copy image url
Արտաքին Ներքին Միտք 4 շաբաթ առաջ - 18:30 29-03-2024

Պասերով. Արցախի վտարանդի կառավարությունը միայն Փաշինյանին և Ալիևին է խանգարում 

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախորդ տարի սեպտեմբերին, երբ Արցախի Հանրապետության՝ 44-օրյա պատերազմի հետո հայկական վերահսկողության տակ մնացած ողջ տարածքն օկուպացվեց, իսկ տեղի ավելի քան 100 հազար բնակչությունը ստիպված եղավ տեղափոխվել ՀՀ, պարբերաբար քննարկվում է՝ Հայաստանում Արցախի վտարանդի կառավարությունը պե՞տք է գործի, թե՞ ոչ։ Այս հարցում քաղաքական և փորձագիտական դաշտը երկփեղկված է. իշխանամետ հատվածը պնդում է, որ դա անթույլտրելի է, քանի որ կարող է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը լեգիտիմացնել, մինչդեռ ընդդիմությունը կարծում է, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը անհրաժեշտություն է, և այն կարող է նպաստել Արցախ հնարավոր վերադարձին։

Իշխանամետ շրջանակների կողմից հիմնականում քարոզչական դաշտ է նետվում այն թեզը, որ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամյանը ստորագրել է հանրապետության լուծարման հրամանագիրը, իսկ վերջինիս գլխավորած կառավարության գործունեությունը լուրջ սպառնալիքներ կարող է ստեղծել ՀՀ-ի համար։ Չնայած Շահրամանյանը, ինչպես նաև անկախ փորձագետները բազմիցս հայտարարել են, որ հրամանագիրը ստորագրվել է ուժի սպառնալիքի ներքո, և այն իրավական ուժ ունենալ չի կարող, ավելին՝ Արցախի նախագահը Սահմանադրությամբ հանրապետությունը լուծարելու իրավասություն չունի, այնուամենայնիվ սա հիշյալ շրջանակի ներկայացուցիչներին կարծես չի հետաքրքրում։

Նախօրեին կառավարության նիստի ընթացքում Արցախի վտարանդի կառավարության գործունեության մասին խոսեց նաև Հայաստանի կառավարության ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է տվյալ դահլիճում։ Ավելին՝ վերջինս հերթական անգամ սպառնաց բնակչությանը, որ Արցախի վտարանդի կառավարության գործունեությունը կարող է սպառնալիքներ ստեղծել Հայաստանի անվտանգության համար՝ փաստացի երկրորդելով սեփական թիմակիցների և իրեն աջակցող շրջանակների պնդումները, ինչից կարծես խուսափում էր։

Իրականում Նիկոլ Փաշինյանին նյարդայնացրել էր Le Figaro պարբերականին Սամվել Շահրամանյանի տված հարցազրույցը, որտեղ նա ի պատասխան լրագրողի հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, ասել էր՝ շենքում, որտեղ հյուրընկալել է լրագրողին, գործում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: «Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»,- հայտարարել էր Արցախի վերջին նախագահը։

Բազմիցս առիթներ ունեցել ենք պնդելու, որ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո որդեգրել է Ադրբեջանի բոլոր պահանջներն անվերապահորեն կատարելու քաղաքականություն՝ հույս ունելով, որ դա կարող է խաղաղության հանգեցնել։ Չնայած պաշտոնական Բաքուն, գոնե հայտարարությունների մակարդակով գնահատում է այս քաղաքականությունը՝ երբեմն պնդելով, թե տարածաշրջանում խաղաղության հաստատումը մոտ է, սակայն իրականում այդ քաղաքականությունը ոչ միայն չի փակում թշնամու ախորժակը, այլև հանգեցնում է նոր պահանջների առաջքաշմանը, ինչպես դա, օրինակ, տեղի ունեցավ Տավուշի 4 գյուղերի պարագայում։

Նիկոլ Փաշինյանը, ով 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ուժգին բղավում էր, թե Արցախը Հայաստան է և վերջ, այժմ հրաժարվում է ճանաչել Արցախի իշխանություններին, ինչպես նաև սպառնում է, թե նրանց գործունեությունը կարող է վտանգել Հայաստանի անվտանգությունը։ Արցախը հայտարարություններով ՀՀ մաս համարող, բայց այն Ադրբեջանի մաս ճանաչող Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններով փորձում է մի կողմից վերջնական գերեզմանաքար դնել երկրորդ հայկական պետության վրա, որպեսզի հետագայում այն վերականգնելու անգամ տեսական հնարավորություն չլինի, իսկ մյուս կողմից հաճոյանալ իր կիրթ ու կառուցողական գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի գովասանքին, որը շատ չուշացավ. նրա օգնական Հիքմեն Հաջևին այսօր հայտարարեց, որ կողմերն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը։

Հատկանշական է, որ Արցախի կառավարության գործունեությունը Նիկոլ Փաշինյանից բացի անհանգստացնում է միայն Իլհամ Ալիևին։ Վերջինս Արցախի Հանրապետության ողջ գոյության, այդ թվում Արցախի շրջափակման 9 ամիսների ընթացքում մշտապես ԱՀ իշխանություններին որակում էր որպես անջատողականներ, ովքեր, իր պնդմամբ, գործել են Ադրբեջանի Սահմանադրության դեմ և պետք է դրա համար պատասխանատվության ենթարկվեն։ Հենց նման շինծու քրեական գործեր են հարուցվել սեպտեմբերի վերջից ադրբեջանական բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ հերթական անգամ ականատեսն ենք լինում Հայաստանի և Ադբրեջանի իշխանությունների փոխլրացնող գործունեությանը, որը հարվածում է հայկական պետականության հիմքերին։

Ստեղծված իրավիճակում շատերը չեն բացառում, որ Արցախի հարցում իր հռետորաբանության ու մոտեցումների նշաձողն անվերջ իջեցնող Փաշինյանը օրերից մի օր էլ Արցախի իշխանություններին կհամարի անջատողականներ, ովքեր միտումնավոր կերպով «օկուպացրել են Արցախը և խոչընդոտել հայ-ադրբեջանական բարեկամությանը»։ Առավել վատատեսները հակված են կարծել, որ օրերից մի օր Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի պահանջով կձերբակալի և Բաքվին կարտահանձնի իր պահանջած անձանց, որոնց թիվը հասնում է մի քանի հարյուրի՝ միևնույն ժամանակ պնդելով, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը Փաշինյանի իշխանության օր առաջ հեռացումն է։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի
00:00 Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան
12:05 Տղավարի պահեք ձեզի. լարված իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին