Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում զինված ահաբեկչություն իրականացվեց, որի հետևանքով առնվազն 180 մարդ, այդ թվում բազմաթիվ երեխաներ զոհվեցին։ Միջադեպն արժանացավ միջազգային հանրության կոշտ քննադատությանը. անգամ ուկրաինական հակամարտության հետևանքով Ռուսաստանի Դաշնության հետ լարված հարաբերություններ ունեցող արևմտյան երկրների առաջնորդները խստորեն քննադատեցին այն՝ նշելով, որ ահաբեկչության ցանկացած դրսևորում անընդունելի է։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցել, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է ահաբեկչության գիծը տանել Ուկրաինա, մինչդեռ պաշտոնական Կիևն ամենբարձր մակարդակով հերքել է իր մասնակցությունը միջադեպին։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։
Թուրք վերլուծաբան և լրագրող Մեհմեդ Քանջըն թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության կայքում ծավալուն վերլուծություն է հրապարակել, որում անդրադարձել է մոսկովյան ահաբեկչության դրդապատճառներին և հնարավոր շարժառիթներին։ Քանջըի համոզմամբ՝ սխալ կլինի, եթե Մոսկվայում տեղի ունեցած հարձակումը պայմանավորվի բացառապես ուկրաինական ռազմաճակատում տեղի ունեցող զարգացումներով։ Ըստ նրա՝ հարձակման ամսաթիվը, վայրը և մեթոդը վկայում են այն մասին, որ այն ՌԴ-ի համար նախազգուշացումներ ու պատիժներ է պարունակում, ինչպես նաև նպատակ ունի հրահրել Կրեմլի վարչակազմին:
Անդրադառնալով հարձակման պատճառներին՝ հոդվածի հեղինակը նկատում է, որ դրանց շարքում անշուշտ տեղ ունեն այն հանգամանքները, որ վերջին շրջանում ռուսական բանակը ուկրաինական ճակատում նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել և ակտիվ հարձակման է անցել, ինչպես նաև Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում ռուսական և սիրիական բանակներն ակտիվորեն փոխգործակցում են։ Նա նաև կարծում է, որ հիմքում ընկած հնարավոր պատճառներ կարող են լինել նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ նախագահ վերընտրվելը։
Թուրք վերլուծաբանը նկատում է, որ ահաբեկչության պատճառների թվում կարելի է դիտարկել նաև հարձակման օրը Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի կողմից ներկայացված բանաձևի վրա ՌԴ-ի դրած վետոն, ինչպես նաև այն, որ Մոսկվան պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը ճանաչում է որպես Պաղեստինի ժողովրդի օրինական ներկայացուցիչ։
Փորձագետը դիտարել է նաև այն սցենարը, թե ինչ կլիներ, եթե Ռուսաստանն ի պատասխան այս հարձակման թիրախավորեր Սիրիայի Իդլիբի շրջանը, այն բանից հետո, երբ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը ստանձնեց հարձակման պատասխանատվությունը (Իդլիբը Սիրիայի վերջին շրջանն է, որը գտնվում է հիշյալ կազմակերպության վերահսկողության տակ-խմբ)։ Նրա համոզմամբ՝ ռուսական սաստիկ ռմբակոծություններից հետո տասնյակ հազարավոր մարդիկ կշարժվեին դեպի Թուրքիայի հետ սահման, որը ռուս-թուրքական հարաբերություններում նոր ճգնաժամի պատճառ կդառնար։
Բացի այդ, ըստ թուրք փորձագետի, դա կհանգեցներ նրան, որ միջազգային հանրության ուշադրությունը Գազայում Իսրայելի կողմից իրականացվող վայրագությունների փոխարեն սևեռվեր թուրք-սիրական սահմանի վրա, որտեղ միգրացիոն խոշոր ալիք էր սկսվել։ Միևնույն ժամանակ նա պնդում է, որ սա կարող էր համար պատրված դառնալ, որպեսզի ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, ով կողմնակից է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելուն, մտափոխվեր և շարունակեր ամերիկյան զինված ուժերի ներկայությունը Մերձավոր Արևելքի առանցքային այս երկրում։
Վերլուծաբանը միևնույն ժամանակ նկատում է՝ եթե Իսլամական պետության անունը կրկին հայտնվի միջազգային մամուլի գլխագրերում, ապա դա կխաթարի նաև Իրաքի կառավարության և ԱՄՆ-ի միջև զորքերի դուրսբերման հարցով բանակցությունները։ Նա նշել է, որ վերջին 7 տարիներին «Իսլամական պետության» թիրախում հայտնվում են այն երկրները, որոնք պայքարում են ԱՄՆ-ի տնտեսական կամ տարածաշրջանային հեգեմոնիայի դեմ։ «Փաստորեն, փետրվարից սկսած, ահաբեկչական հարձակումների մասին նախազգուշացումներից հետո, որ ՌԴ-ն կարող է թիրախ լինել, նա Դաղստանում գործողություններ է իրականացրել՝ կենտրոնանալով իր ունեցած տվյալների բազայի վրա, սակայն հաշվի չի առել, որ մի խումբ ահաբեկիչներ, որոնց հետքերը նախկինում չէր տեսել, կարող են հայտնվել Մոսկվայում»,- կարծում է թուրք վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է մոսկովյան ահաբեկչության ՌԴ-ի հնարավոր արձագանքին, ապա Մեհմեդ Քանջըն կարծում է, որ այս չի սահմանափակվի միայն Ուկրաինայով։ Նրա համոզմամբ՝ Մոսկվայի վարչակազմը, հավանաբար, կգերադասի ավելի երկարաժամկետ հաշվեհարդարը, որը կտարածվի լայն աշխարհագրությունում, այդ թվում Կենտրոնական Ասիայում:
Բացի այդ, փորձագետը կարծում է, որ ահաբեկչությունը պետք է դիտարկել որպես գլոբալ պայքարի մաս, վերաբերում է նաև այն երկրներին, որոնք վիճարկում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-Մեծ Բրիտանիա զույգի հաստատած տնտեսական կարգը, կամ փորձում են դրան այլընտրանք ստեղծել։
Վերջինս հավելում է, որ եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով մտադիր է նվազեցնել իր երկրի ռազմական ներկայությունը, հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում և վերադառնա Սպիտակ տուն, ահաբեկչական կազմակերպությունները կարող են ավելի ագրեսիվ դառնալ, որոնք ներկայումս «գործընկերային» հարաբերություններ են հաստատել ամերիկյան անվտանգության և հետախուզական կազմակերպությունների հետ։
Դավիթ Գույումջյան