Իլհամ Ալիևի հովանու ներքո ընթացող «XI գլոբալ համաժողովին» Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Ֆրանսիայի հասցեին ուղղված բազմաթիվ մեղադրանքներով։ Մասնավորապես, Ալիևը Ֆրանսիային մեղադրել է «ահաբեկչության հովանավորման» մեջ, ակնարկելով Հայաստանի կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերումը։
Միաժամանակ, Ալիևն անդրադարձել է նաև Հայաստանին, նշելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում ոչնչացվել և որպես ռազմավար է վերցվել 5 մլրդ դոլարի, իսկ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում՝ 1 մլրդ դոլարի սպառազինություն, որը ժամանակին տնօրինվել է Հայաստանի կողմից։
«Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան միջոցներ։ Պարզ է, որ մեր դեմ կիրառված զենքը Հայաստանը ստացել է անվճար»։
Ալիևը չի կոնկրետացրել իր մեղադրանքների հասցեատերերին, սակայն կարելի է ենթադրել, որ դրանց թվում է նաև Ռուսաստանը, ինչպես նաև Ֆրանսիան։ Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանն անդադար զինվում է թե՛ թուրքական, թե՛ իսրայելական, թե՛, մինչև իսկ, ռուսական սպառազինությամբ։
Փաստ է, որ Ադրբեջանը որպես ինքնիշխան պետություն՝ ամբողջովին գտնվում է թուրքական ազդեցության ոլորտում, քանի որ ամեն ինչով՝ իր սկզբնավորումից սկսած, մինչև այսօրվա «հաղթական» վիճակը պարտական է Թուրքիային։ Եվ Ալիևը, որպես փորձառու քաղաքական գործիչ, չի կարող այդ իրողությունը հաշվի չառնել։ Նրա խոսույթը թելադրված է Թուրքիայից և հետապնդում է կոնկրետ նպատակ՝ հնարավորինս վնասել այն պետություններին, որոնցից Էրդողանը որևէ վտանգ է կանխազգում։ Տվյալ դեպքում Էրդողանի թիրախն, առաջին հերթին, Ֆրանսիան է, որի դեմ Թուրքիան տասնամյակների վիրավորվածություն ունի (նկատի առնենք թեկուզ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում Ֆրանսիայի կողմից խոչընդոտների հարուցումը)։ Եվ Ալիևը, կամա թե ակամա, պետք է կատարի «մեծ եղբոր» կամքը։ Բայց խոսել Հայաստանին անվճար տրված սպառազինության մասին՝ նշանակում է կշտամբել Ռուսաստանին, որն, իհարկե, իրապես «անվճար» զենք-զինամթերք չի տրամադրել, սակայն նախկին իշխանությունների հետ կնքած ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրերը նախատեսում էին շատ ցածր արժեքով մատակարարում։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ ալիևյան անուղղակի հակառուսական խոսույթը նույնպես պետք է Էրդողանին․ ա՛յն Էրդողանին, որը թեև առևտրի մեջ է Պուտինի հետ, սակայն Բայրաքտար է մատակարարում Զելենսկիին, Ղրիմը և Դոնբասը՝ ճանաչում, որպես ՈՒկրաինայի անքակտելի մաս։
Ալիևն իր հերթին, ՌԴ հետ համագործակցությունը շարունակ ընդլայնելով հանդերձ՝ նույն Դոնբասը համարում է «անջատողական»։ Եվ միաժամանակ 2 աթոռի վրա նստելը շատ է անհանգստացնում Ապշերոնի բռնապետին։
Հանրահայտ ասացվածքը սահմանում է՝ «փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդ ընկնում»։
Տիգրան Աթանեսյան