Երևան +12°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:00 16-03-2024

Դատախազության և Ոստիկանության խայտառակությունն է. իրավապաշտպանը՝ Ֆուչիկի փողոցի կրակոցների մասին

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցում օրերս տեղի ունեցած կրակոցներին։

Oragir.News-ը կապ է հաստատել «Վելես» ՀԿ-ի հիմնադիր, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ՝ պարզելու՝ որքանով է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը ապահովագրված նման իրավիճակներում, ինչին ի պատասխան՝ զրույցակիցն ասաց, որ ՀՀ որևէ քաղաքացի՝ անկախ տարիքից բացարձակ անվտանգ չէ․

«Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացի՝ սկսած նորածին երեխայից՝ մինչև ամենազառամյալ մարդը, բացարձակ անվտանգ չէ, որովհետև չկա իրավապահ համակարգ։ Բոլոր հանցագործությունները կատարվում են կա՛մ իրավապահ համակարգի անմիջական մասնակցությամբ, կա՛մ գոնե թողտվության ներքո։ Որևէ մեկը չի կարող այդքան լկտիանալ, որ նման բան անի։ Սրանք երևի վատ նկահարանված սերիալի ազդեցության տակ են մնացել, որով էլ որ դաստիարակվել են 30 տարի։ Նույնիսկ ամենամեծ երևակայություն ունեցողը չի կարող պատկերացնել այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում»։

Իրավապաշտպանը վստահեցրեց, որ այլ երկրներում թե՛ ոստիկանապետը, թե՛ դատախազը անմիջապես հրաժարական կտային․

«Բացի նրանից, որ ոստիկանությունը զբաղված է մարդկանց բռնելով, գաղտնալսելով, այն ունի իր ամենակարևոր՝ հանցագործությունների կանխարգելիչ ֆունկցիան։ Զարմանալի է նաև այն, որ չգիտես՝ ինչու, երբ մեր երկրում նման հանցագործություններ են լինում, պարեկները ներծծվում են․ երևի հատուկ քիմիական լուծույթ կա, որ շաղ են տալիս, պարեկները լուծվում են դրա մեջ։ Սա Հայաստանի Հանրապետութան Դատախազության և Ոստիկանության խայտառակությունն է։ Եթե սրանք նամուս ունենային, պիտի կախվեին, կամ գոնե հրաժարական տային»։

Մարինա Պողոսյանը վստահեցրեց, որ եթե գտնվեն տեսանյութի գործող անձինք, առավելագույն պատիժը, որ կրելու են, մեկ-երկու ամիս կալանավորվելը կլինի․

«Ինձ թվում է՝ սա հատուկ արվում է, որ երկիրը հայաթափվի, որ ղեկավարները իրենց հարազատներին հողերը հանձնեն առանց բնակչի»։

Oragir.News-ի դիտարկմանը, թե կարո՞ղ են արդյոք բնակիչները լսած չլինել կրակոցների մասին, իրավապաշտպանն այսպես անձագանքեց․

«Ուզում եմ հասկանալ՝ տարածքի բոլոր բնակիչները լսողության խնդի՞ր ունեն, խո՞ւլ են։ Բայց, ինչևէ, բնակիչը պարտավոր չէ լսել, բա Ոստիկանությունը ի՞նչ է անում։ Դա եմ ուզում իմանալ»։

Հարցին՝ տեսանյութի հանրայնացումից հետո իրավապաշտպանը ակնկալո՞ւմ է Ոստիկանության ինչ-որ քայլ, ասաց․

«Իհարկե ոչ։ Ինչի՞ մասին է խոսքը։ Դատախազությունից ու Ոստիկանությունից ե՞րբ ենք ինչ որ բանի սպասել, որ հիմա սպասենք։ Իրենց գործառույթը առավելագույնը լինելու է հանցագործության մասին հաղորդումը արկղի մեջ գցելը, և, միգուցե, իրենց շահերը հետապնդելը՝ չբացահայտելու առումով»։

Ամփոփելով զրույցը՝ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը վստահեցրեց, որ այս դեպքը հանցավոր համագործակցության վառ օրինակն է հանցագործողի ու Դատախազության միջև։

«Եկեք փորձենք միասին գնալ դեպքի վայր ու կրկնել նույնը․․․
Նույնիսկ Ֆուչիկի «Ֆ»-ին չենք հասնի․ պարեկները, Վահե Ղազարյանը, Աննա Վարդապետյանը, Արգիշտի Քյարամյանը, կարմիրբերետավորները, կապույտբերետավորները «պատ» կկանգնեն միանգամից։ Վաղը կարող է պարզվի, որ սա հերթական քաղաքական պատվերն է, և հավատացեք՝ տեսանյութեր կան, որ դեռ համացանց չեն էլ դրվել։
Քանի որ մեր հետևորդները Դատախազությունից ավելի են մեզ վստահում, ուղարկում են, մենք էլ արխիվացնում ենք։ Սա գալիս է նրանից, որ երբ նոյեմբեր ամսին քննիչ կոչված Թունյանին ասում եմ, որ ինձ վրա մահափորձ է եղել, ասում է՝ դա ինձ չի վերաբերվում։ Վերջ։ Ամեն ինչ սրանով ավարտվում է։ Բա որ Աննա Վարդապետյանի հանդեպ լիներ մահափորձը, իրեն չէ՞ր հետաքրքրելու, թե՞ տարբերություն կա մեր կազմվածքների մեջ։ Սա խոսում է այն մասին, որ ամեն առավոտ արթնանալիս՝ մարդը, ամեն դեպքում, պիտի կտակ կազմի»,- ամփոփելով զրույցը՝ նշեց Պողոսյանը։