copy image url
Մշակույթ 2 ամիս առաջ - 19:40 28-02-2024

Կինոյի անգրագետ կառավարումը սխալ դուրս եկավ. կինոռեժիսոր Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ միջազգային «Բեռլինալե» կինոփառատոնը ընդգրկել էր իրեն «Բազմազանություն և ներառում» ծրագրում՝ հատուկ տարածք հատկացնելով իր ֆիլմերին իր կայքում, առանձին վայր տրամադրելով հանդիպումների համար:

Oragir.News-ի հետ զրույցում կինոռեժիսորը պատմել է հանրահայտ «Բեռլինալեի», փառատոնում իր մասնակցության և Հայաստանին հատկացված տաղավարի մասին:



- Պարոն Գալստյան, առհասարակ ի՞նչ է «Բեռլինալեն», ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ո՞րն է նրա առանձնահատկությունը, ինչո՞վ է այն տարբերվում մյուս կինոփառատոններից:

- «Բեռլինալեն»՝ ստեղծված 1951 թվականին՝ «Սառը պատերազմի» սկզբին, աշխարհի խոշորագույն կինոփառատոներից մեկն է, որ բացում է կինեմատոգրաֆիական տարին` կանխորոշելով ժամանակակից կինոյի հիմնական թրենդերն ու տենդենցները:

Ամեն տարի կինոոլորտի պրոֆեսիոնալներ՝ պրոդյուսերներ, ռեժիսորներ, վաճառքի գործակալներ, կինոկառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, գալիս են Բեռլին ֆիլմեր նայելու, նախագծեր ներկայացնելու, համատեղ արտադրողներ ու ֆինանսավորվող գտնելու և այդ ամենը լուսաբանելու համար: Այս տարի այդ պրոֆեսիոնալների թիվը գերազանցել է 12.000-ը։

Ձևավորվելով պատերազմից փլուզված, պատով կիսված քաղաքում՝ «Բեռլինալեն» ի սկզբանե ստանձնել է սոցիալական խնդիրների քննադատական հետախուզողի դերը ու մինչ օրս համարվում է ամենաքաղաքականը բոլոր խոշոր կինոփառատոներից։ Սա է, թերևս, «Բեռլինալեի» հիմնական առանձնահատկությունը։



Կինոփառատոնի առանցքը Մրցութային ծրագիրն է։ Հաջորդը Berlinale Special-ն է, ապա՝ Encounters-ը, որի նպատակն է խթանել անկախ կինոգործիչների համարձակ նորարությունները: Berlinale Shorts-ը կարճ ֆորմատի համար է: Panorama-ն ցուցադրում է արտասովոր կինո և ունի հանդիսատեսի մրցանակ: Forum, Forum Expanded ծրագրերը և Generation-ը համալրում են պաշտոնական ծրագրի ժամանակակից կինոյին վերաբերվող մասը: Retrospective, Berlinale Classics և Հարգանքի տուրք ծրագրերը ներկայացնում են կինոյի պատմությունը: Գեղագիտական այս ճոխ ընտրանուն զուգահեռ գործում է կինոփառատոնի արդյունաբերական հատվածը` Berlinale Pro-ն, որի մեջ մտնում են Եվրոպական կինոշուկան` EFM-ը, Berlinale Co-Production Market-ը, Berlinale Talents-ն ու World Cinema Fund-ը: Եզրափակելով այս կարճ ուղեցույցը՝ կարող ենք ասել, որ «Բեռլինալեն» մի վայր է, որտեղ ցուցադրվում է ժամանակակից լավագույն կինոն, ու կերտվում է կինոյի ապագան:

- Ո՞րերորդ տարին եք մասնակցում «Բեռլինալեին»:

- Սա իմ երկրորդ այցելությունն էր: Անցնող վեց տարիների ընթացքում իմ ֆիլմերը ապօրինաբար կասեցված էին, ես զրկված էի կինոյի պետական կառույցի աջակցությունից և չէի կարողանում մասնակցել խոշոր փառատոների: Սա չէր վրիպել մեր Եվրոպական գործընկերների, խոշոր կինոկառույցների փորձագետների ուշադրությունից, և այս տարի ես հրավիրվել էի «Բեռլինալեի» կազմակերպիչների կողմից՝ որպես սեփական երկրում մրցակցության հավասար իրավունքներից զրկված կինոգործիչ: Հայաստանի կինոյի կառավարիչները, որոնք իմ դեմ սկսել էին իրենց ապօրինությունները, փորձելով լռեցնել իմ ձայնը, Հայաստանում կինոյի անարդյունավետ ու անգրագետ կառավարման դեմ իրենց հաշվարկներում սխալ դուրս եկան: Վեց տարի ես կտրված էի մեծ կինոինդուստրիայից, բայց բավարար էր մեկ օր այնտեղ վերադառնալու համար:



- Ի՞նչ առավելություն էր տվել Ձեզ հատուկ ծրագրով հրավիրված լինելը:

- Իմ երկու ֆիլմերը` արդեն ավարտված «Բեքսթեյջը» և նոր սկսվող «Վերան», դրված էին կինոփառատոնի կայքում փառատոնի սկզբից դեռ մեկ ամիս առաջ, և դա ուշադրություն էր առաջացրել նրանց հանդեպ: Ես ունեի հանդիպումների կազմակերպման համար տարածք, ինչը չափազանց կարևոր է աղմկոտ շուկաներում: Սակայն ամենակարևորը Հայաստանի պետական կառույցի` ազգային կինոկենտրոնի կողմից կասեցված իմ «Բեքսթեյջ» ֆիլմի արտադրության պատմությունն էր, որի հանդեպ մեծ հետաքրքրություն կար: Ազգային կինոկենտրոնի կողմից կասեցվելուց հետո ես փոխել էի ֆիլմի ֆորմատը, նկարել էի սերիալ նկարահանումները ավարտելու և ֆիլմը փրկելու համար։ Դա ծրագրի մոդերատորների կողմից բնութագրվում էր՝ որպես արգելափակված ֆիլմի արտադրությունը ավարտելու պրոդյուսերական փայլուն հնարք: Ես ունեցա 42 հանդիպում, կնքեցի «Վերա» ֆիլմի Համատեղ Արտադրության համաձայնագրեր, սկսեցի Եվրոպական պրոդյուսերների ակումբին անդամակցելու գործընթաց:

«Բեռլինալեն» ինձ վերադարձրեց այնտեղ, որտեղ ես ինձ չափազանց լավ եմ զգում: Ես ավելի մեծ լսարան ստացա հայկական կինոյի ճգնաժամի մասին հայտարարելու համար և, բնականաբար, արեցի այն, ինչ պետք է անեի:



- Դուք գրել էիք, որ Հայաստանի տաղավարը միակ դառը հետնահամն է, որ մնացել է Ձեզ մոտ «Բեռլինալեից»: Փակագծեր կբացե՞ք:

- Ես հրավիրված էի Վրաստանի տաղավարի ընդունելությանը, իսկ Հայաստանի տաղավարը անմիջապես Վրաստանի ետնամասում էր։ Վրաստանի տաղավարն ուներ փոքր խորշանման տարածք՝ պահեստային սենյակի պես մի բան։ Մեր տաղավարը այս խորդանոցի չափ էր։ Վերջին վեց տարում 64 լիամետրաժ ֆիլմ ֆինանսավորած կառույցը Բեռլինալեում իր տաղավարը ձևավորել էր Փարաջանովի պատկերով, ինչպես Կաննում նույն կառույցը ձևավորել էր տաղավարը Ֆրունզե Դովլաթյանի պատկերով:

Եթե հայկական պատվիրակության անդամները իրենց նեղություն տային ու այցելեին կինոշուկայի գլխավոր շենք` Martin Gropius Bau, նրանք կտեսնեին, որ ռետրո ֆիլմերի դիզայնով կինոշուկային ներկայացած միակ ազգային կինոկառույցն են:



Այս մարդիկ չեն հասկանում, որ պետական բյուջեից ֆիլմեր արտադրելու համար հարյուրավոր միլիոններ ստացող ազգային կինոկենտրոնը թանգարան, պատկերասրահ կամ արխիվ չէ, որ Կաննում հանրահռչակի Դովլաթյանի 6 տասնամյակ առաջ նկարած դասական ֆիլմը, իսկ Բեռլինալեում` երեք տասնամյակ առաջ կյանքից հեռացած կինոհանճար Փարաջանովին: Կինոշուկան մի վայր է, ուր գալիս են սեփական երկրի ժամանակակից կինոն ցուցադրելու, ավարտված ֆիլմերը վաճառելու, նորերն արտադրելու, գործընկերներ գտնելու համար: Եվ ով տասնամյակներ շարունակ կինոշուկաներ այցելելով չի հասկանում այս պարզ ճշմարտությունը, նա չի կարող որևէ օգուտ բերել երկրին այդ շրջագայություններից:

Վերջապես պետք է գտնվի այն պետական պաշտոնյան, որ կհարցնի 7 տարի կառավարող կինոկենտրոնին տնօրենի պաշտոնակատարին` ինչպես է ստացվում, որ մեր կառավարությունը 64 լիամետրաժ ֆիլմի ֆինանսավորում է հատկացնում, իսկ Բեռլիանալեի պաշտոնական կայքում զետեղված էր միայն «Բեքսթեյջ» ֆիլմը։ Այն նույն ֆիլմը, որի ֆինանսավորումը կինոկենտրոնը կասեցրել է: