Երևան +10°
copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 22:30 15-03-2024

Հայաստանում բռնություն գործադրող ոստիկաններն անպատիժ են մնում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Այսօր մամուլը գրել էր, որ փետրվարի 23-ին Երևանից Գյումրի գործուղված ոստիկանական ուժերը բերման են ենթարկել իշխանությունների կոկորդին կանգնած Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եղբորորդուն։ Հրապարակման համաձայն՝ 31-ամյա երիտասարդին բերման են ենթարկել իբր թմրանյութերի դեմ պայքարի օպերացիայի շրջանակներում, իսկ բաժանմունքում նրան դաժան ծեծի են ենթարկել, նոր միայն բաց թողել։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։ «Երեւանից էին` ինչ-որ հատուկ վարչությունից, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում են բերման ենթարկել, քաղաքից 15-20 հոգու բերման են ենթարկել՝ ներառյալ իմ եղբորորդուն: Բնականաբար, ընտանիքի անդամներին ահաբեկելով՝ առավոտ լուսումութին, հետո էլ ծեծի են ենթարկել։ Սա արել են Երեւանի ոստիկանները, Գյումրիի ոստիկանները կապ չունեն կատարվածի հետ»,- ասել էր սրբազանը։

Oragir.News-ը հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս միջադեպը վկայո՞ւմ է այն մասին, որ գործող իշխանությունները թիրախավորում իրենց ընդդիմախոսների ընտանիքի անդամներին։ Ի պատասխան՝ Ղազարյանն ասաց, որ գործի հանգամանքներին ծանոթ չէ, մամուլից է տեղեկացել միջադեպի մասին, սակայն վստահաբար պնդեց, որ իշխանությունները թիրախավորում են իրենց ընդդիմախոսներին, վերջիններիս հետ փոխկապակցված անձանց, ինչն ամենևին նորություն չէ։

«Առհասարակ Ոստիկանությունում բերման ենթարկված անձի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելը հանցագործություն է՝ անկախ նրանից, թե այն ում նկատմամբ է գործադրվում։ Վերջիններս իրենց նման գործողությունների համար միանշանակ պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց նա՝ նշելով, որ չի կարծում, որ սա նման վերջին դեպքը կլինի։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ծեծի ենթարկողները օրենքով պատասխանատվության կենթարկվեն՝ մեր զրուցակին իր օրինակով պատասխանեց, որ դա հնարավոր չէ։ Նա հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերին իր նկատմամբ ոստկաններն ապօրինի ուժ են գործադրել, սակայն առ այսօր ոչ մեկ դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։

«Դիմակավորվան անձինք ինձ տապալել են գետնին, ձեռնաշղթաներով բերման են ենթարկել, ինչից հետո ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, սակայն նրանցից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Այդ ամբողջն արձանագրվել էր թե՛ տեսախցիկների, թե՛ լրագրողների կողմից, ամեն ինչ ֆիքսվել էր, մի տարուց ավելի վարույթ իրականացրեցին, սակայն վերջերս որոշում ստացա այն մասին, որ ոչ մեկի մեղադրանք չեն առաջադրվել։ Դրանից հետո բողոքարկվել եմ դատախազին, վերջինս քննիչի որոշումը թողել է անփոփոխ, հիմա դիմել եմ դատարան, որպեսզի դատարանի միջոցով պարատավորեցնենք, որ վարույթը շարունակվի ու մեղավորները պատասխանտվության ենթարկվեն»,- մանրամասնեց նա։

Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ իր հետ կատարված միջադեպը վկայում է այն մասին, որ ոստկանների նկատմամբ օրենքով սահմանված ոչ մի պատժի գործողություն չի իրականացվել։ Նա հիշեցրեց նաև 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված անմարդկային դաժան ու աններելի բռնությունը, որի գործը նույն ձևով կառճվել է, և ինչ- որ մեկը պատասխաանատվության չի ենթարկվել։

Մեր հարցին, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել նման միջադեպերը հետագայում կանխելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ Ղազարյանը պատասխանեց, որ ոստիկանության ղեկավար կազմում հանցագործներ են, ովքեր ներքաշվել են կազմակերպված հանցավոր խմբի մեջ, իրականացնում են ադրբեջանա-թուրքական ռեժիմի պահանջները և դարձել են նրանց սպասավորները։

Նա հավելեց, որ Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխության հասնել՝ հասարակական կարգն ու օրինականությունը վերականգնելու համար։ «Իշխանության փոփոխություն, ուրիշ տարբերակ չկա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան