ՔՊ-ական իշխանությունն է մեղավոր, որ օտարերկրյա պաշտոնյաները ՀՀ անկախության և ժողովրդավարության նկատմամբ կասկածներ կամ նկրտումներ են բարձրաձայնում։ Իշխանությունը ՀՀ քաղաքացիների կողմից լիազորված է պաշտպանել անկախությունը, ժողովրդավարությունը, քաղաքացիների իրավունքները, տարածքային ամբողջականությունը և այլն։ Եվ եթե օտար մեկին թվում է, թե կարող է վարք թելադրել ՀՀ իշխանությանը կամ դիտողություն անել, ապա դրա միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ավելի ճիշտ՝ նրա վարած սխալ, անհեռատես, անսկզբունքային քաղաքականությունը։
Մարտի 30-ին ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Ինչու՞ է այս մակարդակով քննարկվում հարցը։
Ներքին հանդում ռուս սահմանապահների հակահայկական քայլերի մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Սյունիքի մարզում ռուս զինվորների և ադրբեջանական բանակի համատեղ գործողության և ՀՀ տարածքի զվթման մասին լրագրողներին հայտնել է պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Հետևաբար՝ գրեթե բոլորն են հասկանում, որ ռուսներին դուրս հրավիրելով, հնարավոր է կանխել ադրբեջանական հերթական, հավանական ագրեսիան։
Կոպիրկինի հրացազրույցի իմաստը, սակայն, ռուս սահմանապահները չէին, այլ ԱԺ նախագահին ստախոսության մեջ մեղադրելը, ինչին հայկական ԶԼՄ-ները պակաս են անդրադարձել։
Նկատենք, որ օրեր առաջ եթերում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին հայհոյած հասարակական գործիչներ կալանավորվեցին։ Այս դեպքում օտարերկրյա դեսպանը ՀՀ ԱԺ նախագահին բացահայտ ստախոս է անվանում, բայց արձագանք չկա։ Այս անհասկանալի իրավիճակում քննարկվում է 3 վարկած։ Կա՛մ ՀՀ պաշտոյաները ստախոս են և չեն վիրավորվում, երբ նրանց համարում են ստախոս, կա՛մ ՀՀ պաշտոնյաները այնքան փոքրոգի են, որ չեն համարձակվում հակադարձել օտարերկրյա դեսպանին, կա՛մ ՀՀ ԱԺ նախագահը ռուսական գործակալ է և նրա մեղադրանքները ՌԴ-ի հասցեին արտոնված են Մոսկվայի կողմից։
Ամենաքննարկվող վարկածն առաջինն է։ Որոշ հանրային գործիչներ նույնպես ստախոս են համարում ՔՊ-ական բարձր պաշտոնյաներին, մատնացույց անելով, նրանց չիրականացրած կամ թերկատարած խոստումները, իրարամերժ հայտարարությունները, կիրառած երկակի ստադարտները և այլն։ Սակայն այլ բան է է, երբ ստախոսության մեջ մեղադրում է օտար երկիրը։ Այս դեպքում հարվածի տակ է ոչ թե առանձին գործչի, այլ պետության հեղինակությունը։ Այդ «ստախոս» իշխանության հետ չեն համագործակցի։ Դրանից կտուժի ժողովուրդը։ Հետևապես՝ եթե ՀՀ ԱԺ նախագահը ստախոս չէ, ապա Կոպիրկինը պիտի հայտարարվի անցանկալի անձ, և նրան 96 ժամ պիտի տրվի ՀՀ-ն լքելու համար։
Նախընթաց պարտություններն ու նահանջները բավարար հիմք են ենթադրելու, որ ՔՊ-ական իշխանությունը փոքրոգի է։ Դիվերսիֆիկացիան անվստահ տեմպերով անելը, անկախության և ժողովրդավարության ամրացմանն ուղղված բարեփոխումների ձգձգումը, տևական ժամանակ Մոսկվայի ակնհայտ հակահայկական քայլերին համարժեք չարձագանքելը հավելյալ հիմք են ենթադրելու, որ ՔՊ-ական իշխանությունը փոքրոգի է։ Բայց եթե հակառակն է՝ Նիկոլ Փաշինյանը խիզախ է, ինչպես նշում են արևմտյան գործընկերները, ապա ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու խնդիրը կարող է հայտնվել ԱԺ օրակարգում։
Երրորդ վարկածը նույնպես հնարավոր է։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն 2018-ին իշխանության է եկել ՌԴ միջնորդությամբ և աջակցությամբ, ապա ենթադրելի է, որ նրա թիմում կարող են ներդրված լինեն ռուսական գործակալներ։ Եվ քանի դեռ լյուստրացիա չի եղել, ոչ ոք չի կարող վստահաբար ասել, որ ՀՀ իշխանության օղակներում չկան ռուսական գործակալներ։ Հետևաբար՝ եթե ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը ռուսական գործակալ չի, ապա ի պատասխան Կոպիրկինի, կարող են լյուստրացիայի մասին օրենքը բերել ԱԺ օրակարգ և ՀՀ իշխանության բոլոր օղակներից ցմահ հեռացնել ռուսական գործակալներին։
Պարզ ասած՝ ՌԴ դեսպանը միտումնավոր է սկանդալային հայտարարություն արել, որպեսզի հեղինակազրկի ՀՀ ղեկավարներին։ Հարկ է նաև հասկանալ, որ եթե ՀՀ-ն այս հարվածն անպատասխան թողնի, ապա կարող է ծագել անվտանգային սպառնալիք։ ՌԴ-ն և Ադրբեջանը կարող են աշխարհին փաստարկել, թե ՀՀ իշխանությունը ստախոս է և ռուսական գործակալ, ՀՀ-ից վանել արևմտյան գործընկերներին և ագրեսիա սանձազերծել ՀՀ-ի դեմ, ինչպես նախընթաց տարիներին արել են մի քանի անգամ։
Թաթուլ Մկրտչյան