Երևան +15°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 ամիս առաջ - 22:30 01-04-2024

Խնդիրը ապրիլի 5-ի հանդիպումը տապալելը չէ. Ադրբեջանն ուզում է, որ իր դիրքորոշումները հաշվի առնվեն

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը ցանկանում է հարձակվել Հայաստանի վրա՝ փորձելով խափանել ապրիլի 5-ին կայանալիք հանդիումը։ «Զատկի օրերին Ալիևի ռեժիմը, և նրա դաշնակիցներն ուզում են հարձակվել Հայաստանի վրա՝ խափանելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական տնտեսական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը, որն ուղղված է լինելու Հայաստանի զարգացմանն ու կայունությանը»,- գրել էր Բալայանը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը համոզմունք հայտնեց, որ եթե ապրիլի 5-ի հանդիպման կազմակերպիչները հանձնառու են եղել այդպիսի հանդիպում կազմակերպել, ապա պետք է նաև հոգ տանեին այն հանգամանքի համար, որ Ադրբեջանը չխանգարի հանդիպման անցկացմանը, եթե անգամ այդ երկիրը նման մտադրություն ունի։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի խնդիրը ոչ թե այդ հանդիպմանը խանգարելն է, այլ դրանում իր հեռակա ներկայությունն ապահովելը, որպեսզի իր դիքորոշումներն ու մոտեցումները նույնպես հաշվի առնվեն։

«Այդ իսկ պատճառով Ադրբեջանը նման քայլերի է դիմում, որոնք իրենց մեջ շանտաժի բնույթ են պարունակում. խոսքս վերջին հայտարարությունների մասին է։ Կարծում եմ, որ դա որոշակիորեն կարող է բավարարել նաև ապրիլի 5-ի հանդիպման կազմակերպիչների, մասնավորապես ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մոտեցումներն ու պատկերացումները՝ այն իմաստով, որ իրենք գործնականում մտադրություն չունեն խախտել Հայատանի և Ադրբեջանի միջև հավասարության նշանի քաղաքականությունը, տարբերակված մոտեցում ցուցաբերել երկրներին, իմ գնահատմամբ, Ադրբեջանի այս քայլերն իրենց ձեռքին որոշակի փաստարկ են՝ առանձնապես մեծ արդյունքների ակնկալիքներից խուսանավելու համար»,- կարծում է նա։

Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ հանդիպման կազմակերպիչները դա կմեկնաբանեն այն հանգամանքով, որ չեն ցանկանում ապրիլի 5-ի հանդիպումն իրավիճակը լարող տրամաբանություն, կամ բովանդակություն ունենա. «Ուստի ես կարծում եմ, որ Ադրբեջանի գործողությունները թելադրված են այս իրավիճակով, այլ ոչ թե ապրիլի 5-ի հանդիպումը տապալելու մղումով»։

Հարցին, թե Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ այս հանդիպումից՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ հանդիպումից ակնկալիքները կարող են լինել առավելապես տնտեսական։ Նա հիշեցրեց, որ հենց ԱՄՆ-ն ու ԵՄ-ն էլ հայտարարել են, որ այս հանդիպման օրակարգը լինելու է տնտեսական ու մարդասիրական օգնության տրամադրումը։

«Մարդասիրական՝ այսինքն Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու հարցերում։ Այս մասով չգիտեմ՝ ի՞նչ ծավալի ակնկալիքներ կունենա հայկական կողմը, ու դրանք որքանո՞վ կբավարարվեն։ Կարծում եմ, որ քննարկվելիք հարցերի շրջանակը հենց սա է լինելու»,- ասաց նա։

Հակոբ Բադալյանը շեշտում է՝ անուղղակի իմաստով շատ հասկանալի է, թե որն է ԱՄՆ-ի և ԵՄ-ի քաղաքական մոտիվը. Ռուսաստանի Դաշնության նկատմամբ իրենց դիմակայությունը և այդ դիմակայության համատեքստում քաղաքական, հոգեբանական ևս մեկ առավելության հասնելը։ Ըստ նրա՝ անկասկած է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի մոտեցումներում հենց սա է լինելու գերակա։

«Դրա համար եմ նաև նշում, որ իրենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշանը մտադիր չեն խախտել, որովհետև եթե ՀՀ-ի հետ հարաբերությունները բովանդակային առումով առանձնահատուկ խորացման են տանում, ապա դա ենթադրելու է նաև, որ պետք է դրան զուգահեռ պետք է նույքանով տարբերակվի Ադրբեջանի նկատմամբ իրենց վերաբերմունքը, իսկ իրենք այդպիսի նպատակ, կամ մոտիվ չունեն, որովհետև Ադրբեջանը դիտարկում են կարևոր գործընկեր»,- նկատում է նա։

Քաղաքական մեկնաբանը հավելում է, որ հանդիպումից կարելի է տնտեսական արդյունքներ ակնկալել, սակայն այստեղ էլ հարց է՝ Երևանի ակնկալիքներն ու հնարավոր արդյունքը կհամապատասխանե՞ն իրար, թե՞ ոչ։ Նա ասաց, որ հանդիպման համատեքստում գլխավոր հարցը հենց սա է։

Դավիթ Գույումջյան