Երևան +26°
copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 10:00 24-03-2024

Ընդդիմախոսների հետ հաշվեհարդարի ամենակարճ ուղին

ՔՊ-ական իշխանությունը հերթական անգամ շատ կոշտ է արձագանքում իր հասցեին հնչող հայհոյանքներին։ Իսկ հայհոյախոս ընդդիմախոսները ավելի են սաստկացնում հայհոյանքները։ Ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը, որ քաղաքական քննադատությունը և հանրային բանավեճը մնան կոռեկտության սահմաններում, իսկ իշխանությունները քաղաքական հետպնդումներ չիրականացնեն, չհալածեն ընդդիմախոսներին, մատի փաթաթան չսարքեն հուզական արձագանքները։

Միջնադարում կար յուրահատուկ պատժի տեսակ՝ անարգանքի սյուն։ Քաղաքի կենտրոնում կանգնեցված սյանը վաղ առավոտյան կապում էին հասարակական պարսավանքի դատապարտված օրինազանցին։ Երեկոյան արձակում էին, տանում պատժախուց, հաջորդ առավոտյան կրկին բերում, կապում։ Այդպես՝ մինչև պատժի ժամկետի ավարտը։ Օրվա ընթացքում նրա կողքով անցնող քաղաքացիներն իրավունք ունեին ամոթանք տալ անարգանքի սյանը կապվածին, հայհոյել, թքել նրա ուղղությամբ։ Պատժի այս տեսակը վերացվեց 1702 թվականին։

Դա եղել է այսպես։ Լրագրություն մասնագիտության հիմնադիր Դանիել Դեֆոյի գրած «Այլախոհների հետ հաշվեհարդարի ամենակարճ ուղին» (The Shortest-Way with the Dissenters, 1702թ.) պամֆլետը, որտեղ ծաղրի է ենթարկում իշխանությունների անմարդկային արարքները, հրապարակվում է Դեֆոյի խմբագրած օրաթերթում։ Իրավապահները գործ են հարուցում, իսկ դատարանը Դեֆոյին դատապարտում է 3 օրով ազատազրկման ու անարգանքի սյանը կապմանը։ Առաջին օրը քաղաքացիները նրան հայհոյում են, անարգում, թքում-մրում։ Գիշերը, պատժախցում հանճարեղ գրողը գրում է «Ձոն անարգանքի սյանը» պոեմը, որը տպագրվում է Դեֆոյի խմբագրած թերթում և հաջորդ առավոտյան լույս տեսնում ու տարածվում քաղաքում։ Քաղաքացիները, կարդալով Դեֆոյի ստեղծագործությունը, հարգանքով են լցվում դեպի հեղինակն ու ոչ միայն չեն հայհոյում ու թքում վրան, այլև ծափահարում են, գլխարկները հանում, ծաղիկներ նվիրում դատապարտյալին։ Դրանից հետո անարգանքի սյունը որպես պատժի տեսակ վերացվում է։

Մեր օրերում նույնպես կան իշխանությանը քննադատողներ, այլախոհներ, ընդդիմախոսներ։ Օրեցօր շատանում են նաև իրականությունից կտրված, թերուս, հայհոյախոս, ժողովրդի նկատմամբ խորն արհամարհանք արտահայտող հանրային գործիչները, որոնք ատելություն ու մաղձ են թափում, սեռական բնույթի հայհոյանք տալիս պետության ներկա կամ նախկին ղեկավարների հասցեին։ Տպավորություն է՝ մրցավազք է ստեղծվել, թե ով ավելի թունդ կհայհոյի հնարային հարթակում, որը կարող են դիտել նաև երեխաները, կանայք։ Եթե 17-րդ դարում իշխանություններին պամֆլետով քննադատողներին գամում էին անարգանքի սյանը, ապա ներկայում իշխանություններին հայհոյողներին պառկեցնում են ասֆալտին։ Նախկինում անարգանքի սյանը կապելով էին ստորացնում, ներկայում ասֆալտին են փռում ընդդիմախոսներին։

Ստեղծված տհաճ, անցանկալի և անբարոյական իրավիճակը հաղթահարելու ճանապարհը տեսանելի չէ։ Տպավորություն է, թե իշխանություններն ընտրել են ընդդիմախոսների հաշվեհարդարի ամենակարճ ուղին։ Բռնում են, ստորացնում արժանապատվությունը, մի քիչ ազատազրկում ու բաց թողնում։ Եթե Դանիել Դեֆոն «Ձոն անարգանքի սյանը» պոեմով կարողացավ վերացնել մարդկային արժանապատվությունը տրորող անարգանքի սյունը, ապա ներկայում հանճարեղ մարդիկ, հանրային հեղինակությունները պետք է լուծում գտնեն։ Անհարժեշտ է այնպես անել, որ հայհոյախոսությունը վերանա հանրային խոսույթից, հատկապես՝ քաղաքական խոսույթից, չոտնահարվեն օրինազանցների արժանապատվությունը, քաղաքական ընդդիմախոսներին հալածելը չդառնա սովորական բան։

Հակառակ դեպքում ժողովուրդը կայլասերվի, բանտերը կլցվեն Նիկոլ Փաինյանին հայհոյողներով։ Քաղաքական համայնքում կբազմանան անինքնասեր խուլիգանները։ Մարդիկ կկորցնեն արժանապատվության զգացումը, ինքնասիրությունը, չեն վիրավորվի հայհոյախոսքից։ Հայհոյանքը կդառնա նորմալ, հայերեն խոսքի մեծ մասը կազմված կլինի հայհոյաբառերից, ինչպես ռուսերենում։ Դրանից հետո հայհոյանքներով երգեր, պատվածքներ, ներկայացումներ լույս կտեսնեն։ Հայհոյանք խորհրդանշող արձաններ կհայտնվեն քաղաքում։ Վերջում հայհոյանքը կներթափանցի հոգևոր ոլորտ։ Պատարագի տեքստերը, սաղմոսներն ու աղոթքները կխմբագրվեն ու կներառեն հայհոյախառն բառեր։ Քաղաքական ծրագրերն ու թեկնածուների կենսագրությունները հայհոյանքներ կպարունակեն։ Նախապատվություն կտրվի այն քաղաքական ծրագրին, որտեղ ավելի թունդ հայհոյանք կլինի կամ նոր հայհոյաբառեր։ Հետագայում նաև օրենքները կխմբագրվեն՝ ներառելով հայհոյանքներ։ Ու մի ամպամած օր կտեսնեք, որ ոչ թե հայ ժողովուրդ է մնացել, այլ խուլիգանների, սրիկաների, արժանապատվություն ու ինքնասիրություն չունեցողների ռուսասեր բազմություն, որը ո՛չ արժեք է հարգում, ո՛չ սրբություն ունի, ո՛չ էլ պետություն-հայրենիք ունենալու անհրաժեշտություն է զգում։

Թաթուլ Մկրտչյան