Երևան +14°
copy image url
Մշակույթ 11 ամիս առաջ - 23:04 16-05-2023

Մեծ կինոինդուստրիան մեծ քաղաքականություն է. Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը Oragir.News-ի հետ զրուցել է հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու և կինոարտադրությունը էլ ավելի որակյալ դարձնելու մասին։

Գալստյանն ասում է, որ ի տարբերություն բարձր ճաշակի և գրագիտության, որ մարդը ձեռք է բերում ինքնակրթության արդյունքում, տգիտությունն ու անճաշակությունը մակաբույծների նման աճում են ինքնաբերաբար։ Եթե չեք մշակում արտը, այն պատվում է մոլախոտով։ Եթե հոգ չտանեք մարմնի հիգիենայի մասին, կպատվեք մակաբույծներով։ Նույնը արվեստն է, մեկ տարբերությամբ՝ անճաշակությունն արվեստում ավելի ցցուն է։

«Այսօր դաշտը անտերության է մատնված։ Պետական վերահսկողությունը սահմանափակվում է բացառապես քաղաքական ցենզուրայով։ Հեռուսատեսային եթերը կարող եք լցնել աղբով, հարկատուների գումարներով կարող եք նկարել ամենատաղտուկ, անճաշակ ֆիլմերը, բայց հանկարծ չասե՛ք իշխանությանը դավաճան։ Միակ նշաձողը սա է։ Կինոյում պետական կառավարումն իրականացնում են մարդիկ, որոնց կյանքն ու գործերը ապացուցում են, որ չեն հասկանում կինոյի կառվարումից։ Հայաստանի քաղաքացին, ՀՀ հարկատուն տարեկան երկու միլիոն դոլար է տալիս այդ կառավարողներին՝ կինոարվեստի զարգացման համար։ Այդ գումարներով կերակրվում է կառավարման ապարատը, գնում են գործուղումների, ստանում են պարգևավճարներ, կազմակերպում են մրցույթներ, ֆինանսավորում են ֆիլմեր, որոնք կա՛մ կիսատ են մնում, կա՛մ մեռնում են պրեմիերայի հաջորդ օրը։ Այսինքն, հարկատուի գումարը, մեծ հաշվով, փոշիացվում է»,-ասել է Գալստյանը։

Գալստյանը նաև նշում է, որ 32 տարի անկախ Հայաստանը ֆինանսավորում է հայկական կինո, բայց հայ հանդիսատեսը չի կարող անկախության շրջանում պետական աջակցությամբ նկարահանված 3 ֆիլմի անուն ասել։ Անկախ Հայաստանի ոչ մի խաղարկային ֆիլմ մրցանակ չի ստացել Ա դասի փառատոների մրցույթներում։ Իսկ «թավշյա Հայաստանի» կինոն իսպառ բացակա է մեծ փառատոների մրցույթներից։

«Համեմատության համար մեր հարևան երկու երկրները՝ Վրաստանն ու Ադրբեջանը, ունեն տասնյակ մրցանակներ ամենախոշոր փառատոներում։ Մեր մյուս հարևանների՝ Իրանի ու Թուրքիայի կինոարտադրությունն օբյեկտիվորեն անհամատեղելի է Հայաստանի կինոարտադրության հետ։ Նրանք վաղուց մշտական ներկայություն ունեն խոշոր փառատոներում։ Չկա տարի, որ թուրքական կամ իրանական որևէ նոր ֆիլմ չդառնա Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Լոկառնոյի հայտնությունը, չնվաճի մրցանակներ։ Նրանց հետ մրցակցել չենք կարող։ Բայց մենք կարող ենք և պարտավոր ենք մրցակցել գոնե համանման անցյալով մյուս հարևանների՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ։ Մինչդեռ վրացական կինոն վերելք է ապրում, Ադրբեջանը մոտենում է նրան։ Իսկ մենք մնում ենք տարածաշրջանի անհույս հետնապահը»,-ասել է Գալստյանը։

Հարցին, թե որպես կինոռեժիսոր ի՞նչ առաջարկներ ունի հայկական կինոն էլ ավելի ուսուցողական և ճանաչված դարձնելու համար, Գալստյանը պատասխանում է, որ խնդիրը հասկանալու համար պետք է վերլուծել նույն հարևանների հաջող փորձը։ Վրաստանում կինոյի վերելքը պայմանավորված է պետական արդյունավետ կառավարմամբ։ Այնտեղ կինոն առաջ է տանում Վրաստանի ազգային կինոկենտրոնը։ Իսկ Ադրբեջանը կարողանում է մրցակցել կինոյում պետական ներդրումների կրկնապատկման շնորհիվ՝ անընդհատ ավելացնելով ներարկումները։

«Հայաստանը ո՛չ մեկն է անում, ո՛չ՝ մյուսը։ Հայկական խաղարկային կինոն ամենաանմրցունակն է տարածաշրջանում, որովհետև Հայաստանը ոչ ավելացնում է պետական կառավարման արդյունավետությունը, ինչպես վրացիները, ոչ էլ ի վիճակի է ավելացնել ներդրումները, ինչպես Ադրբեջանը։ Ժամանակ խնայելու համար չեմ անդրադառնա վրացական մեկ տասնյակ ֆիլմերին, որոնք վերջին 5 տարում հայտնվել են խոշոր փառատոներում, բայց կնշեմ Ադրբեջանի արդյունքները։ 2020-22 թթ-ին Ադրբեջանը ֆիլմեր է ներկայացրել Ա կարգ ունեցող Մոսկվայի, Տալլինի, Լոկառնոյի և Վենետիկի մրցույթներում։ Լոկառնոյում և Տալլինում ստացել են մրցանակներ։ Լոկառնոն, որ կարգով հավասար է Կաննին, Վենետիկին և Բեռլինին, անցած տարի միանգամից երկու մրցանակ է տվել «Քարոզ ձկների համար» ֆիլմին։ Սա հակապատերազմական ֆիլմ է, գեղանկարչական պատկերներով՝ պատերազմի թողած ցավի, ամայության մասին։ Ֆիլմի վերնագիրը հղում է անում վերածննդի գեղանկարիչ Իտալացի Պաոլո Վերոնեզեի «Սբ․ Անտոնիոսի քարոզը ձկներին» հայտնի կտավին։ Ձուկը, ինչպես հայտնի է, քրիստոնեական խորհրդանիշ է ու ծագումով ադրբեջանցու հղումը քրիստոնեական խորհրդանիշներին, բնականաբար, արժանացել է խոշոր կինոփառատոների համակրանքին։ Ահա ձեզ հաջողության գաղտնիքներից մեկը»,-ասել է Գալստյանը։

Գալստյանը նշում է, որ պետք է հասկանալ, որ մեծ կինոինդուստրիան մեծ քաղաքականություն է։ Այդ մեծ քաղաքականության մեջ Հայաստանը ներկայացնում են անգրագետ, ինդուստրիայի տարրական պահանջներին չբավարարող, կինոյի մասին գավառական պատկերացումներ ունեցող մարդիկ։

«Նրանց հետ ոչ թե համագործակցել, անգամ շփվելը ժամանակի կորուստ է մեծ կինոյում որոշում կայացնողների համար։ Մինչև պետական ատյանները խելքները գլուխները չհավաքեն, մինչև ոլորտից չվռնդվեն գավառական վաշխառուները, մինչև ոլորտը հիմնովին չփոխի իր զարգացման ռազմավարությունը, Հայաստանը որևէ առաջ քայլ չի անի»,-ասել է Գալստյանը։

Գալստյանը համարում է, որ կինո գնալը քաղաքային մշակույթի մաս է, ավանդույթ, որ այսօր դուրս են թողել քաղաքացու կյանքից։ Նշում է նաև, որ կինոթատրոնը մոգական վայր է, տաճար, իդեալապես համապատասխանեցված մարդու կողմից կինոարվեստի ստեղծագործությունը ընկալելու, վայելելու համար։

«Ես բախտ եմ ունեցել նայելու իմ ֆիլմերը խոշոր կինոփառատոներում, ահռելի էկրանների վրա, պատկերի, ձայնի իդեալական ստանդարտներով՝ հոյակապ, հասկացող հանդիսատեսի միջավայրում։ Հիմա Երևանում կինոթատրոնները դադարել են արվեստի ընկալման վայր լինելուց և վերածվել են կոմերցիոն տարածքների։ Իզուր չէ, որ դրանց մեծ մասը տեղակայված է մեգախանութ-սրահներում։ Այս ֆորմատը ենթադրում է համապատասխան խաղացանկ։ Այդ սրահներում անհնար է բարձրակարգ կինո նայել, այնտեղ ամեն ինչ ծառայում է կինոյի մի բաղադրիչի՝ զվարճանքի վաճառքին ու տարածմանը։ Մարդը, որ գնում է մոլ՝ ֆիլմ նայելու, չի կարող բարձր պահանջներ ունենալ ֆիլմից։ Արդյունքում, այն հանդիսատեսը, որ գիտի ինչ է կինոն, ուղղակի մերժում է «ուտել» այս մենյուն»,-ասել է Գալստյանը։

Գալստյանը զրույցում նաև նշեց, որ հանդիսատեսին կինոթատրոն վերադարձնելու համար աշխարհում կիրառվում են արդյունավետ մի քանի մոդելներ, որոնցից մեկի մասին նա խոսում է արդեն 5֊6 տարի։

«Այս անգամ ծրագիրը ներառված է քաղաքական մի ուժի ծրագրերում ու եթե այդ ուժն արժանանա երևանցիների համակրանքին, ես կներդնեմ իմ բոլոր հնարավորություններն ու կապերը՝ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Արդյունքում կինոթատրոնը կմոտենա հանդիսատեսին, կդառնա հասանելի, առանց ավելորդ պերճանքի, առանց վերամբարձ ճոռոմության, ժանրային իմաստով՝ ավելի ընդարձակ ֆիլմացանկով։ Ես, որպես կինոռեժիսոր և ֆիլմարտադրող վստահ եմ, որ քաղաքացու կինոթատրոն վերադառնալով է դրվելու մեր կինոյի վերածննդի հիմքը»,-ասել է Գալստյանը՝ սահմանափակելով զրույցը։