Մարտի 8-ը տղամարդկություն ցույց տալու լավ առիթ է
copy image url

Մարտի 8-ը տղամարդկություն ցույց տալու լավ առիթ է

Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 08-03-2024
Առաջ կարծում էին, թե կինը ուզում է միայն տղամարդ, երեխաներ, ընտանիք, սեր ու քաղցրավենիք։ Սակայն այդ կարծիքը արմատապես փոխվեց ժողովրդավարական վերափոխումների ազդեցությամբ։

Կնոջ սոցիալական դերի փոփոխության հարցում մեծ գործ են արել ռոմանտիկներն ու պրագմատիկները։ Ռոմանտիկ հեքիաթներում կինը խորհրդանշում է ժողովուրդը, որը հերոսի հետ միասին պայքարում է ազատության համար։ Այդպիսով, ռոմատիկ գրականության մեջ ստեղծվել է ազատ կնոջ կերպարը։

Իսկ պրագմատիկ մոտեցում ունեցողները փորձել են օգտագործել կանանց ներուժը, մտավոր ու ֆիզիկական ընդունակությունները ի շահ հասարակության և պետության առաջընթացի։ Այդ պատճառով անհրաժեշտ էր կանանց քաղաքացիական իրավունքներ տալ։ Բայց դա տվել են այնպես, որ այն որակվի պայքարի արդյունքում ձեռք բերված նվաճում։ Այդ նպատակով տարածել են կնոջ ազատության գաղափարը որպես քաղաքակրթական մարտահրավեր։ Եվ 19-րդ դարում տաքգլուխ կանայք բարձրացրել են կնոջ ազատության դրոշը։ Այդ պայքարի խորհրդանիշն է մարտի 8-ը։

Մարտի 8-ին տղամարդիկ իրար են անցնում, հիշում, որ մոտ 1 տարի իրենց սիրելի կանանց գեղեցիկ ոչինչ չեն նվիրել։ Ու շտապում են ծաղիկ, զարդ ու կոնֆետներ գնելու։ Մտովի պատկերացնում են, թե ինչքան կուրախանա սիրելին այդ նվերից։ Իսկ կանայք չմարող հույսով սպասում են, թե մոտ 1 տարվա ընդմիջումից հետո տղամարդիկ ինչ նվերներ կմատուցեն և մտովի պատկերացնում, թե ինչպես են արձագանքելու սիրառատ այդ նվիրատվությանը։

Մարտի 8-ն անմասն չի թողնում գրեթե ոչ մեկին։ Նյուտոնի 3-րդ օրենքով՝ մարմինները միմյանց փոխազդում են նույն բնույթի՝ մոդուլով հավասար և ուղղությամբ հակադիր ուժերով։ Եթե փորձենք Նյուտոնի 3-րդ օրենքը տարածել զգացմունքների վրա, ապա կարող ենք ասել, որ եթե որևէ մեկին սիրում եք, ապա նա Ձեզ՝ նույնպես։ Իսկ անպատասխան սիրո մասին լավագույն ձևակերպումը տվել է Նիցշեն, պնդելով՝ «Ով արհամարհում է իրեն սիրողին, հայտնաբերում է իր միջի տականքը»։ Այսպիսով դատարկ է այն կասկածը, թե Մարտի 8-ին կարող են նվեր ստանալ այն կանայք, որոնք չէին սպասում։

Պարզ ասած՝ եթե Մարտի 8-ին Ձեր մտքով անցնում է սիրուն մի բան նվիրել նրան, ապա գիտցեք, որ նա Ձեզ սիրում է։

Մարտի 8-ն ունի նաև բացեր։ Տոնը հաստատուն ծիսակարգ չունի, ինչպես ունեն Նոր Տարին ու Բարեկենդանը։ Կատարվում է շաբլոն նվիրատվություն, ծաղիկ, մի-մի բաժակ գինի, մի քանի հաճոյախոսություն, և այլն։ Մարտի 8-ն առանձնակի շուքով են նշում ֆեմինիստները որպես կանանց ազատագրման խորհրդանշական օր, քանի որ Մարտի 8-ն ի սկզբանե ազատ կանանց տոնն է, կամ ազատագրված կանանց օրը, կամ կանանց ազատության օրը, կամ կանանց ազատության համար պայքարի օրը, որը նշել իրենք՝ ազատագրված կանայք, կանանց ազատության համար պայքարողները։

Ինչևէ։ Մարտի 8-ի խորհուրդն ինչքան էլ հանրային տարբեր ընկալումներ ունենա, այսօր տղամարդն ուշադրություն և հոգատարություն է ցուցաբերում իր շրջապատի կանանց նկատմամբ, առիթը բաց չթողնելով՝ երջանիկ պահեր պարգևում նրանց։

Կարճ ասած՝ Մարտի 8-ը տղամարդկություն ցույց տալու հերթական, լավ առիթ է։