Երևան +15°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 14:00 12-03-2024

Մենք պետք է ընդգրկվենք թուրքալեզու ժողովրդի տնտեսական և լոգիստիկ քաղաքականությանը․ Սամվել Բաբայան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը բավական լայն թեմատիկայով հարցազրույց է տվել News.am կայքին , որտեղ, մասնավորապես, անդրադառնալով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման հարցին՝ հայտարարել է, որ ինքը դեռևս 2021 թվականին է հանդես եկել առաջարկով՝ դադարեցնել կառույցին Հայաստանի Հանրապետության անդամակցելը և Ռուսաստանի հետ հարաբերվել երկու պետությունների միջև առկա իրավական փաստաթղթերի շրջանակներում։

Միաժամանակ, Բաբայանը կրկնել է իր նախորդ հարցազրույցներից մեկում հնչեցրած այն թեզը, որ Մեղրիի ճանապարհը «տալը» (իր ձևակերպումն է – խմբ․) Հայաստանի համար մեծ ֆինանսական շահավետությունից բացի, նաև Իրանի իսլամական հանրապետությանը դերը «զրոյացնելու» հնարավորություն է։ Եվ ոչ միայն Իրանի․ Բաբայանը համոզված է, որ Մեղրիով տրվելիք ճանապարհը, շնորհիվ իր կարճության (իր խոսքով՝ 43 կմ երկարությամբ, ի տարբերություն ներկայում Վրաստանով անցնող տարանցիկ ուղու, որը կազմում է 460 կմ – խմբ․) և ցածրադիր, ուրեմն՝ անհամեմատ անվտանգ ռելիեֆի, գործող ռեգիոնալ կոմունիկացիաների լուրջ և օպտիմալ այլընտրանք է։

Ճիշտ է, Սամվել Բաբայանը խոստովանում է, որ այդ Մեղրիով ճանապարհ տալու պարագայում Վրաստանը կթշնամանա Հայաստանի հետ, քանի որ զրկվելու է հսկայական օգուտներից։ «Նույնը՝ Իրանի դեպքում․ նա էլ է թշնամանալու», համոզված է նա՝ ընդգծելով հանդերձ, որ Մեղրիով ճանապարհ չտալը կամ ձգձգելը Ադրբեջանի համար թեկուզև խնդրահարույց է, բայց այդ երկիրը գտել է պրոբլեմի բանալին․ որևէ հարց լուծելու համար Ալիևը Հայաստանի նկատմամբ սկսում է սահմանային հերթական էսկալացիան, ինչից հետո նրա կամքը բավարարվում է։ Բայց այս դեպքում, ըստ Բաբայանի, հնարավոր էսկալացիան անմիջապես վերաճելու է մեծ ռեգիոնալ պատերազմի, «քանի որ դու Մեղրիի ճանապարհը տալով՝ Ռուսաստանի տակից հանում ես 85 միլիոնանոց (նկատի ունի Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք այդ դեպքում առանց Ռուսաստանի են արևմտյան շուկաներ դուրս գալու – խմբ․) շուկա՝ էն դեպքում, երբ Ռուսաստանը հիմա պատերազմ է վարում 40 միլիոնանոց շուկայի համար», կարծում է Բաբայանը։

«Մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք։ Ես հուշում եմ մեր իշխանություններին․ քանի որ ճանապարհի հարցը էն մի հարևանին (ըստ երևույթին, նկատի ունի Իրանին – խմբ․) խոստացել եք, որ չեք լուծելու՝ դրանով բերում-հասցնում եք տարածաշրջանային պատերազմի։ Եթե մենք արհամարհում ենք Վրաստանի և Իրանի շահերը, բացում ենք ճանապարհը և Ադրբեջանի հետ ճշտում ենք ճանապարհի օգտագործման երաշխիքների, Ղարաբաղն ինքնավար հանրապետության (Ադրբեջանի կազմում – խմբ․) կարգավիճակ տալու հարցերը, ինչպես նաև, որ Ադրբեջանը Հայաստանին գազ մատակարարի՝ 100 խմ ծավալի համար սահմանելով 160 դոլար,,- գնու՞մ է Ադրբեջանն այդ ճանապարհով, պատրա՞ստ է Հայաստանի 10 մլրդ պարտքը «ջրել», ինչպես Վրաստանի դեպքում։ Ընդ որում, Հայաստանը ստանում է 800 մլն դոլար, որպես տարանցիկի դիմաց վճար և ստեղծում պրոֆեսիոնալ սահմանապահ զորք․․․ եթե սրան պատրաստ չենք՝ պետք է թեման փակենք, էլ հետամուտ չլինենք մեր ազգային շահերին», այս կարծիքին է Սամվել Բաբայանը։
«Մենք մեր պահվածքով տանում ենք պատերազմի, բայց բանակը չենք պատրաստում։ Ռուսաստանը, որը հիմա թույլ վիճակում է, դեմ չէ այդ ճանապարհին, բայց նա երկար չի կարող հանդուրժել Ադրբեջանի հետ ի վնաս իրեն ծավալված գործակցությունը․ մենք մեր հերթին, պետք է դեմ չլինենք ոչ ոքի, համագործակցենք բոլորի հետ, բայց եթե ՌԴ-ն, Իրանը կամ Վրաստանը չեն հարգում Հայաստանի շահերը՝ մենք այլընտրանք չունենք, պետք է, բնականաբար, ամեն գնով պաշտպանենք մեր շահերը»։

Բաբայանը համոզված է, որ Հայաստանի իշխանական համակարգը պետք է վերաձևավորվի, որպեսզի լեգիտիմ իրավունք ունենա աշխարհաքաղաքական ներկա զարգացումներում արտահայտելու իր կողմնորոշումը։ «Անհրաժեշտ է անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ, թույլ իշխանությունը չի կարող վեկտոր որոշել», հայտարարում է Արցախի ԱԽ նախկին քարտուղարը՝ շեշտելով, որ Հայաստանը պետք է ինտեգրվի թուրքալեզու ժողովրդի տնտեսական և լոգիստիկ քաղաքականությանը։ «Հայ ժողովուրդը պետք է ընտրի իր ուղին, սա է իմ հստակ տեսակետը։ Որևէ միութենական պետություն չենք մտնում, քանի որ ընդհանուր սահման չունենք։ Գլոբալ կենտրոնները սպասում են մեր ընտրությանը։ Պետք է առողջ ուժերը Հայաստանում ընդունեն, որ պահը վճռական է, անհրաժեշտ է որոշումներ կայացնել և շարժվել ըստ այդմ», եզրափակել է Սամվել Բաբայանը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված