copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 ամիս առաջ - 17:00 20-03-2024

Փաշինյանի անսկզբունքայնությունը. Պուտինի 3-րդ ժամկետը հալալ է, Սարգսյանինը՝ հարամ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մարտի 15-17-ը Ռուսաստանի Դաշնությունում կայացան նախագահական հերթական ընտրությունները, որոնցում, ինչպես ակնկալվում էր, հաղթանակ տարավ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երեք օր տևած ընտրություններում Պուտինը ստացավ ձայների ավելի քան 87.3%-ը, որը Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանի նախագահին երբևէ տրված ամենամեծ վստահության քվեն էր։

Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին ներհայաստանյան քաղաքական շրջանակների կողմից ակտիվորեն քննարկվում էր՝ Նիկոլ Փաշինյանը կշնորհավորի՞ Ռուսաստանի Դաշնության վերընտրված նախագահին, թե՞ ոչ։ Հատկապես ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ գեներացնող գործիչներն ու փորձագետները ընդգծում էին, որ Փաշինյանը ոչ մի պարագայում չպետք է շնորհավորի Պուտինին, շատերը նույնիսկ բացառում էին նման հնարավորությունը։

Վլադիմիր Պուտինի վերընտրությունից շուրջ 24 ժամ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղեց վեջինիս՝ ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Նկատենք, որ օրինակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից բառացիորեն րոպեներ անց, իսկ այդ պահին վերջինիս հասցրել էին շնորհավորել միայն Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները, որոնց հետ Թուրքիան բարեկամական և դաշնակցային հարաբերություններ ունի։
Պուտինին ուղղված ուղերձում Փաշինյանը հույս է հայտնել, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։ «Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,- նշվում էր ուղերձում։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ապացուցել, որ քաղաքականության մեջ սկզբունքայինություն չունի և կարող է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք 180 աստիճանով հակասում են ավելի վաղ իր կողմից հնչեցված հայտարարություններին։ Ավելին՝ Փաշինյանը կարող է անգամ հրապարակայինորեն հերքել, թե նման հայտարարություններ է արել՝ պնդելով, որ կա՛մ չի հիշում, կա՛մ էլ դրանք արել է այլ իրողությունների պայմաններում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանության եկավ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած փողոցային շարժման արդյունքում, երբ վերջինիս հաջողովեց 10-ամյա նախագահությունից հետո վարչապետի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրել, իսկ վերջինիս գլխավորած Հանրապետական կուսակցությանը, որն այդ պահին ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ուներ՝ վարչապետ ընտրվելու համար ձայների նվազագույն քանակ ապահովեր։

Չնայած Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում հասարակության շրջանում բազմաթիվ դժգոհություններ էին կուտակվել, մարդիկ դժգոհ էին պետության սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, սոցիալական իրավիճակից և այլն, որոնցից ելնելով և մեծ փոփոխությունների հույս ունենալով էլ միացան Փաշինյանի առաջնորդած շարժմանը, այնուամենայնիվ այս շարժման լոկոմոտիվը Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետով անընդմեջ պաշտոնավարման անընդունելիությունն էր ու դա թույլ չտալու անհրաժեշտությունը։ Շարժման անդամներն առ այսօր Սարգսյանին և վերջինիս կողմնակիցներին հիշեցնում են, որ նա դեռևս 2014 թվականին խոստացել է կառավարման խորհրդարանական համակարգի ընդունման դեպքում չհավակնել վարչապետի պաշտոնին, իսկ հետո դրժել է այդ խոստումը, ուստի անհրաժեշտ էր ամեն գնով հասնել նրա հրաժարականին։

Հատկանշական է՝ ՌԴ նախագահ Վլադամիր Պուտինը, որին Նիկոլ Փաշինյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել, այս ընտրություններում վերընտրվելով, 3-րդ անգամ անընդմեջ ստանձնելու է Ռուսաստանի նախագահի պաշտոնը։ Չնայած սա 5-րդ անգամն է, երբ Պուտինն ընտրվում է ՌԴ նախագահի պաշտոնում, սակայն 2000 թվականից Ռուսաստանն առաջնորդող Պուտինը նախագահական առաջին 2 ժամկետների ավարտից հետո (2000-2008) երրորդ անգամ չառաջադրեց իր թեկնածությունը, 2008 թվականին ՌԴ նախագահ ընտրվեց Պուտինի համախոհներից Դմիտրի Մեդվեդևը և վերջինիս նախագահության 4 տարիներին Պուտինը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, և միայն 2012 թվականին կայացած ընտրություններում նա վերադարձավ Կրեմլի ղեկավարի պաշտոնին, իսկ հետագայում՝ վերընտրվեց նաև 2018-ին և արդեն 2024-ին։

Այսպիսով՝ 3-րդ անգամ անընդմեջ վերընտրված Վլադիմիր Պուտինին ուղղված Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը վկայում է այն մասին, որ վերջինս իրականում դեմ էր ոչ թե նրան, որ պետության ղեկավարը 3-րդ, 4-րդ, կամ 5-րդ ժամկետով անընդմեջ պաշտոնավարում է այլ անձամբ Սերժ Սարգսյանին, ով, ի տարբերություն Վլադիմիր Պուտինի, ՀՀ-ում կատարված սահմանադական փոփոխություններից հետո ստանձնել էր վարչապետի պաշտոնը։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի իրական նպատակն ամեն գնով իշխանության գալն էր, որի ճանապարհին նա լավագույնս օգտագործեց տասնյակ հազարավոր քաղաքացիների շրջանում կուտակված դժգոհությունը, իսկ հետագայում՝ վերջիններիս մոտ մեծ հիասթափություն և ապատիա առաջացրեց։

Նման կարևորագույն հարցում Փաշինյանի անսկզբունքայինությունը, որը շահարկելով էլ վերջինիս հաջողվել էր իշխանության գալ, վկայում է այն մասին, որ շուրջ 6 տարի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը սկզբունքային մոտեցում չունի ոչ մի հարցի վերաբերյալ և կարող է փոխվել սեփական մոտեցումները՝ կախված տվյալ պահի իրողություններից և քաղաքական նպատակահարմարությունից։

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի օգոստոսի 10-ին Բելառուսում կայացած վիճահարույց նախագահական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը շտապել էր շնորհավորել նախագահ վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյին, մինչդեռ արևմտյան բազմաթիվ պետություններ ու կառույցներ չէին ճանաչում ընտրությունների արդյունքները՝ դրանք որակելով ոչ ազատ և արդար։ Ընդ որում 1994 թվականից 26 տարի անընդմեջ Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն 6-րդ անգամ էր վերընտրվել նախագահի պաշտոնում։

Դավիթ Գույումջյան