«Իմ հրաժարականն ինչո՞ւ են պահանջում, լավ աշխատելու համա՞ր»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն, անդրադառնալով այսօր մամուլում շրջանառվող լուրին, թե Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն օրերս պաշտոնապես դիմում են ներկայացրել քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով իր պաշտոնանկությունը։
«Ընդդիմադիր՝ «Ազգային առաջընթացի» խնդիրն այն է, որ խանգարեն Երևանում իրականացվող բոլոր լավ աշխատանքներին: Նրանց համար կարևորը քաղաքական պայքարն է, որ հետո ասեն՝ ո՛չ մի աշխատանք չի արվում: Որտեղ տեսնում են աշխատանք է արվում՝ սկսում են բողոքել աշխատանք անողից։ Այդ մարդիկ Երևանը չեն սիրում: Միայն իրենց քաղաքական պայքարն են սիրում»,- նշեց ՀՈԱԿ-ի տնօրենը։
Անդրադառնալով օրեր առաջ Թումանյան փողոցում «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների և «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամների ու աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպին, Արմեն Բեգոյանն ասաց, որ ինքը փորձել է հանդարտեցնել միջադեպը, և չի հայհոյել ոչ մեկին, ինչպես գրված է մամուլում։
«Ինչպես միշտ՝ կեղծ տեղեկություն է։ Իմ լեքսիկոնում ընդհանրապես հայհոյանք չկա։ Քաշքշուկ է տեղի ունեցել, որը կանխել եմ ես: Եվ ավագանու անդամներից Հայկին հետ եմ պահել մինչև լարվածությունն անցնի: Այնպես որ՝ եթե նրանք այդպիսի բան են ասում, ուրեմն ամո՛թ իրենց»,- եզրափակեց Բեգոյանը։