Երևան +10°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 ամիս առաջ - 21:00 19-03-2024

Միակողմանի զիջում. 4 գյուղերը հանձնելուց հետո էլ Ադրբեջանը ոչինչ չի վերադարձնելու

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտել է գործնական փուլ։ Նրա խոսքով՝ այս գործընթացը մեկնարկելու է Տավուշի մարզից՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում։

Փաշինյանն ընդգծեց, որ պետք է ամեն գնով թույլ չտալ պատերազմի վերսկսումը։

«Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում, և այս է նաև պատճառը, որ մենք որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ-ի սահմանների ճշտման։ Ու դա անում ենք ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- ասել է նա։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Գարիկ Քեռյանն ընդգծեց՝ դժվար է ենթադրել, թե ինչ զարգացումներ են սպասվում Նիկոլ Փաշինյանի հիշատակած գործնական փուլում, քանի որ հայտնի չէ, թե ադրբեջանական կողմի հետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, այդ մասին ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից պաշտոնական հայտարարություն չի տարածվել։ Նրա խոսքով՝ գործընթացի վերաբերյալ հնարավոր կլիներ պատկերացում կազմել, եթե հայտարարվեր, որ ինչ-որ թվականի քարտեզների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, որոնցով պետք է գործընթացն իրականացվի, սակայն նման բան տեղի չունի ունեցել։

Գարիկ Քեռյանի համոզմամբ՝ գործնական փուլ մտնելու առաջին քայլն այն է, որ հստակեցվի, թե սահմանազատման և սահմանագծման գործընթացն ինչ հիմքերի վրա պետք է իրականացվի։ Նա հիշեցնում է՝ փաստացի գտնվում ենք մի իրավիճակում, երբ Հայաստանի քառակուսի կիլոմետրերով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչդեռ Ադրբեջանը նման հայտարարություն չի անում՝ ո՛չ Ալմա Աթայի հռչակագրի ճանաչման, ո՛չ էլ քառակուսի կիլոմետրեր ճանաչելու համատեքստում։

«Չնայած վարչապետը հավաստիացնում է, որ Ադրբեջանը Մյունխենում համաձայնել է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց ես, ցավոք սրտի, նման հայտարարություն չեմ լսել։ Այսինքն՝ գործնական փուլ մտնելու հանգամանքը պարզաբանված չէ՝ այն ի՞նչ հիմքերի վրա է իրականացվելու և ի՞նչ է իրենից նախատեսում»,- ասաց նա։

Քաղաքագետը նկատում է՝ այս պահի դրությամբ միայն հայտնի է, որ սահմանազատման գործընթացը սկսելու է ոչ թե Սյունիքից, որը սահմանի ամենակարևոր հատվածն է, և ՀՀ-ն ամենաշատն այստեղ սահմանը լեգիտիմացնելու կարիք ունի, այլ Տավուշից, որտեղ թվում է, թե բացի այսպես կոչված անկլավներից, ոչ մի այլ վիճելի հարց չպետք է լիներ։ Ըստ նրա՝ անհասկանալի է նաև, թե այդ 4 գյուղերն ինչ են նշանակում, դրանք անկլավների հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ։

«Ըստ Ալմա Աթայի հռչակագրի՝ եթե հիմք ենք ընդունում Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները, ապա ինչպե՞ս է եղել, որ դրանք հայտնվել են Ադրբեջանի սահմանում, մի թե դրանք հետևա՞նք են 1988-89 թվականի իրադարությունների, թե՞ նախկինում էլ են եղել։ Այսինքն՝ այնպիսի անհասկանալի հայտարարություններ են հնչում, որ նույնիսկ մասնագետները այսօր դժվարանում են հասկանալ, թե Տավուշի 4 գյուղերն ի՞նչ կապ ունեն այսպես կոչված անկլավների հետ, դրանք իրար կպա՞ծ են, թե՞ անջատված են։ Դա պարզ չդարձավ անգամ Տավուշում կայացած հանդիպումից հետո, ուստի ես գտնում եմ, որ հարցին պետք է պատասխանեն այն մարդիկ ու մասնագետներն, ովքեր անձամբ գործընթացին մասնակցում են և գիտեն, իսկ հանրության և անձամբ իմ համար էլ առայժմ ոչինչ հասկանալի չէ»,- կարծում է նա։

Հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է, որ 4 ոչ անկլավային գյուղերն Ադրբեջանին հանձնելու դեպքում վերջինս կհամաձայնի վերադարձնել ՀՀ 31 գյուղերի օկուպացված տարածքներն ու Արծվաշենը՝ Գարիկ Քեռյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը տավուշցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը ոչինչ չի վերադարձնելու։ Նա միևնույն ժամանակ նշեց՝ Փաշինյանն իր հարցադրմամբ հասարակությանը գցել է անորոշ իրավիճակի մեջ՝ վախեցնելով, որ Ադրբեջանի պայմանները չընդունելու դեպքում պատերազմ կսկվի.

«Ամեն դեպքում ես մի հարցում նրա հետ համաձայն եմ. ամեն ինչ պետք է անել, որ պատերազմ չսկսվի, որովհետև Հայաստանը պատրաստ չէ դրան։ Ցանկացած պատերազմի պարագայում ՀՀ-ն ավելի շատ է կորցնելու, քան հիմա տալու է, դա պարզ է։ Սակայն պարզ չէ, թե ինչ դիվանագիտական աշխատանք է տարվել, որպեսզի այս օրին չհասնեինք»։

Քեռյանը հիշեցրեց, որ երբ եվրոպացի դիտորդները տեղակայվում էին Հայաստանում, հայտարարվում էր, որ պատերազմի վտանգը կանխվել է, երկրի իրավիճակը կայունացել է՝ միևնույն ժամանակ հարցպնդում հնչեցնելով, թե ինչպե՞ս է հիմա իշխանությունն օրեցօր զգուշացնում պատերազմի վտանգի մասին։ Նա հավելեց, որ հարցի պատասխանն ու քաղաքական դրվածքը հենց այստեղ է։

Դավիթ Գույումջյան