Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:42 02-04-2024

Գյումրիում կհիմնվի ստեղծարար Ֆաբ Լաբ. ստորագրվել է քառակողմ հուշագիր

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) ապրիլի 2-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (Հայաստան) միջև:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը և «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբկեն Չուգասզյանը:

Հուշագրի նպատակն է կայուն և արդյունավետ համագործակցությունը, ժամանակակից արվեստի ոլորտում հետագա համատեղ գործունեության ընդլայնումը, ինչպես նաև «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում ստեղծարար Ֆաբ Լաբի (արտադրական լաբորատորիա) հիմնումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի տեղեկացմամբ՝ վերջին օրերին ստորագրված սա արդեն 3-րդ հուշագիրն է, ինչն ապացուցում է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը կարևորում է պետություն-մասնավոր համագործակցությունը:

«Պետական հստակ քաղաքականությամբ մասնավորի հետ համագործակցությունն առաջընթացի ճանապարհ է: Առավել ուրախալի է երիտասարդական, նորարար, աշխարհի հետ համահունչ քայլող կառույցների հետ համագործակցությունը, ինչպիսին այսօրվա հուշագրի դեպքում է: Այն բարելավելու և նոր հնարավորություններ է տալու մեր ստեղծագործ երիտասարդներին, քանի որ հենց նրանք են մեր ժամանակների այն ամենատես աչքը, որն ունակ է տեսնելու, զգալու, ցույց տալու ու նաև սովորեցնելու մերօրյա արվեստը: Մենք էլ՝ որպես պետություն, մշտապես պատրաստ ենք աջակցել և խրախուսել առաջընթացին միտված նորանոր գաղափարները»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Նշվում է, որ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տարածքում հիմնադրվող ստեղծարար Ֆաբ Լաբի (արտադրական լաբորատորիա) նպատակն է տեխնոլոգիաների և թվային արտադրանքի միջոցով ապահովել կրթվելու, նորարարության և հայտնագործությունների համար անհրաժեշտ գործիքների, գիտելիքի և ֆինանսական միջոցների հասանելիությունը: Այն կհանդիսանա արտադրական տարածք, որի միջոցով հասանելի կդառնան թվային արտադրանքի ժամանակակից գործիքները, դասավանդման նորարարական մեթոդաբանությունը և մուտքը դեպի համաշխարհային Ֆաբ Լաբի ցանց և ուսումնական համայնք:

Ըստ աղբյուրի՝ միջոցառման շրջանակում ներկաները ծանոթացել են նաև «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում իրականացվող «Տվյալներից անդին» ցուցահանդեսին: Այն ուղղված է Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան