Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 11:30 26-03-2024

Պուտինը նեղսրտել և զգուշացնում է վերջին անգա՞մ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում առկա խնդիրներին։

Ըստ Պեսկովի, վերջին ամիսներին պաշտոնական Երևանն ակտիվորեն ներգրավում է Եվրոպական Միությանը՝ «մասնակցելու Հարավային Կովկասի խնդիրներին»։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության լիազորությունների վավերացմանը՝ առաքելություն, որը, Պուտինի խոսնակի արտահայտությամբ, Հայաստանը տեղակայել է «ի հեճուկս Բաքվի ցանկության»։

«Կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը», նշում է Պեսկովը՝ հավելելով․ «Համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն և բարեկեցություն բերել»։
Հասկանալի է, որ Ռուսաստանը Կովկասը դիտում է, որպես իր կենսական շահերի տարածք, և մեծ մասնակցություն ունի տեղի իրադարձություններին։ Հանուն իր ռազմավարական հետաքրքրությունների սպասարկման՝ Կրեմլը կարող է այնպիսի զարգացումներ հրահրել Կովկասում, որ տասնամյակներ շարունակ «կապահովվի» անկայուն դրություն, որի խաղարկման թելերը կպահի իր ձեռքում։ Ապացույցը ղարաբաղյան կոնֆլիկտն է, որի ռազմական ընթացքի առաջին փուլը վճռվեց «հայկական» տարբերակով, բայց մնաց չլուծված, թեև թվում էր՝ լավ նախադրյալներ կային ԼՂ շուրջ ստեղծված անվտանգային գոտու շուրջ բանակցություններ սկսելու և դրանք ավարտելու՝ Արցախին հայկական տեսակետից ընդունելի կարգավիճակ տալով։

Կոնֆլիկտի երկրորդ փուլը խաղարկվեց 2020 թվականին, և երբ Շուշին գրաված թշնամու համար, մեծ հաշվով, խնդիր չէր նաև Ստեփանակերտ մտնելն ու հարցը դեռևս այն ժամանակ փակելը, տարածաշրջան մտավ ռուսական խաղաղապահ զորախումբը։ Իհարկե, հետո պիտի պարզվեր, որ զորախումբը, ինչպես 2023 թվականի հոկտեմբերին հայտարարեց Պուտինը, ուներ միայն «հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու» լիազորություն, սակայն փաստն այն է, որ ռուսական ռազմական ներկայությունն առայսօր պահպանվում է քաղաքացիական հայ բնակչությունից զուրկ Արցախում՝ ի հետևանք ռուս-(ադրբեջանա)թուրքական պայմանավորվածությունների։

Ահա՛, ռազմաքաղաքական այսպիսի դասավորության պարագայում, Հայաստանի իշխանությունները բավական ցուցադրաբար դիմում են Ռուսաստանի հետ հակամարտ դարձած Արևմուտքին՝ դիտորդներ «գործուղելու» հայ-ադրբեջանական սահման։ Ի՞նչ է տալիս այդ դիտորդությունը Հայաստանին՝ պարզ չէ, թեև իշխանություններն անդադար բերում են հօգուտ իրենց որոշման պատճառաբանություններ։ Սակայն այս տարվա փետրվարին Ներքին Հանդի իրադարձություններից հետո պարզվեց, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահները եվրոդիտորդներին պարզապես չեն թույլատրել մտնել տարածք։ Եթե դա դիտորդական առաքելության տապալման արդարացման համար տարածված լուր է, ապա միայն հաստատում է, որ անկախ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական նախասիրություններից, մասնավորապես Հայաստանում, առանց ռուսական մասնակցության ոչ մի կարևոր զարգացում, ի վերջո, տեղի չի ունենա։ Սա է իրողությունը «գետնի վրա», և եթե ՀՀ իշխանություններն այն չեն ընդունում՝ միաժամանակ իրական այլընտրանք դեռևս չեն կարողացել ձևավորել, անգամ եթե եղել է նման ցանկություն։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից