copy image url
Մշակույթ 3 շաբաթ առաջ - 16:40 07-04-2024

Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքի․ այսօր Մայրության օրն է

Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Մարիամ Աստվածածնի ավետման տոնը։ Այս օրը նաև Մայրության և գեղեցկությանն տոնն է։

Յուրաքանչյուր հանճարի հետևում մայրն է կանգնած, որ ոգևորել է իր զավակին, թևեր տվել․․․

Հայ գրականության մեծագույն մայրերգուն՝ Հովհաննես Շիրազը, իր մորը վեր է դասել ամեն ինչից, մայրը Շիրազի համար սրբություն է, ոգեղեն ուժ, երկրային կյանքի բարի հրեշտակ, նաև մարդկային ցավի խտացում:

Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին հոր՝ գյումրեցի Թադևոսի և մոր՝ կարսեցի Աստղիկի հետ կապված տպավորությունները։ Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և՛ տարածի համար։



Հովհաննեսը 5 տարեկան է եղել, երբ թուրքերը սպանել են հորը: Մայրը, աշխատանք չունենալով ու չկարողանալով կերակրել երեխաներին, սովից փրկելու համար ստիպված որբանոց է տարել։ 5-7 տարեկանը Շիրազն ապրել է Գյումրիում բացված ամերիկյան որբանոցում։

«Որբանոցից շատերն էին փախչում, -պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,-մեծ մասը դեպի շուկա, իսկ ես՝ դեպի Արփաչայի հովիտները՝ փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ...» ։

Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները։ «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր», - կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ, միշտ ձախողակ ու անհաջող։

Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»։ Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին։ Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին։ Այդ նրա մայրն էր՝ Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն։ Նա փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր։ Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս՝ «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»։



Շիրազի սիրտը ոչ մի վայրկյան չի պղտորվել չարությամբ։ Մոր հանդեպ սերը այնքան ուժգին է եղել, որ նա մի վայրկյան անգամ չի մեղադրել իր մորը՝ իրեն մանկատուն տանելու համար։ Ավելին, մոր հանդեպ պաշտամունքը բյուրեղացրել է «Հուշարձան մայրիկիս» ժողովածուով։

Շիրազն իր տունը չի վերանորոգել մոր մահից հետո։ Պատճառն այն էր, որ մայրը կույր էր և ամեն քայլի համար ամուր հենվում էր պատին։ Պատի վրա մնացել էր նրա մոր մրոտված ձեռքերի մատնահետքերը, և բանաստեղծը չի ցանկացել վերանորոգել տունը, որպեսզի մոր հուշերը մնան իր հետ։

Հանեմ գանձերը հայոց լեռների,
Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:
Շաղ տամ մարգարիտն` համայն ծովերի,
Ծաղիկների հետ, մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:
Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի,
Զույգ աչքերիս ետ ձգեմ ոտքի տակ`
Մորս ոտքի տակ, ախ, քիչ է էլի:
Եվ թեկուզ հանեմ իմ սիրտը բարի`
Գառի պես զոհեմ մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:
Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս`
Դարերի կյանքն էլ թե տաս մայրիկիս,
Աստված իմ, քիչ է, չէ, քիչ է էլի: