Երևան +21°
copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:00 26-03-2024

Ի՞նչ շահեցին պատմության վերջին գաղտնապահ ահաբեկիչները  

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ուղիղ և աներկբա հայտարարեց, որ շաբաթվա վերջում հնարավոր է՝ պատերազմ սկսվի։ Այսպիսի ահազանգը, բնականաբար, պետք է լրջորեն մտահոգեր զինվորներին, կամավորներին, հայրենասիրական հասարակական կազմակերպություններին, որոնք լուրջ էին ընդունել Փաշինյանի ահազանգն ու շաբաթվա վերջում ուզում էին մեկնել այդ գյուղեր։ Հավանաբար՝ նրանք չգիտեին, որ այդպիսի զինված շարժեր չի կարելի անել առանց ՊՆ-ի, բանակի, իշխանությունների հետ համաձայնեցնելու։ Ընդհանրապես՝ ցանկացած զինված տեղաշարժ պետության տարածքում կարող է լինել միայն իշխանությունների համակարգմամբ։ Հավանաբար՝ մարտի 24-ին բերման ենթարկված «Մարտական եղբայրության» հասարակական կազմակերպության զինված անդամներին և նրանց համախոհներին բացատրել են այս պարզ բանը, և նրանց ազատ են արձակել։

Սակայն Տավուշի գյուղեր գնալ ցանկացողներին բերման ենթարկելը լարվածություն առաջացրեց հանրության շրջանում։ Վարկած կա, թե մարտի 24-ին Նոր Նորքի ոստիկանության շենքում ամոթալի, վտանգավոր և զավեշտալի միջադեպը տեղի ունեցավ դրա ազդեցությամբ։ Երևանի փոխքաղաքապետ, նախկին ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը տեղի ունեցածը ահաբեկչություն որակեց։ Ի՞նչ շահեցին այդ ահաբեկչության մասնակիցները, հասարակությունը, ի՞նչ ռիսկեր առաջացրան, և ի՞նչ հետևանքներ կլինեն։

Զավեշտալի է, որ Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած զինված քաղաքացիների պահանջները ոչ ոք չիմացավ։ Ահաբեկիչները գաղտնի պահեցին, թե ինչու են նռնակներով ներխուժել ոստիկանություն։ Սա ահաբեկչությունների պատմության մեջ չլսված բան էր, քանի որ ահաբեկչության դիմում են, երբ խաղաղ, օրինական միջոցներով հնարավոր չէ բարձրացնել, լուծել հարցը, խնդիրը, բավարարել պահանջը։ Եթե տվյալ դեպքում չկա պահանջ կամ պատճառ, ապա, բնականաբար՝ զինված ներխուժողները ոչինչ չշահեցին, բացի հանրային ուշադրությունից։ Իսկ եթե նրանք այս քայլին դիմել են Նիկոլ Փաշինյանի ելույթից վրդովված, ապա ենթադրելի է, որ այդպիսի վտանգավոր հանցագործությունները կարող են կրկնվել, եթե Փաշինյանը կրկին խոսի շաբաթվա վերջում պատերազմի սկսվելու մասին։

Տեսակետ կա, թե այս ահաբեկչությունը վերջինն է պատմության մեջ։ Համեմատելով Դրոյի, Թեհլերյանի, ԱՍԱԼԱ-ի գործած ահաբեկչությունների հետ, կարելի է նկատել, որ մեթոդը շեշտակի դեգրադացվում է։ Եվ ինչքան էլ լարենք երևակայությունը, դժվար է ռոմանտիզացնել Նոր Նորքի ոստիկանության շենք նռնակով ներխուժող և իրենց վնասողների կերպաները։ Հետևաբար՝ այս ահաբեկչությամբ վերջակետ դրվեց ու վեջնական փակվեց ահաբեկչությունների էջը։ Սրանից անհաջող կազմակերպված ահաբեկչություն անհնար է պատկերացնել։

Ահաբեկչությունը, հնարավոր է՝ կարձակի իշխանությունների ձեռքերը։ Նրանք, առիթից օգտվելով, կփորձեն բռնաճնշումներ կիրառել ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Հետևաբար՝ կասկած կա, թե իշխանություններն անմասն չեն այս ահաբեկչությանը։ Եթե իշխանությունները հասկանան, թե քաղաքական հալածանքները ինչ լարվածություն և ռիսկեր կառաջացնեն միջազգային հարաբերությունների առումով, ապա լայնածավալ բռնաճնշումներ չեն անի։

Այս միջադեպից տուժեց նաև հասարակությունը, տագնապալի ժամեր ապրելով։ Պատերազմի սպառնալիքի պարագայում ահաբեկչության նկատմամբ հանրային վերաբերմունքը միանշանակ բացասական է, որովհետև ժողովուրդը բնազդաբար կանգնում է արտաքին թշնամուն հակահարված տալու դիրքում։ Եթե ՔՊ-ականներին չի կուրացրել իշխանությունը, ապա կհասկանան իրենց մեղավորությունը Տավուշ մեկնողների զինված տեղաշարժի և Նոր Նորքի ոստիկանություն ներխուժողների արարքներում։ Եվ հարկ է՝ հանրային հեղինակությունները կրկին ու բարձր ասեն, որ ինչքան էլ ժողովրդի մեծ մասը չի վստահում, չի սիրում ՔՊ-ական իշխանությանը, նրա ղեկավարներին, այդուամենայնիվ՝ անթույլատրելի է ահաբեկչությունը, երկրի ներսում զենքով կամ զենքի սպառնալիքով հարց լուծելու փորձերը։ Անկախ ելքից՝ ահաբեկչական գործողությունը թշնամական է, խոցելի է դարձնում պետությունը։ Ուստի՝ ժողովրդի ազատության ջատագովն իր երկրում այդպիսի բան անելու բարոյական իրավունք չունի։

Թաթուլ Մկրտչյան