Երևան +14°
copy image url
Արտաքին Ներքին Միտք 1 ամիս առաջ - 21:30 14-03-2024

Ինքնավար մարզի կարգավիճակ Սյունիքին. թուրք-ադրբեջանական նոր պահանջը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Բազմիցս պնդել ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը չի սահմանափակվելու Արցախի ամբողջական բռնազավթմամբ և դրանից հետո իր պահանջներն ուղղելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին։ Այս համատեքստում թիրախում է հատկապես ՀՀ Սյունիքի մարզը, որտեղով հիշյալ երկրները Հայաստանից փաստացի սուվերեն միջանցք են պահանջում՝ իրենց պահանջը փաթեթավորելով տարբեր ձևակերպումներով, սակայն դրանցից պահանջի էությունը չի փոխվում։

Օրերս թուրքական իշխանամերձ «Թուրքիա» լրատվականում «Ֆրանսիայի և Իրանի կողմից Զանգեզուրի նկատմամբ սաբոտաժ. կարևորագույն միջանցքում 10 հազար պարտիզաններ են տեղակայվել» խորագրով հոդված է հրապարակվել, որում նշվել է, թե, իբր «թյուրքական աշխարհի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս միջանցքը հայտնվել է արտաքին ուժերի թիրախում»։

Հոդվածում նշվել է, որ պարտիզաններին, որոնց շարքում կան նաև Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամներ», օրական 12 դոլար են վճարում, որը վճարում է Ֆրանսիան, վերջինս նաև զենք է ուղարկում, իսկ Իրանը՝ սեփական քայլերն է ձեռնարկում և բնակեցնում Սյունիքին հարակից շրջանները։

Հոդվածը միևնույն ժամանակ ուշագրավ մանրամասներ է հայտնել նաև մարտի 1-3-ը Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ։Նշվում է, որ թեև հայկական կողմը պնդել է, որ ապաշրջափակվող հաղորդակցությունները պետք է ինքը վերահսկի, սակայն դա անընդունելի է եղել ինչպես Անկարայի և Բաքվի, այնպես էլ Մոսկվայի համար։ Հրապարակման համաձայն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն առաջարկել է Սյունիքին հատուկ կարգավիճակ տրամադրել և կիրառել Կալինինգրադի մոդելը, որը թեև գտնվում է Ռուսաստանի Դաշնության կազմում, սակայն ունի ինքնավար մարզի կարգավիճակ։

Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Սյունիքը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի և թյուրքալեզու աշխարհի, այլ նաև տարածաշրջանի և համաշխարհային առևտրի համար։ Բացի այդ նշվում է, թե, իբր «Հայաստանը նախորդող 3 տարիներին Ֆրանսիայից և Իրանից հրահանգներ է ստացել ու այս հարցում անգամ փոքր քայլեր չի ձեռնարկել»։ Միևնույն ժամանակ հրապարակման հեղինակը պնդում է, թե իբր Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի՝ հղում անելով Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հայտարարություններին։

Այսպիսով, հիմք ընդունելով թուրքական իշխանամերձ լրատվամիջոցի տեղեկությունները, կարող ենք փաստել ներկայումս թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվորեն քայլեր է ձեռնարկում Սյունիքի մարզը Հայաստանի Հանրապետությունից օտարելու և այն սեփական վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Այս համատեքստում տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանում առաջ է մղվում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը, որի շրջանակներում Ալիևի ռեժիմը նախատեսում է Հայաստանում շուրջ 300 հազար ադրբեջանցու բնակեցնել, որոնց մի զգալի հատվածը պետք է հաստհատվի նաև Սյունիքի մարզում։

Նման իրավիճակում չի բացառվում, որ բացի ադրբեջանցիների չակերտավոր վերադարձն ապահովելու պահանջից՝ Անկարան և Բաքուն արդեն պաշտոնապես պահանջեն Սյունիքի մարզին հատուկ կարգավիճակ տրամադրել, որը փաստացի չի վերահսկվի ՀՀ-ի կողմից։ Սա չափազանց վտանգավոր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող սցենար է, որի ցանկացած տարբերակով իրագործումը ծանր և գուցե անդառնալի վնասներ կհասցնի Հայաստանի պետականության հիմքերին, որոնք վերջին տարիներին արդեն մի քանի ծանր հարվածներ ստացել են։

Ինչ վերաբերում է Սյունիքում «10 հազար պարտիրզաններ» տեղակայելու վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանը, ապա սրանով ՀՀ-ի թշնամիները մի կողմից քարոզչական հիմք են ստեղծում Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ հարձակումներ գործելու համար, իսկ մյուս կողմից փորձում են ճնշումներ բանեցնել հենց գործող իշխանությունների նկատամամբ, որ եթե այս հարցում իրենց պահանջները չկատարվեն, ապա խնդիրը կլուծեն ռազմական գործողությունների և ՀՀ տարածքի մասնատման ճանապարհով։ Անկարան և Բաքուն նման գործողությունը քարոզչական մակարդակում կհիմնավորեն նաև սեփական անվտանգությանը սպառնացող «մարտահրավերներով», ինչպես թուրքական կողմը դա արել է Սիրիայի և Իրաքի պարագայում, երբ նման պատրվակով ներխուժել է այս երկրներ ու այնտեղից զգալի տարածքներ օկուպացրել։

Այսպիսով՝ վերջին տարիներին գործող իշխանությունների վարած միակողմանի զիջումների քաղաքականության հետևանքով թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը միայն մեծացել է և ուղղվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ստեղծված իրավիճակը պահանջում է նախևառաջ ակտիվ բանակցություններ վարել և միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել թշնամու ծրագրերի վրա, քանի որ միայն միջազգային ակտիվ ճնշումները իզորու կլինեն առժամանակ վիժեցնել դրանց իրագործումը՝ մինչև ՀՀ-ն կկարողանա վերականգնել իր զինված ուժերի մարտունակությունը և ինքնուրույն պաշտպանել սեփական ինքնիշխան տարածքի անվտանգությունը։

Ստեղծված իրողությունների պայմաններում պակաս կարևոր չէ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության ամրապնդումն ու հնարավորինս խորացումը, քանի որ նաև հենց Իրանի սկզբունքային դիրքորոշման միջոցով է հնարավոր եղել առ այսօր կանխել Սյունիքը օկուպացնելու թշնամու ծրագիրը։ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի Իրանի հետ ռազմական փոխգործակցությունն ամրապնդելու, այդ երկրից սպառազինություն գնելու, ինչպես նաև համատեղ զորավարժություններ անցկացնելու ուղղությամբ, և, դատալով Թեհրանից հնչող հայտարարություններից, հարևան երկիրը նման պատրաստակամություն ունի։

Դավիթ Գույումջյան