Երևան +13°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:12 17-03-2024

Մենք ևս մեկ Եղեռն ենք ապրում, միայն կորցնում ենք․ միակ բանը, որ ընդլայնում ենք, «Եռաբլուրն» է. ուսուցիչ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախմբի ստեղծում, որը կապահովի մի շարք թիրախային հարցերի լուծում, մասնավորապես՝ ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ և առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը` բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը։

Նախարարության այս ծրագիրը կրթական ոլորտի ներկայացուցիչների կողմից հասցրել է արժանանալ քննադատության։

«Ներկայիս իշխանությունները մեկը մյուսի հետևից «հանճարեղ» մտքեր են արտաբերում`փորձելով նախագծեր գրել։ Հիմա էլ «Ակադեմիական քաղաք» նախագիծն են փորձում իրականացնել։Նախ ես ուզում եմ հարցնել ներկայիս ԿԳՄՍ նախարարին․ որտեղի՞ց մեզ այդքան ֆինանսական ռեսուրս, արդյո՞ք ունենք ակադեմիական քաղաք կառուցելու բոլոր պայմանները»,-Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գյումրիի վարժարաններից մեկի Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Հովհաննիսյանը։

Ուսուցչի խոսքով՝ Հայաստանի համար ներկայիս բարդ իրավիճակում «Ակադեմիական քաղաք» ունենալը առաջնային անհրաժեշտություն չէ։

«Ներկա իրավիճակում չեմ կարծում, որ պետք է ունենանք նման փոփոխություններ, քանի որ գտնվում ենք շատ լուրջ իրավիճակում։ Նախքան նման փոփոխությունների գնալը մեզ պետք է նախ մեր արտաքին թշնամու հետ կարգավորել մեր հարցերը՝ ամուր պահելով մեր սահմանները, և հետո նոր գնալ «զարգացման» նախագծերի։ «Ակադեմիական քաղաքի» մոդելը մերը չէ, և հետո նման բարեփոխումների գնում են աշխարհի զարգացած երկրները, որոնք չեն գտնվում պատերազմական իրավիճակում։ Այս իշխանությունները ամեն բան անում են, որ հայի կրթական, գիտակցական տեսակը վերանա։ Նրանց պետք չէ հայի պայքարող, կրթող, կռվող տեսակը։ Նրանց ի սկզբանե ոչնչացնում են այն ամենը ինչը հայկական է»,-շարունակում է ուսուցիչը։

Խոսելով կրթական համակարգի մասին՝ երիտասարդ ուսուցիչն ասում է, որ մեր կրթական համակարգը պետք է ազգայնահենք լինի։

«Նաև կուզեմ մեր կրթական համակարգի մասին մի քանի բան ասել, որ ներկայումս մեր կրթությունը մանկապարտեզից սկսած մինչև համալսարան պետք է ազգայնահենք լինի։ Պետք է դեռ փոքր տարիքից և դպրոցից երեխայի մոտ զարգացնել հայրենիքի հանդեպ սեր։ Շատ եմ կարևորվում հայ մանկավարժի դերը, որովհետև մենք ասում ենք, չէ՞, հանճարն անգամ ուսուցիչ է ունեցել։ Մենք մեզ վերափոխելու և դաստիարակելու լուրջ ճանապարհ պիտի անցնենք, որ ունենաք մեր պատկերացրած Հային, և մի կարևոր փաստ ևս նաև մեր Հավատքը պետք է անսասան լինի»,-ասում է Անահիտ Հովհաննիսյանը։

Oragir.News-ը օրերս Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների ծնողների բողոքին էր անդրադարձել։ Ծնողները մասնավորապես դժգոհ են ԿԳՄՍ նախարարության նոր որոշումից, ըստ որի՝ դպրոցների օպտիմալացման անվան տակ փակում են սահմանամերձ գյուղերի դպրոցները։

Անահիտ Հովհաննիսյանի խոսքով` սահմանամերձ դպրոցներ փակելով կամ միավորելով՝ դատարկում են սահմանամերձ գյուղը, հետո լիքը մանկավարժների թողնում են առանց աշխատանքի։ Դա լուրջ շատ լուրջ վտանգներ է ենթադրում։

«Հիմա արդեն բոլորիս է տեսանելի և լսելի, որ այս քայլերով գնում են այսպես կոչված խաղաղության, բայց այդ խաղաղությունը իրենց ընդամենը ենթադրում է դառնալ Մեծ Թուրանի մի մասը` թուրքական վիլայեթ։ Կարծես ևս մեկ Եղեռն ենք ապրում, միայն կորցնում ենք։ Միակ բանը, որ ընդլայնում ենք «Եռաբլուրն է»....»,-եզրափակում է ուսուցիչը։