Երևան +10°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:09 02-04-2024

Զինվորի տանն անցկացվել է բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանին նվիրված միջոցառում

Կարճամետրաժ ֆիլմի դիտմամբ է Զինվորի տանը մեկնարկե բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանին նվիրված միջոցառումը, որը համախմբել է նրա համախոհներին, մարտական ընկերներին, համալսարանականների, ընտանիքի անդամներին:

Ինչպես տեղեկացրին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ասել է. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեծ մարդու, բժշկի, հայրենասերի, ով իր ամբողջ գործունեությամբ կարողացավ ևս մեկ անգամ ապացուցել, որ յուրաքանչյուր բժիշկ մարդ է, որը ռազմի դաշտում հայրենասեր զինվոր էր, իսկ թիկունքում` գթասեր բժիշկ: Այդ ոգով մենք փորձում ենք կերտել մեր ռազմական բժիշկներին, բժշկական անձնակազմը, անկախ նրանց մասնագիտական ձևավորումից, հավատարիմ մնալով այդ սկզբունքներին` Զինվորի տանը հնչող յուրաքանչյուր խոսք ունի բացառիկ հուսալի քաշ»:

Ըստ աղբյուրի՝ Նորայր Շահբազյանը Արցախյան 3 պատերազմների մասնակից էր, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, պահեստազորի սպա՝ կապիտանի կոչումով։

«2020 թվականին համավարակը խլեց բժիշկ Նորայր Շահբազյանի կյանքը: «Դոկտոր». այսպես էին նրան դիմում ռազմի դաշտում: Շահբազյանը դեռ 90-ականներին կամավոր էր մեկնել պատերազմ:

«Լինելով բժշկական համալսարանի շրջանավարտ` երեք պատերազմների մասնակից դարձավ, կամավորական շարժման մասնակից լինելով՝ որպես բժիշկ փրկեց բազմաթիվ կյանքեր և անմասն չմնաց հայրենիքի պաշտպանության գործում: Նման օրինակները, այստեղ հնչող անունները յուրաքանչյուր երիտասարդի համար, անկախ նրանց մասնագիտական կողմնորոշումից, տարիքից պետք է դառնան հստակ ուղենիշներ»,- ընդգծեց ռեկտորը` հավելելով, որ, որպես հերացիական, Նորայր Շահբազյանը հավատարիմ մնաց գթասիրտ բժշկի կերպարին և երբեք չմոռացավ, որ բժիշկը կյանքերի ու առողջության պաշտպան է, ամեն ոք բաժին հասած պահին պետք է արժանի լինի այն տղաներին, ում անունով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում անվանակոչվել են սենյակներ, ինչպես նաև համապատասխանի այդ կերպարներին, համամարդկային արժեքներին:

Բժշկական բուհի, ներկաների հավաստմամբ` դոկտոր Շահբազյանը անուն էր, որը հպարտություն բերեց հայ ժողովրդին և համալսարանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մարդը կա այնքան ժամանակ, որքան նրան հիշում են»,- այս համոզմունքը վերահաստատելով` իր խոսքը ներկաներին հղել է Ուսումնական աշխատանքների գժով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը: «Պատիվ եմ ունեցել ծանոթանալու դոկտորին Արցախյան առաջին պատերազմի տարիներին, կնոջ` Օֆելյայի միջոցով: Այսօրվա նման հիշում եմ բոլոր հանդիպումները մարտական ընկերների հետ, որտեղ քննարկվում էին հայրենիքի պաշտպանության բազմաթիվ հարցեր, և այդ քննարկումների կենտրոնում հենց դոկտորն էր, որտեղ ցուցաբերում էր ոչ թե բժշկի արժանի հատկությունները, այլև, ի զարմանս ինձ, մեծ գիտակ էր մարտական գործողությունների, փայլուն, խորքային գիտեր հայ ժողովրդի պատմությունը: Ունենալով կուռ տրամաբանություն և վերլուծական բացառիկ ունակություններ` միշտ մասնակից էր լինում այն որոշումների կայացմանը, որոնք անպայման հետո պետք է հաջողեին: Նրան դոկտոր կոչելը ոչ թե պայմանավորված է նրա բժիշկ լինելով, այլ նրանով, որ ամենահաս էր, հասնում էր բոլորին, երեխաներին, բարեկամներին, հարազատներին, ընկերներին հնարավոր և անհնար իրավիճակներում»,- շեշտել է Լարիսա Ավետիսյանը` կյանքից հեռացած գործընկերոջը բնորոշելով որպես լավ ընկեր ու բարեկամ:

«Այս որակներով էր պայմանավորված, որ երբ լսեցինք երեք պատերազմներ անցած մարդու մահվան բոթը, բոլորիս մոտ մի քանի անպատասխան հարցեր էին` ինչու, ինչպես կարող էր նման բան պատահել, և, իհարկե, հազար ափսոսանքի խոսքեր»,- ավելացրել է նա` հավաստելով, որ Նորայր Շահբազյանին հաճախ են հիշում և հիշելու:

