Մերձեցումը ժամանակավոր է. Էրդողանի թուլացման հետ ռուս-թուրքական հարաբերություններն էլ կթուլանան
copy image url

Մերձեցումը ժամանակավոր է. Էրդողանի թուլացման հետ ռուս-թուրքական հարաբերություններն էլ կթուլանան

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:00 14-03-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարեց, որ Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո Թուրքիայում կընդունեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հատկանշական է, որ ավելի քան 1 տարի է՝ Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցն օրակարգում է, սակայն այն տարբեր պատճառներով տեղի չի ունենում։

Oragir.News-ը թյուրքագետ Մուշեղ Խուդավերդյանից հետաքրքրվեց, թե ընտրություններից հետո Պուտինի այցը Թուրքիա վկայո՞ւմ է այն մասին, որ վերջինս դարձել է աշխարհում ՌԴ-ի գլխավոր դաշնակիցը։ Խուդավերդյանը չհամաձայնեց այս դիտարկման հետ՝ հիշեցնելով, որ Թուրքիան չի կարող ՌԴ-ի գլխավոր դաշնակիցը լինել, քանի որ վերջինս հանդիսանում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ։

Թյուրքագետն ընդգծում է, որ Էրդողանի և Պուտինի հարաբերությունները բավականին ջերմ են, սակայն դա չի նշանակում, որ երկու երկրների հարաբերություններն էլ են նույնքան ջերմ։ Նա ընդգծեց՝ Թուրքիան արևմտյան աշխարհի և արևմտյան կազմավորումների անդամ երկիր է.

«Այո՛, միգուցե Էրդողանը փորձում է ջերմ պահել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան գնում է դեպի Ռուսաստանը։ Ընդհակառակը՝ Թուրքիայում Էրդողանի իշխանությունը գնալով թուլանում է, և գալու է մի ժամանակ, երբ Թուրքիայում ընդգծված արևմտամետ իշխանություն է լինելու, և այդ երկիրը հեռանալու է Ռուսաստանից, իհարկե ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական առումով, քանի որ ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները կայուն զարգանում են»,- կարծում է նա։

Հարցին, թե ներկայումս ռուս-թուրքական օրակարգում որ հարցերն են առաջնային, մեր զրուցակիցը պատասխանեց՝ առաջնային է, որ Էրդողանը դեռևս ամբողջովին չի միանում ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներին, սակայն դա վերջինիս չի խանգարում շատ հարցերում հակառուսական դիրքորոշումներ արտահայտնել։ Ըստ նրա՝ Պուտինն ու Էրդողանը կխոսեն նաև տարածաշրջանային համագործակցության 3+3 հարթակի մասին, որտեղ պետք է տարածաշրջանային հարցերը միասին լուծեն։

Թյուրքագետը միևնույն ժամանակ նկատում է, որ ռուս-թուրքական մերձեցումը ժամանակավոր բնույթ է կրում, և որքան Թուրքիայում թուլանա Էրդողանի իշխանությունը, այնքան թուլանալու են ռուս-թուրքական հարաբերությունները։

Մեր հարցին, թե Պուտինի այցը Թուրքիա ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի վրա, Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց, որ Պուտինն այսօր այնքան խնդիրներ ունի, ուստի հակված չէ կարծել, որ Հայաստանը նրա օրակարգում առաջնային է լինելու։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի համար առաջնայինը խաղաղության պայմանագրի կնքումն է, իսկ Թուրքիան իր հերթին արդեն հայտարարում է, որ սպասում է խաղաղության պայմանագրի կնքմանը՝ Հայաստանի հետ միանգամայն նոր, բարձր որակի հարաբերություններ հաստատելու համար։

«Սա այն պայմանն է, որը ոչ մի փոփոխության չի ենթարկվի, իսկ ինչ վերաբերում է բուն ռուս-թուրքական հարաբերություններին, ապա կրկնեմ՝ դրանք ոչ միանշանակ են. ՌԴ-ն և Թուրքիան այսօր Մերձավոր Արևելքում լուրջ հակառակորդներ են, Թուրքիայի իշխանությունները լուրջ քննադատության են ենթարկում Իսրայելին, սակայն լուրջ համագործակցության ոլորտներ ունեն։ Մասնավորապես հրեա մասնագետները շատ են օգնում, որ թուրքական բանակն ավելի ամրապնդվի, և այլն։ Ուստի չեմ կարծում, որ Պուտին-Էրդողան միջանձնային հարաբերությունները բերեն նրան, որ Թուրքիան պոկվի արևմտյան աշխարհից, ես դա բացառում եմ»,- նկատեց նա։

Անդրադառնալով փորձագիտական դաշտում առկա այն պնդումներին, որ հնարավոր է Պուտինի այցից հետո Ադրբեջանը ՌԴ-ի դրդմամբ հարձակում գործի Հայաստանի դեմ, թյուրքագետն ընդգծեց՝ չի կարծում, որ Ադրբեջանի հարձակումները լինում են Ռուսաստանի դրդմամբ։ Ըստ նրա՝ Ադրբեջանը բավականին ինքնուրույն քաղաքականություն է վարում։

Խուդավերդյանը հավելեց, որ պատերազմի հավանականությունն այսօր մեծ է, սահմանին զորքեր ու զինտեխնիկա է կուտակվում։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ հայ-թուրքական սահմանի հարևանությամբ նույնպես զորավարժություններ են անցկացվում, իսկ առկա իրավիճակի բանալին խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ «Խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է, որպեսզի հետագայում պատերազմի հավանականություն չլինի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան