Երևան +11°
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 19:00 21-03-2024

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը դանակի եզրին է. թուրք պրոֆեսոր

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մարտի 1-3-ը տեղի ունեցավ Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին արդեն 2-րդ անգամ մասնակցում էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Օրերս այս առնչությամբ Անկարայի համալսարանի դոկտոր-պրոֆեսոր Յըլդըզ Դևիջի Բոզքուշը թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության կայքում ծավալուն հոդված է հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Անթալիայի դիվանագիտական ֆորոմի շրջանակներում կայացած բանակցություններին, ինչպես նաև հայ-թուրքական պետական սահմանի բացման գործընթացում տեղի ունեցող զարգացումներին։

Հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը իր հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանի և Արարատ Միրզոյանի հետ հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ տարածաշրջանային խնդիրների համար տարածաշրջանից դուրս լուծումներ պարտադրելն անիմաստ է։ Ըստ Քըլըչի՝ երկրներին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն լուծումներ տալ, և դա էական է տարածաշրջանում մշտական ​​խաղաղության համար։

Հաղորդվում է, որ հայ-թուրաքական հարաբերությունների կարգավորման հարցը դիվանագիտական ֆորումի առաջնային հարցերի մեկն է եղել։ Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Արարատ Միրզոյանը կարևորել է հայ-թուրքական ​​հարաբերությունների հաստատման և երկու ժողովուրդների միջև շփումների ավելացման անհրաժեշտությունը, ինչպես նաև մատնանշել, որ սահմանների բացմամբ տնտեսական հարաբերությունները կբարելավվեն և հայտարարեց, որ դա գիտակցում են նաև Հայաստանի քաղաքացիները։

Հոդվածի հեղինակը շեշտում է՝ հայկական կողմն ընդգծել է, որ իրենք կատարել են իրենց պարտականությունները Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Ըստ Բոզքուշի՝ այս առումով Միրզոյանի մասնակցությունը կարևոր էր, քանի որ դա ցույց տվեց, որ տարածաշրջանային մասշտաբով հարաբերությունների կարգավորման բանակցությունները շարունակվում են, և կողմերը նույնպես շարունակում են բանակցությունները։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ խնդիրներ են առաջ քաշվում հայ-թուրքական սահմանի բացման համատեքստում՝ հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորել են սահմանները բացել 3-րդ երկրների քաղաքացիների համար, ինչից ենթադրվում է, որ բաց ռեժիմը կգործի նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ​​անձնագիր ունեցող անձանց համար։ Վերջինիս պնդմամբ՝ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել պատմական Անիի կամրջի վերականգնման և սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների ու ճանապարհների կառուցման վերաբերյալ, նույնպես մեծացնում է հավանականությունը, որ սահմանը ապագայում կբացվի։

Նշվում է, որ ՀՀ-ն պահպանել է իր վճռական դիրքորոշումն այս հարցում՝ յուրաքանչյուր հարթակում պնդելով, որ սահմանները պետք է հնարավորինս շուտ բացվեն։ Բացի այդ, Բոզքուշը նաև ընդգծել է, Ֆրանսիայի և արևմտյան այլ պետությունների հետ Հայաստանի մերձեցման գործընթացը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-թուրաքկան կարգավորման գործընթացի վրա։

Բոզքուշը կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանում վերջերս անցկացված հարցման արդյունքներով Ֆրանսիան, Իրանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համարվել են անվտանգային կարևոր գործընկերներ, իսկ ՌԴ-ն այս տեղաշարժերին դժգոհությամբ է հետևում։ Ըստ նրա՝ լարվածության սրման կարևոր ցուցիչներ են նաև Երևանի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտության դեպքում կարող են դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչպես նաև այն պնդումները, թե ռուս զինվորները պետք է հեռանան «Զվարթնոց» օդանավակայանից։

Հոդվածի հեղինակի համոզմամբ՝ տարածաշրջանում Ֆրանսիայի աճող լարվածությունը, հատկապես Ադրբեջանի նկատմամբ նրա վերաբերմունքը ևս մեկ խնդիր է, որը կարող է խաթարել բանակցությունները։ Նա պնդում է՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև լարվածությունը, որը սկսվել է դիվանագիտական ​​ճգնաժամով, դեռևս չի հանգուցալուծվել։

Անկարայի համալսարանի դոկտոր-պրոֆեսորն ընդգծում է՝ Հայաստանը հակված է «խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը և փորձում է այն օրակարգում պահել՝ ընդգծելով այս նախագծի կարևորությունը տնտեսության և տարածաշրջանում մշտական ​​խաղաղության համար։ Այս առումով, դատելով Արարատ Միրզոյանի հայտարարություններից նա համոզմունք է հայտնել, որ կողմերն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, սակայն միևնույն ժամանակ նշելով, որ գործընթացը դեռ դանակի եզրին է։

Փորձագետը միևնույն ժամանակ կարևորում է հայ-հնդական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ նշելով, որ Երևանը սկսել է ստանալ ոչ միայն ռազմական մատակարարումներ, այլև բնակչության լուրջ ներհոսք Հնդկաստանից, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում իր դաշնակիցների հետ հարաբերությունների դիվերսիֆիկացմանը։

Ինչ վերաբերում է նրան, թե ներկայիս զարգացումներն ի՞նչ ազդեցություն են ունենում հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի բանակցությունների վրա՝ Բոզքուշն ընդգծել է, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության սահմանումը (հեղինակն օգտագործել է ազատագրել տերմին, ինչին համաձայն չենք-խմբ) և ուկրաինական ճակատում տեղի ունեցող զարգացումները կարևոր հետևանքներ ունեցան Հարավային Կովկասում։ Նրա խոսքով՝ Հայաստանի հարաբերությունները լարվեցին Ռուսաստան հետ, որին համարում էր իր «պատմական հովանավորը», և Հարավային Կովկասում սկսվեց ստատուս քվոյի երաշխավորը։

Հեղինակի պնդմամբ՝ այս փոփոխության առաջին արտացոլումները նկատվեցին Ռուսաստանի հետ հարաբերություններում, և Հայաստանում սկսեցին Ռուսաստանից դեպի Արևմուտք թեքվել: Նա կարծում է՝ այս խզման առաջին դրսևրումը հայկական կողմի հայտարարություններն էին, թե Ռուսաստանից կախվածությունը «ռազմավարական սխալ էր», իսկ նոր շրջանում Հայաստանը դիմեց ԱՄՆ-ին ու Եվրամիության (ԵՄ) երկրներին, հատկապես Ֆրանսիային։ Հենց այս շրջանակներում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանը կարևորեց արևմուտքին, մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում մատնանշեցին տարածաշրջանային դերակատարներին։

Նշվում է՝ այս համատեքստում հայ-ադրբեջանական սահմանների որոշման հանձնաժողովները մինչ այժմ բազմիցս հանդիպել են, սակայն սահմանների որոշման իրավական դաշտի ստեղծման շուրջ կոնսենսուս դեռևս չի ձեռք բերվել։ Հեղինակը կարծում է, որ արևմտյան հանձնաժողովների ներգրավվածությունը սահմանների որոշմանը բացասաբար է անդրադարձել գործընթացի վրա։

«Համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները էական դեր են խաղում, որպեսզի 30-ամյա օկուպացիոն գործընթացի ընթացքում նախաձեռնություն չցուցաբերած արևմտյան պետություններն այժմ ներգրավվեն այդ գործընթացում։ Այդ զարգացումներից մեկն Զանգեզուրի միջանցքն էր։ Քանի որ բոլորը գիտեն այս միջանցքի առավելությունները, հատկապես ԵՄ անդամ երկրները ամեն կերպ փորձում են ներգրավվել գործընթացում։ Այս գործընթացը նույնիսկ սկսեց օրակարգ բերել Հայաստանի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնությունները»,- կարծում է նա։

Յըլդըզ Դևիջի Բոզքուշն, ամփոփելով վերլուծությունը, նշել է՝ չնայած ՀՀ-ն այս քայլերն անվանում է երկրի տնտեսական դիմակայունության և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացում, ակնհայտ է, որ հիմնական մեսիջն ուղղված է Ռուսաստանին։ Նա ենթադրել է, որ առաջիկայում Երեւանի հարաբերությունները կխորանան թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ։ Հեղինակը հավելում է՝ այս պատմական առանցքի տեղաշարժի հիմքում կարևոր դեր ունի արևմտյան աշխարհի՝ Ռուսաստանին Հայաստանի միջոցով Հարավային Կովկասում մեկուսացնելու քաղաքականությունը։

Դավիթ Գույումջյան