Երևան +14°
copy image url
Արտաքին Միտք 1 ամիս առաջ - 21:00 05-04-2024

Թուրքական բաստիոն. եթե պայքարը նպատակային է, անգամ Էրդողանն է զիջում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո, որով Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու նպատակով մեր երկրում մի քանի անգամ փողոցային շարժումներ ծավալվեցին, սակայն դրանք ձախողվեցին, և Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել առ այսօր։ Ավելին՝ պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո Փաշինյանին 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողվեց վերընտրվել և երկիրը ևս 5 տարի կառավարելու մանդատ ստանալ։

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման դեմ ծավալված փողոցային բոլոր շարժումները՝ «Հայրենիքի փրկության շարժում», «Դիմադրության շարժում» և այլն ձախողվում էին, դրանց կազմակերպիչները փորձում էին ամենատարբեր հիմնավորումները ներկայացնել՝ հանրության առաջ սեփական ձախողումն ու հատկապես խորհրդարան վերադարձն արդարացնելու համար, քանի որ պայքարի օրերին պնդում էին, որ ԱԺ վերադառնալու են բացառապես սեփական օրակարգով։ Ենթադրվում էր, որ այդ օրակարգը պետք է լինի սեփական վարչապետի թեկնածուի ընտրությունը, կամ առնվազն մասնակի իշխանափոխությունը, որը, սակայն այդպես էլ տեղի չունեցավ։

Չնայած ընդդիմադիր գործիչները փողոցային պայքարի տապալման համար մեղադրում էին հանրությանը, որ վերջինս երկրում ստեղծված անվտանգային ծանր իրողությունների պայմաններում հրաժարվում է միանալ իրենց պայքարին և հեռացնել Փաշինյանին, այնուամենայնիվ նույն ընդդիմության շրջանում առկա էին և առ այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք շահարկելով էլ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է մնալ իշխանության։ Իրականում առիթներ ունեցել ենք պնդելու, որ ներկայիս տիտղոսային ընդդիմության համար առաջնահերթությունը ոչ թե Փաշինյանի հեռացումն ու ազգային համաձայնության կառավարության ձևավորումն է, այլ վարչապետի պաշտոնում սեփական թեկնածուի ընտրությունը, ինչը նույն ընդդիմության շարքերում տարաձայնությունների պատճառ է դառնում, և պայքարն ուղղվում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ հենց իրար դեմ, ինչն էլ ձախողման հիմնական պատճառն է դառնում։

Օրերս գրել էիք, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողանում համակարպել մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում կրած պարտության հետ և սկսել է վրեժխնդիր լինել սեփական կուսակիցներին հաղթած ընդդիմադիր գործիչների հանդեպ։ Վրեժխնդրության առաջին արարը տեղի էր ունեցել Վանում, որտեղ միանշանակ հաղթանակ էր տարել քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանը, սակայն Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը ծիծաղելի պատճառաբանությամբ հաղթող էր ճանաչել Զեյդանից ավելի քան 2 անգամ պակաս ձայներ ստացած Էրդողանի կուսակցին։

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի այս որոշումը Վանում զանգվածային դժգոհությունների պատճառ դարձավ, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով չեղյալ համարել վերոհիշյալ որոշումը և քաղաքապետի պաշտոնում հաստատվել բնակչության ավելի քան 55%-ի ձայները ստացած Աբդուլլահ Զեյդանին։ Ավելի ուշ բողոքի ակցիաները վերածվեցին անկարգությունների, որն իշխանությունների համար առիթ դարձավ քաղաքում 2 շաբաթով բողոքի ակցիաները արգելու և հսկողությունն ուժեղացնելու համար։

Չնայած այս ամենին՝ նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները հետքայլ են կատարել, և երկրի Բարձրագույն ընտրական խորհուրդը Վանի քաղաքապետի պաշտոնում հաստատել է Աբդուլլահ Զեյդանի ընտրությունը։ Որոշման հրապարակումից հետո հազարավոր մարդիկ փողոցներ դուրս եկան՝ տոնելով կենտրոնական իշխանությունների դեմ իրենց հաղթանակը, որը չէր լինի, եթե վերջիններս համակարպվեին հիշյալ որոշման հետ։

Այպիսով՝ կարող ենք փաստել, որ եթե ընդդիմության պայքարը լինում է համակարգված և նպատակային, այն ուղղվում է ոչ թե միմյանց, այլ կենտրոնական իշխանությունների դեմ, ապա անգամ Թուրքիայում, որը շատ հեռու է ժողովրդավարության բաստիոնի կոչմանը հավակնելուց, իշխանությունները ստիպված են լինում հաշվի նստել ժողովրդի պահանջների հետ։ Նկատենք, որ խոսքը վերաբերում է ընդդիմության նկատմամբ կոշտ վարվելակերպով աչքի ընկնող Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, ով տվյալ դեպքում հետքայլ կատարեց և ստիպված եղավ ճանաչել Վանի բնակչության ընտրությունը, որտեղ մեծամասնությունը կազմում են քրդերը։

Չենք բացառում, որ առաջիկայում Թուրքիայում ընդդիմադիր համայնքապետների, հատկապես քրդերի նկատմամբ ճնշումներ կահագնանան, վերջիններիս կենտրոնական իշխանությունները տարբեր պատրվակներով կփորձեն պաշտոնանկ անել, սակայն եթե Վանի օրինակով բնակչությունը չենթարկվի իրեն պարտադրված որոշմանը, անգամ Էրդողանը ստիպված կլնի ետ քայլ կատարել։

Կարծում ենք, որ Հայաստանի ընդդդիմությունը պետք է լավագույնս ուսումնասիրի և հետևությունների կատարի Վանում տեղի ունեցած այս զարգացումներից, որպեսզի հաջորդ անգամ, երբ կրկին փողոցային պայքար կսկսի, չձխողվի, իսկ ձախողման դեպքում՝ ողջ պատասխանտվությունը ժողովրդի վրա չբարդի։ Իհարկե՛, միշտ կարելի է ժողովրդին մեղադրել, դա Հայաստանի բոլոր ժամանակների ընդդիմությունների բարդույթն է, սակայն դրանից գործող իշխնությունների դիրքերն առնվազն չեն թուլանում, բայց ընդդիմության վարկանիշը հաստատապես տուժում է, եթե չասենք՝ գահավիժում է դեպի խորը անդունդն՝ անհատակ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված