copy image url
Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 16:55 08-04-2024

Հարված գրպանի՞ն, թե՞ հերթական ձախողումը․ ինչու է կազինոների հարցում իշխանությունը «կաղում»

Ազարտ խաղերի թեման, ցավոք, անսպառելի է։ Oragir.News-ը քանիցս անդրադարձել է խնդրին, վերջին անգամ քննարկել էինք այս հարցը 1 շաբաթ առաջ։

Հայտնի է, որ դեռևս մարտ ամսվա կեսերից սկսած, խաղային կայքերը տեղադրել էին «ապրիլի 1-ից կարող եք համալրել Ձեր խաղային հաշիվը միայն Ձեր բանկային քարտով» բովանդակության ազդ։ Ըստ այդմ, ազարտ խաղերով զբաղվող խմբերը սկսել էին հարակից կայքեր գովազդել՝ ընդգծելով, որ տվյալ կայքերը հայկական դոմեյններից դուրս են գտնվում, հետևաբար կարելի է խաղային հաշվի համալրումներն իրականացնել, առանց վերը նշված դրույթի, փաստորեն՝ շրջանցելով օրենքի պահանջները։

Ինչպե՞ս են գործերը կազինոների համար «շրջադարձային» համարվող ապրիլի 1-ից հետո։ Ըստ էության, նախկինի պես։ Խաղային կայքերը, առ ի պատշաճի, գլխավոր էջերում պահպանում են «ապրիլմեկյան կանոնի» մասին ազդերը, բայց և չեն չեղարկում այլոց բանկային քարտերով լիցքավորման հնարավորությունը։





Ինչու՞ է շարունակում հնարավոր մնալ այլ անձի բանկային քարտով կազինո լիցքավորելը։ Ըստ ամենայնի, որովհետև խաղամոլների թվում մի հոծ զանգված կամ չունի բանկային ռեկվիզիտներ (բայց շարունակում է ունենալ ազարտ խաղերով զբաղվելու մեծ ցանկություն), կամ իր քարտն ունի սահմանափակումներ, որոնց հանումը ձեռնտու չի տվյալ մարդուն, որը, կրկնենք, միևնույն ժամանակ, ունի խաղալու բուռն ձգտումներ։ Կամ էլ, քաղաքացուն պետք չէ իր քարտային պատմությունը «կեղտոտել» բուքմեքերների հետ կապերով, ենթադրենք՝ ինչ-ինչ գործարքներ կատարելու հնարավորությունից չզրկվելու համար, բայց նորից ասենք՝ միաժամանակ, նա ունի «գլորելու» և (կամ) «դուբլելու» հակումներ։

Հավանաբար, այս տիպի խաղամոլների «շահերի պաշտպանության» պարտականությունն է ստիպել իշխանություններին՝ առժամանակ հետաձգել օրենքի պահանջի կիրարկումը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին պատկանող կայքը դեռ 2017 թվականին էր «ահազանգ» հնչեցնում։ Այն ժամանակ խաղային կայքերի շրջանառության ընդհանուր ծավալը կազմում էր 196 մլրդ դրամ։ Վարչապետ դառնալուց հետո Հայաստանում կազինոների շրջանառությունն աճել էր տասնյակ անգամներով։ Այսպես, 2023 թվականի սեպտեմբերին ֆինանսների փոխնախարար Արեգ Ավանեսյանը խորհրդարանում հայտնեց, որ Հայաստանում խաղադրույքների ոլորտի շրջանառությունը 2023 թվականի 6 ամիսների ընթացքում աճել է 0,4 %-ով։ Միևնույն ժամանակ նա «մեղքն ուրիշների վրա գցելու» փորձ արեց, ասելով, թե ոլորտը 2022 թվականին համաշխարհային միջինից մի քանի անգամ ավելի աճ է ցույց տվել՝ չնայած սահմանափակող միջոցներին։ «Եթե 2021 թվականին եղել է 3.9 տրլն դրամ խաղադրույք, ապա 2022-ին դարձել էր 5.8 տրլն դրամ», այս վիճակագրությունը ներկայացրեց փոխնախարարը։

Այսպիսով, կազինոներում դրվող գումարների շրջանառության վիթխարի աճի փաստն ակնհայտ ցույց է տալիս, որ պոպուլիստական գործողությունները (ենթադրենք՝ խաղային կայքի արգելափակումը կամ միայն սեփական բանկային քարտով կազինոյի համալրման պահանջը – հեղ․) կատարվում են՝ հասարակության աչքին թոզ փչելու համար։ Այնպես չէ, որ պետությունը սահմանափակող իրական տեխնիկական լծակներ չունի։ Ցանկության դեպքում կարելի է այնպիսի միջոցներ կիրառել, որ ոչ մի շրջանցող հնարավորություն արդյունք չի տա, սակայն եթե առայժմ նման արմատական մեթոդներ չեն կիրառվում, կարո՞ղ ենք եզրահանգել, որ պետք չեն, դրա համար էլ չեն կիրառվում։

Տիգրան Աթանեսյան