Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 ամիս առաջ - 22:30 14-03-2024

ԵԽ բանաձևը ճանաչում է արցախցիների վերադարձի իրավունքը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանը 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը։ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- նշվում էր բանձևում։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ընդգծեց՝ բանաձևը դատապարտում է Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած գործողությունները, խոսում է արցախահայերի իրավունքների, այդ թվում՝ վերադարձի իրավունքի մասին, որոնք ավելի կարևոր են, քան ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածությունը դիտարկելու առաջարկը։ Պատգամավորը կարևորեց, որ հանրությունը գեղեցիկ վերնագրերով չխաբվի, չոգևորվի՝ հիշեցնելով, որ օրինակ հարևան Վրաստանի դեպքում այդ գործընթացը 15 տարի է տևել, և երկիրը միայն նախորդ տարեվերջին թեկնածուի կարգավիճակ ստացավ։

«Կարևոր է արձանագրել, որ եթե խոսքը գնում է վիզաների ռեժիմի դյուրացման, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման մասին, ապա դրանք կարևոր արժեքներ են, և մենք մշտապես կողմ ենք եղել դրանք։ Սակայն մտահոգիչ է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացումը դիտարկվում է ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների տիրույթում և այս առումով արդեն գործող կառույցներին ու մեխանիզմներին հակադրությունը մեզ համար անընդունելի է»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե հարաբերությունները որևէ երկրի կամ կետրոնի հետ սերտանում են, ինչը Հայաստանին կարող է օգուտ բերել, ապա դա լավ է, բայց ոչ մեկ մեզ չի կարող պարտադրել, որ դա տեղի կունենա, երբ Հայաստանը հրաժարվի մյուս կենտրոնի հետ հարաբերություններից։ Վարդանյանը շեշտում է՝ դա ոչ թե հարաբերությունների սերտացում է, այլ ՀՀ ինքնիշխանության խախտում, ինչի մասին գործող իշխանությունները շատ են սիրում խոսել։

Մեր զրուցակիցը նկատում է, որ եթե խոսվում է ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության մասին, ապա անհրաժեշտ է քննարկել այն փաթեթն ու տարբերակը, որն առաջարկվում է ՀՀ-ին։ «Իսկ եթե առաջարկվում է, որ Հայաստանը հրաժարվի այս պահին իր ստանձնած պարտավորություններից և դրանից հետո նոր միայն դիտարկվի անդամակցությունը, ապա դա խնդրահարույց է։ Նույն ԵՄ դիտորդները, մեկ տարի է անցել, ինչ նրանք տեղակայվել են Հայաստանում, սակայն ԱԺ-ն նոր է ստանում այն փաթեթը, որը վերաբերում է դիտորդներին և այնտեղ ոչինչ, բացի նրանց տրվող արտոնություններից, չկա»,- ասաց նա։

Քրիստնե Վարդանյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ հարցական է մնում, թե եվրոպացի դիտորդները ինչ մանդատով են Հայաստանում գտնվում, ինչ պարտականություններ ունեն և այս ամբողջը թողնվում է Եվրոպական միության կարգավորմանը։ Պատգամավորը այստեղ նույպես կարևորում է հասկանալ այն հանգամանքը, որ եթե Հայաստանին որևէ բան առաջարկվում է, ապա դա ի՞նչ փաստաթղթի հիման վրա է լինում, կողմերն ի՞նչ պարտավորություններ են ստանձնում դրանով.

«Մենք ԵՄ-ի հետ արդյունավետ բանակցությունների ու պայմանագրի կնքման լավ օրինակ ունենք, որը ՍԵՊԱ-ն է՝ ասոցացման պայմանագիրը, որտեղ ոչ մի կերպ Հայաստանի մյուս գործընկերային պայմանավորվածությունները չեն խախտվել, կամ նսեմացվել։Եթե այս տրամաբանության մեջ է, ապա միայն ողջունելի է, բայց եթե հակադրման տրամաբանության մեջ է, ինչի մեսիջները մենք հիմա ստանում ենք, դա մեր երկրի համար խնդրահարույց է ու Հայաստանի շահերից չի բխում»։

Հարցին, թե այս բանաձևից հետո ինչ կփոխվի ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես եվրաինտեգրացիայի ուղղությամբ, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ ներկայումս իշխանության մեջ գտնվող անձինք շատ պարզ խոսում են իրենց առաջնահերթությունների մասին, շատ պարզ նշում են սերտ հարաբերություների մասին, բայց անհրաժեշտ է հաշվի առնել ոչ թե ՔՊ-ի, այլ Հայաստանի անհրաժեշտությունները։ Նրա խոսքով՝ ԵՄ-ի ու հավաքական Արևմուտքի առաջնահերթությունները պարզ են, ոչ մեկը դրանք չի թաքցնում.

Ներկայումս Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև առճակատում է ընթանում, ու հավաքական Արևմուտքն ամեն ինչ անում է հնարավորինս շատ շրջաններում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մենք շատ պարզ հարցի պիտի պատասխանենք. դա մեզ պե՞տք է, թե՞ ոչ, մեր անվտանգության վրա դա ո՞նց է ազդելու, և մենք հիմա ռեսուրս ունե՞նք աշխարհաքաղաքական այս բախումը Հայաստանի տարածք տեղափոխելու համար։ Եթե ունենք, ապա պիտի գնանք այդ ճանապարհով, բայց ես չեմ կարծում, որ ունենք, ես չեմ կարծում, որ մենք պետք է գնանք Ուկրաինայի ճանապարհով, դա չափազանց թանկ գին է, և մենք չենք կարող ո՛չ ԵՄ-ի շահերի, ո՛չ էլ ՌԴ-ի շահերի համար մեկ կաթիլ արյուն թափել»։

Քրիստինե Վարդանյանը հավելեց, որ Հայաստանը պետք է այս սկզբունքը որդեգի և համապատասխան քաղաքականություն վարի։ Նա ասաց, որ ոչ մեկը չի պատրաստվում հայերի գեղեցիկ աչքերի համար ինչ-որ բան անել։

«Կա կոնկրետ շահերի հաշվարկ, և մենք էլ պիտի հասկանանք, թե մեր առաջներհերթությունը որն է։ Կարծում եմ մեր առաջնահերթությունն անվտանգության ապահովումն է, հետևապես ամեն քայլ պետք է դիտարկվի այն համատեքստում, թե դա մեր անվտանգությունն ապահովո՞ւմ է, թե վտանգում, եթե ամրապնդում է արվի,եթե վտանգում է՝ չարվի։ Եթե այս կոնտեքստում դիտարկեք, ամեն ինչ շատ ավելի կհեշտանա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան