Երևան +12°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:00 26-03-2024

Հազարավոր դոլարներ՝ գյուղական Վերջին զանգի համար․ տնօրենը հերքում է, ապա սպառնում դասղեկի աչքերը հանել  

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում սովորող աշակերտների ծնողներն ահազանգում են՝ Վերջին զանգի միջոցառման համար դասղեկը նոյեմբեր ամսից դրահամահավաք է սկսել։

«Ծնողական ժողովին դասղեկն ասաց՝ մեծ ծախսերի հետ է կապված միջոցառումը, եկեք ամիս-ամիս 10 հազար դրամով հավաքենք։ Ընդամենը 40 րոպե տևողությամբ գյուղական բնույթի միջոցառում անելու համար 1 աշակերտից մոտ 400 հազար դրամ է պահանջվելու։

Դասղեկը ներկայացրել է ծախսերի ցուցակը, օպերատոր՝ 400 հազար դրամ, դահլիճը զարդարելու գումարը 100 հազար դրամ, ուսուցիչների ծաղկեփնջերը՝ մոտ 200 հազար դրամ, ռեստորանի մեկ աթոռը՝ 18 հազար դրամ, վինետկաների համար 10 հազար դրամ, պարուսույց յուրաքանչյուր աշակետը 4500 դրամ, առաջին դասարանի երեխաներին նվերներ մոտ 5000 դրամ, ռեստորանում նկարելու համար ևս 300-400 հազար դրամ, իսկ աղջիկների շորերը որոշել է, որ պետք է միանման լինեն, դերձակն էլ իր բարեկամն է, կարելու համար պահանջել է 13 հազար դրամ, իսկ կտորը կարժենա մոտ 18 հազար դրամ։ Այսինքն՝ այդ միջոցառման համար յուրաքանչյուր աշակերտուհու շոր կոշիկը միասին 50 հազար դրամ կլինի, բնականաբար տղաներն էլ են նոր շորեր գնելու։

Այս ամենին գումարած ծնողները դասղեկի համար պետք է թանկարժեք նվեր գնեն, ըստ երևույթին՝ ոսկյա զարդ։ Բացի այս ծախսեր լինելու են նաև ավարտական երեկոյի զգեստների, ինչպես նաև ծնողների և ուսուցիչների ռեստորանի փող։ Հիմա ստիպված պետք է վարկ վերցնենք, որ կարողանանք երեխայի Վերջին զանգը անենք»,- դժգոհեցին ծնողները։

Oragir.News-ը կապ հաստատեց Օհանավանի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նարինե Միսակյանի հետ, որը հերքեց դպրոցում որևէ դրամահավաք իրականացնելու մասին լուրը։

«Բացառված է, Օհանավանի դպրոցում երբեք գումար չի հավաքվել և չեն էլ հավաքում։ 5 տարի պաշտոնավարում եմ այս դպրոցում, երբեք թույլ չեմ տվել, որ նման բան տեղի ունենա։ Դա շանտաժ է, ծնողը ստում է։ Եթե դասղեկը նման բան արած լինի, ես նրա աչքերը իմ ձեռքով կհանեմ և կազատեմ աշխատանքից»,- ասաց տնօրենը։


Անի Ներկարարյան