Երևան +17°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 ամիս առաջ - 18:00 07-03-2024

Դիվանագիտական ծաղրանք. ՌԴ-ն ձգտում է պահպանել իր ներկայությունը ՀՀ-ի հարավում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի և Ռուսաստանի միջև վերջին շրջանում առկա լարվածության ֆոնին նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Սոչին և Կապանը կարող են եղբայրական քաղաքներ դառնալ։ Խոսելով Սոչիի մասին՝ նա նշել էր, որ եղբայրական քաղաք դառնալու ուղղությամբ աշխատանքներ են տարվում Հայաստանի Կապան, Կուբայի Վարադեռո և Մեքսիկայի Ակապուլկո քաղաքների հետ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն անդրադարձավ Մարիա Զախարովայի հայտարարությանը՝ նշելով, որ մեզ ձեռք են առնում՝ դիվանագիտական մակարդակով։ Ըստ նրա՝ Ռուսաստանի դիվանագիտությունը ունի մեծ ավանդույթներ, այդ թվում ծաղրելու, Զախարովայի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական մակարդակով հնչեցվող ծաղրանք։

Հարցին, թե ռուսական կողմի այդ ծաղրանքն ինչո՞վ է պայմանավորված՝ Ստեփան Գրիգորյանը պաստասխանեց, որ հայ ժողովուրդը և Հայաստանը չեն հանդուրժել ու չեն հանդուրժում, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը հանձնեց Ադրբեջանին։ «Մենք ցույց ենք տալիս մեր դժգոհությունը, ու Ռուսաստանը սկսում է ձեռք առնել, քանի որ իրենք համարում էին, որ մենք իրենց գրպանում էինք։ Հիշո՞ւմ եք նրանք ասեցին՝ իսկ ուր են գնալու հայերը»,- ասաց նա։

Քաղաքագետի համոզմամբ՝ Ռուսաստանն ինչ-ինչ պատճառներով որոշեց ԼՂ-ն հանձնել Ադրբեջանին, տվեցին, որից հետո տեսնում են, թե Հայաստանում ինչ դժգոհություններ են առաջացել։ Նա ընդգծեց, որ սա Ռուսաստանում դժգոհություններ է առաջացրել, որի դրսևորումներից մեկն էլ դիվանագիտական մակարդակով ծաղրանք է. «Ո՞ր եղբայրական, կամ քույր քաղաքների մասին է խոսքը, երբ Ռուսաստանը ԼՂ-ն հանձնեց Ադրբեջանին»։

Ստեփան Գրիգորյանը նկատում է՝ բազմաթիվ փաստեր կան, որ հենց Ռուսաստանն է ԼՂ-ն հանձնել Ադրբեջանին։ Նա հիշեցրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժին չէր հաջողվել գրավել Ակնան (Աղդամ), Քարվաճառը (Քելբաջար), Բերձորը (Լաչինը), Ստեփանակերտը, և այս բնակավայրերն ադրբեջանցիները կարողացան վերցնել բացառապես Ռուսաստանի աջակցության շնորհիվ։

«Անկհայտ է, որ Ռուսաստանը որոշեց հանձնել Լեռնային Ղարաբաղը, հիմա էլ զայրացել են, որ մենք դժգոհ ենք։ Նման նախաձեռնությունները դիվանագիտական ձեռառնոցների շրջանկներում են»,- կարծում է նա։

Հարցին, թե Ռուսաստանն այս որոշմամբ փորձո՞ւմ է հակազդել նաև Իրանին, որը Կապանում գլխավոր հյուպատասություն էր բացել՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ իր հիշատակած գորոծոնը գլխավորն էր, սակայն չի բացառում, որ Իրանի հետ մրցակցելու գործոնը նույնպես առկա է։ Նա ավելի շատ հակված է կարծել, որ Ռուսաստանը դա դիտարկում է որպես հնարավորություն՝ Հայաստանում առկա դժգոհությունների ֆոնին մեր երկրի հարավում իր ներկայությունը պահպանելու համար։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերն ի վերջո հանգեցնելու են նրան, որ ռուս սահմանապահները վաղ թե ուշ Հայաստանի հարավային շրջաններից դուրս են գալու՝ անկախ իրենց կամքից։ Ըստ նրա՝ էական չէ, թե ռուս սահմանապահները որտեղ են գտնվում՝ Ներքին Հանդո՞ւմ, թե՞ Իրանի հետ սահմանին, վերջիններս քայլ առ քայլ դուրս են բերվելու այնտեղից։

Ստեփան Գրիգորյանը հավելեց, որ այս ամենը կախված չէ իշխանությունների կամքից։ «Ռուսաստանը մեզ համար վտանգ է ներկայացնում և իրենք կհանեն։ Դա է պատճառը, որ իրենք տարբեր հնարքների են դիմում՝ Հայաստանի հարավից կախվելու համար։ Այստեղ միգուցե կա նաև մրցակցելու գործոնը, որպեսզի ՌԴ-ն գոնե հետ չմնա Իրանի Իսլամական Հանրապետությունից»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված