատկացվող ֆինանսական աջակցության չափի վրա, տպավորություն տարածելով, թե բրյուսելյան հանդիպումը սոսկ փողի մասին էր:

Քաղաքական որոշ գործիչներ հրապարակում են փաստեր, թվեր, թե ՀՀ երրորդ, երկրորդ, առաջին նախագահների օրոք Արևմուտքն ինչ մեծ աջակցություն է հատկացրել ՀՀ-ին, համեմատում Փաշինյանի իշխանությանն արված հատկացումների հետ ու պարզում, որ նախորդ տարիներին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ավելի շատ փող են տվել։

Օրինակ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խոսնակ Լևոն Զուրաբյանը հիշեցնում է, որ Հայաստանը 1992-1997-ին ԱՄՆ-ից և ԵՄ-ից ստացել է ընդհանուր 1,8 միլիարդ դոլար։ Նման համեմատություններ է անում նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երբեմնի թիմակից, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, նշելով, թե Հայաստանին ինչքան շատ ֆինասական աջակցություն են տրամադրել ԱՄՆ-ն, ԵՄ-ն, նրանց հետ ասոցիացվող հիմնադրամները 2008-2018 թվականներին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք ևս արևմտյան փոխանցումները հսկայական չափերի են եղել։ Հիշեցնում են Քըրք Քրքորյանի միլիարդ դոլարի հատկացումները Լինսի հիմնադրամի միջոցով։ Հիշում են նաև Արևմուտքի գործակցությունը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության հետ, որի արդյունքում Հայաստանին 600 միլիոն դոլարից ավելի ֆինանսական հատկացումներ տրամադրվեցին։

Այս համեմատությունները հավելյալ հաստատում են, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ինչպես վայել է իրական դաշնակցին, 1991-ից մինչ օրս, իրոք, շահագրգիռ են Հայաստանի զարգացմամբ, սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմամբ, ժողովրդավարության խորացմամբ, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությամբ։

Համեմատությունները նաև դրական խթան կարող են դառնալ։ ՔՊ-ական իշխանությունը կարող է ձգտել գերազանցել մրցակիցներին, ավելի շատ փող ներգրավել, ավելի մեծ ու հայանպաստ ծրագրեր իրականացնել։ Օրինակ՝ 2021-ին ակնարկված 2,6 միլիարդ եվրո աջակցությունից մինչ օրս հատկացվել է ընդամենը 500 միլիոնը։ ՔՊ-ական իշխանությունը, նրան մերձ գործարարներն ու ՀԿ-ները 500 միլիոն եվրոյի ծրագրեր են ներկայացրել և ֆինանսավորում ստացել։ Մնացյալ 2,1 միլիարդ եվրոն նախատեսվում է ուղղել կապիտալ շինարարության ծրագրերին, մասնավորապես՝ Հարավ-հյուսիս միջազգային ճանապարհի շինարարությանն ու ենթակառուցվածքներին։ Բայց ՀՀ կառավարությունը փաստացի չի իրականացնում Հարավ-հյուսիս ճանապարհի շինարարության ծրագրեր։ Ենթադրելի է, որ ՔՊ-ական իշխանությունները դիտավորյալ են անգործություն ցուցաբերում և հետաձգում Հարավ-հյուսիս ծրագրի իրականացումը, որը ոչ միայն քաղաքակրթական, գլոբալ նշանակություն ունի, այլև տրանզիտային միլիարդավոր եկամուտներ է պարգևելու Հայաստանին։

Այս անգործության արդյունքում ՔՊ-ական իշխանությունը միլիարդավոր վնասներ է պատճառում պետությանն ու ժողովրդին, ապացուցում, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն չի արել և իրականում մտադիր չի քաղաքակրթական ընտրություն անել հանուն ժողովրդավարության։ Այս ընտրության անհրաժեշտությունը կար նաև նախկինում, բայց հրատապ է այսօր, քանի որ ՌԴ-ն փաստացի և ցուցադրաբար չի ճանաչում ՀՀ ինքնիշխան իրավունքները, Ադրբեջանը Մոսկվայի դրդմամբ նոր տարածքային պահանջներ է ներկայացնում, իսկ Փաշինյանն ահազանգում է ադրբեջանական ագրեսիայի վտանգի մասին։

Բրյուսելյան ապրիլհինգյան հանդիպումը նաև նախազգուշացում էր Հայաստանին, որ ակտիվացնի Հարավ-հյուսիս նախագծի իրականացնումը։ Այս առումով՝ քաղաքական համայնքի քննադատության սլաքները պիտի ուղղվեին ոչ թե փողային հատկացումների համեմատությունների, այլ գլոբալ և հայանպաստ նախագծերի իրականացման խնդրին։ Մեծ հաշվով՝ կարևոր չէ, թե ում օրոք ինչքան շատ կամ քիչ փող հատկացվեց Հայաստանին։ Կարևոր է, թե այդ փողով ի՞նչ արվեց ի շահ անկախության և ժողովրդավարության։ Ու եթե քաղաքական համայնքի քննադատությունը սևեռվի այս ուղղությամբ, ապա հնարավոր է Փաշինյանի իշխանությունն առաջիկա ամիսներին մեծ թափով կշարունակի նախկինների օրոք սկսված Հարավ-հյուսիսի շինարարությունը։ Հակառակ պարագայում՝ կստացվի, որ ապրիլհինգյան ֆինանսական աջակցությունն իզուր էր։

Թաթուլ Մկրտչյան