Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը, որի ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների գործունեությանը:
Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը չի ենթադրի ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ խորհրդանիշերի, պետության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ»,-ասաց Հայրապետյանը:
Դիտարկմանը, որ արդեն իսկ նման մի քննարկում եղել է, որից հետո հայտարարվեց, որ Երևանը չի ներկայացրել փաստեր, նախարարն ասաց. «Ճիշտ եք, խոսքը դեկտեմբերյան խորհրդակցությունների մասին է: Պետք է ասեմ, որ այն լուծումները, որոնք հայկական կողմի առաջարկների փաթեթում ներառված են, ենթադրում են նաև նախկինում արված փորձերը, որոնց արդյունքում ոչ միայն որևէ փոփոխություն բովանակության առումով չի եղել, այլև վերջին շրջանում նմանօրինակ հաղորդումների հաճախականությունը պարբերաբար է դարձել։
Սա նշանակում է, որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են իբրև վերահսկողություն կամ նմանօրինակ հաղորդումների կանխում, ըստ էության, չեն աշխատում։ Եվ սա նաև հաշվի առնելով՝ հայկական կողմը ձևակերպել է իր պատկերացումները լուծումների վերաբերյալ: Եթե դրանք աշխատեին, ձեր հարցը հնչեցնելու կարիք չէր լինի: մենք սա գիտակցում ենք, և մեր ռուս գործընկերների հետ աշխատանքներում մենք սա նկատի ենք ունենում և իբրև փաստարկ մենք ներկայացնելու ենք»։
Հարցին՝ կա՞ն ժամկետներ, թե երբ են այդ բանակցությունները սկսվելու՝ նախարարը պատասխանեց. «Այո, կոնկրետ օր կա, բայց ես հիմա այն չեմ հնչեցնի»։
Դիտարկմանը՝ այդ բանակցություններում լինելո՞ւ է արդյոք այդ հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարցը՝ Հայրապետյանը պատասխանեց. «Պոլիտկոռեկտությունից ելնելով ես մեր առաջարկների և լուծումների վերաբերյալ մանրամասներից զերծ կմնամ։ Միայն կարող եմ վստահեցնել, որ յուրաքանչյուր որոշում կամ դիրքորոշում, որ որդեևգրում է ԲՏԱ նախարարությունը, առանցքում հայ ժողովրդի և ՀՀ-ի արժանապատվության հարցն է ներդրված»։