Նշվում է, որ Ռազմաբժշկական կրթական կենտրոնի ղեկավար, Ռազմադաշտային թերապիայի ամբիոն պրոֆեսոր Սամվել Գալստյանը ևս հիշում ու գնահատում է բժիշկ Շահբազյանի դերը ռազմաբժշկության պատմութան մեջ, նրան իսկական նվիրյալի օրինակ համարելով: «Բժիշկ Նորայրի հետ առաջին անգամ հանդիպել եմ 2012 թվականի աշնանը, հետո այդ հանդիպումները դարձան հաճախակի: Գաղափարը, որ պետք է ունենալ մի միջավայր, որտեղ պետք է ցուցադրվեն ռազմի դաշտում բժիշկների կատարած սխրանքները, հետագայում ամբողջականացվեց: Ցանկացած որոշում առանց գործողությունների անիմաստ է դառնում. ես տեսա, թե ինչպես բժիշկ Նորիկն ամեն ինչ անում էր՝ ստեղծելու համար ներկայիս գործող թանգարանը: Ավելի ուշ, երբ ռեկտորի կողմից խնդիր դրվեց ստեղծել բոլոր պատերազմներին նվիրված ռազմաբժշկությանն առնչվող թանգարան, նրա այդ գաղափարը իրականություն դարձավ: Նորայր Շահբազյանն այն անձն է, որն իր մեջ ամբողջականացնելով բժշկի և զինվորականի կերպարը, կարողացավ ներշնչել, տարածել, ուղղորդել այդ գաղափարը մարդկանց, ռազմական բժիշկների շրջանում: Դոկտոր Նորիկի մասին կարելի է խոսել անվերջ, նա մինչև կյանքի վերջ պայքարեց, որ ունենանք մեր Հայաստանը: Հայ ժողովուրդը ինչպես միշտ մաքառման ճանապարհին շատ բաներ կորցրել է, շատ բաներ էլ գտել: Բազմաթիվ երկրներ կան, որ ուժեղ են ֆիզիկապես, բայց հոգեպես շատ թույլ են: Մենք ունենք այն, ինչ նրանք չունեն, մենք ունենք բժիշկ Նորայր, ունենք և ունենալու ենք»:

ԵՊԲՀ տեղեկացմամբ՝ Նորայր Շահբազյանի մարտական ընկեր, Հանրապետական հիվանդանոցի առաջատար վիրաբույժ, բժիշկ-ազատամարտիկ Արմինա Նալբանդյանը, խոսելով ռազմաբժշկի մասին, փաստել է, որ նրան ճանաչում է 1991 թվականից. «Վաթսուն տարին քիչ է մարդու համար, բայց յուրաքանչյուր մարդ այդ 60 տարին փնտրում է՝ ինչպես պետք է ապրի: Մենք նրա 60-ամյակը նշում ենք հետմահու, բայց նա մեզ հետ է: Ցավալի է, բայց իրողություն: Պետք է այդ մարդկանց մասին հիշողությունը վառ պահվի, ոչ թե տրվի մոռացության, բոլորին շնորհակալ եմ, որ այդ հիշողությունը պահում են: Ես չեմ կարծում, որ մեր ընկերները զոհվել են, պայքարել են, կռվել են անիմաստ, ո՛չ, ամեն ինչ ունեցել է իմաստ: Հուսով եմ, որ ոչ միայն մեր, այլև ապագա սերունդների հիշողություններում այս կյանքերը որպես ճրագ մշտապես լույս կտան»:

Միջոցառման հանդիսավոր մասը եզրափակելով՝ Արմեն Մուրադյանը նշել է, որ մեծանուն հայերին նվիրված հիշատակի միջոցառումները շարունակական են լինելու` երբեք չմոռանալով այդ վառ անհատներին:

Նշվում է նաև, որ 2022 թվականին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բացվել է բժիշկ–ազատամարտիկ Նորայր Շահբազյանի անվան լաբորատորիա։

Բժիշկ Նորայրն ու նրա տիկին Օֆելյա Գրիգորյանը, ով ԵՊԲՀ ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնում հրավիրված մասնագետ է, ծանոթացել են մարտի դաշտում, որտեղ վերջինս եղել է և՛ լրագրող, և՛ գթության քույր։ Ամուսնացել են Արցախյան ազատամարտից հետո, ունեն երկու դուստր:

«Տիկին Օֆելյան այսօր մեծ սիրով ու նվիրումով բժշկական բուհի թանգարանի ռազմական սրահում, որը հագեցվել է Ռազմաբժշկական ֆակուլտետի ջանքերով, և որտեղ ներկայացված ցուցանմուշները վերաբերում են ինչպես Հայրենական Մեծ, Արցախյան առաջին, այնպես էլ քառօրյա, 44-օրյա պատերազմներին, վարում է դպրոցականների, ուսանողների, ռազմական բժշկության պատմությամբ հետաքրքրվողների համար նախատեսված ռազմահայրենասիրական շեշտադրմամբ այցերը` արթուն պահելով ինչպես ամուսնու, այնպես էլ հանուն հայրենիքի անմահացածների հիշատակը»,- հայտնում են ԵՊԲՀ-ից:

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի