Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 29-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով այսօրվա դատավարության ժամանակ դատախազ Արման Բաղդասարյանը 2 տարի 6 ամիս ազատազրկում պահանջեց Սրբազանի համար։ Նրան նախորդ շաբաթ մեղավոր ճանաչելուց հետո դատարանն այսօր սկսել է լրացուցիչ լսումներ՝ պատժաչափը որոշելու համար։ Սրբազանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում։ Նրա փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, թե այս դատարանում արդարության զգացում չունեցան: Նիստն այսօր սկսվեց պաշտանական կողմի միջնորդությամբ՝ հերթական՝ արդեն երրորդ բացարկը դատավոր Արմինե Մելիքսեթյանին, որը մերժվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ին, այդ ժամանակ կհրապարկվի դատավճիռը: Աջապահյանն առաջնորդն իրեն մեղավոր չի ճանաչում, գործընթացն էլ որակում է քաղաքական հետապնդում։ Գործը հարուցվել է սրբազանի ավելի քան մեկ տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղափոխության անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել և քրեական գործ հարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի ու կաթողիկոսի դեմ։ Իրավապահները պատճառաբանում են, թե Միքայել Աջապահյանը մեղավոր է, քանի որ նույն միտքը կրկնել է մի քանի անգամ։
Մինչ դատարանը Միքայել Սրբազանի պատժաչափն է որոշում, ՔՊ-ական գործիչները անպատիժ են մնում։ Երևանի դատախազը որոշել է, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի «վիզդ կպոկեմ վրիցդ» արտահայտությունը սպառնալիք չէ, պատգամավորն էլ որևէ պատասխանատվության չի ենթարկվի: Երկու ամիս առաջ Հովհաննիսյանը ոչ միայն սեռական հայհոյանքով ու այս արտահայտությամբ դիմել էր ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին, այլև ջրի շիշ էր շպրտել նրա ուղղությամբ: Դատախազությունից չեն մանրամասնել, թե ինչպես են նման եզրահանգնման եկել։ Ընդ որում, սա ՔՊ-ական պատգամավորի կողմից ընդդիմադիրներին ուղղված առաջին նման արտահայտությունը չէ։ «Մեր ժողովրդին մեկը բան ասի՝ լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը», - երկու տարի առաջ կրկին խորհրդարանում ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին էր սպառնացել, ընդունել, որ սպառնում է, բայց դատախազությունը սա էլ սպառնալիք չէր որակել:
Նույն կերպ պատասխանատվության չի ենթարկվի նաև Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, ով իր ֆեյսբուքյան էջում, պատասխանելով դաշնակցական գործընկերների քննադատությանը, գրել էր. «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել: Մեքենայի հետևից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել: Սա ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին: Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեք ամիս քննել ու եզրակացրել է՝ իշխանական գործիչը որևէ օրենք չի խախտել, ավելին՝ դրանք գրել է՝ ի պատասխան իր հասցեին արված քննադատության ոչ թե պաշտոնական, այլ՝ անձնական էջում, չի գրել խիստ անպատշաճ, գռեհիկ, անձնական վիրավորանք, նրա խոսքերն ուղղված են եղել քաղաքական գործիչներին, որոնք պետք է հանդուրժող լինեն քննադատության, անգամ վիրավորական խոսքի նկատմամբ:
Բաքվում էլ այսօր շարունակվել է ադրբեջանական բանտերում արդեն 2 տարի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։ ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` այսօր հրապարակվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են «քաղաքացիական անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու, նրանց կյանքին վերջ դնելու փորձերի, նրանց գույքին վնաս հասցնելու և 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում տեղի ունեցած այլ միջադեպերի»: Լրատվամիջոցի համաձայն` այդ փաստաթղթերում նշված է, թե «2016 թվականի ապրիլի 2-28-ը հայկական զինված ուժերն իբրև թե բազմաթիվ հանցավոր գործողություններ են կատարել Ադրբեջանի մի շարք շրջանների անպաշտպան բնակավայրերում, ինչպես նաև կրթական և բժշկական հաստատություններում: Նշենք, որ Բաքվում հայ գերիների շինծու դատավարությունները փաստացի բաց չեն. դրանց միջազգային իրավապաշտպաններ, փաստաբաններ ու լրագրողներ ներկա չեն, նիստերից հաղորդում են բացառապես Ադրբեջանի պետական լրատվամիջոցները, որոնց ներկայացրած տեղեկությունները ճշտելու հնարավորություն չկա։ Պաշտոնապես Բաքվի բանտերում 23 հայ գերի է պահվում, որոնցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են։
Մանրամասները՝ տեսանյութում: