Երևան +28°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 12:20 14-03-2024

Փաշինյանը չպետք է հնար գտնի «բաժանելու և տիրելու» արցախցիներիս

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից թվով 7 ընտանիք 16 մլն դրամ կստանան՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

«Շատ ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք սահմանամերձ համայնքներում հողակտոր ունի և շուտով կսկսեն շինարարությունը», նշել է վարչապետի պաշտոնը կատարող անձը՝ դրանով նաև շեշտելով, որ իր կողմից վարվող քաղաքականությունն արդեն արդյունքներ է տալիս։

Իսկ ո՞րն է բռնատեղահանված արցախցիների նկատմամբ Հայաստանի վարչապետի վերաբերմունքը։

Նիկոլ Փաշինյանն անուղղակի և ուղղակի եղանակներով ցույց տվեց, որ եթե անգամ մտադիր է արցախահայերին որևէ առանձնահատուկ վերաբերմունք տալ, ապա միայն բացասական ուղղությամբ։ Ուստի և հայտարարեց, որ բնակպայմանների ձեռքբերման նպատակով յուրաքանչյուր արցախցուն «հասնում է» 3 մլն դրամ։

Սա առաջացրեց արցախցիների բուռն բացասական արձագանքը։ Այն արտահայտվեց թե՛ հասարակական կազմակերպությունների, և թե՛ խորհրդարանի կողմից։ Ընդգծվեց, որ նման ծավալով ֆինանսավորման տրամադրման դեպքում հնարավոր չի լինելու այդ խնդրին նորմալ լուծում տալ։ Նախաձեռնվեց ստորագրահավաք, որին ակտիվորեն մասնակցելու բազմաթիվ կոչեր հնչեցին։

Մի խոսքով, արցախցիների միջև առաջացավ կոնկրետ խնդրի շուրջ լայն համախմբում․ գոնե այդպես էր երևում հատկապես սոցիալական հարթակներում տեղի ունեցող քննարկումներից, և սպասվում է բավական ազդեցիկ արդյունք, որը հայաստանյան կառավարիչներին «պլստալու» տեղ չպիտի թողնի։

Բայց ահա՛, Նիկոլ Փաշինյանը «գտել է» 7 ընտանիք, որոնցից յուրաքանչյուրին 16 մլն է տալիս, որ գնան սահմանամերձ գյուղեր և բնակվեն այնտեղ։ Այլ կերպ ասած, ՀՀ ղեկավարը դրանով ցույց է տալիս, որ արցախցիների միջև ոչ մի կոնսոլիդացիա էլ չկա, ինչ էլ նրանց տան՝ կհամաձայնեն։

Այսպես ասած՝ «փողին մուննաթ»։

Սա նշանակում է, որ այդ ընտանիքները դարձել են Փաշինյանի կողմից խաղարկվող շոուի այն մեկնարկային «մասսովկան», որը պիտի իր երևից քարշ տա մյուս արցախցիներին և վերջապես, Փաշինյանի սրտի ուզավով, լուծի «պրոբլեմատիկ» «քույրերի և եղբայրների» տեղավորման հարցերը։

Ես չգիտեմ, չեմ կարող ասել՝ իսկապե՞ս գտնվել են այդ 7 ընտանիքները, իսկապե՞ս նրանք Արցախից են, և իսկապե՞ս նրանք գնում են ՀՀ սահմանամերձ գյուղեր՝ բնակվելու համար։

Պարզապես, որպես արցախցի, կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ հայրենակիցներիս՝ պահպանել միասնությունը, հասկանալ, որ եթե մեր՝ ահռելի չափերի հասնող խնդիրները նպատակ ունենք լուծելու, ապա պետք է գործենք միասնաբար։

Մենք պետք է հասկանանք մի պարզ բան․ բոլոր ժամանակներում «բաժանիր, որ տիրես» հնարքը քայքայել և կործանել է ամենասրբազան, կենսական կարևորության ցանկացած բան։

Նիկոլ Փաշինյանը չպիտի կարողանա բաժանել և տիրել մեզ։

Տիգրան Աթանեսյան