Ուղիղ եթեր
Անթալիայի դիվանագիտական ֆորումը ՀՀ-ի համար կարևոր հարցեր քննարկելու հարթակ չէ
copy image url

Անթալիայի դիվանագիտական ֆորումը ՀՀ-ի համար կարևոր հարցեր քննարկելու հարթակ չէ

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:00 27-02-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին կմեկնի Թուրքիա և կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցել էր նաև 2022 թվականին, որի շրջանակներում հանդիպում էր ունեցել Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, քննարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրասները։

Oragir.News-ը թյուրքագետ Նելլի Մինասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ակնկալիքներ ունի ֆորումին Միրզոյանի մասնակցությունից և ի՞նչ կարևոր հարցեր կարող է նա բարձրացնել այդ հարթակում։ Ի պատասխան Մինասյանն ասաց՝ իհարկե բարձրաձայնելու հարցերի շրջանակ կա, սակայն Անթալիայի դիվանագիտական ֆորումն այն հարթակը չէ, որտեղ պետք է դրանք բարձրաձայնել։

Նելիի Մինասյանն ընդգծում է՝ այս հարթակում Հայաստանի համար կարևորը Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալ-չունենալու խնդիրն է։ Նա չի կարծում, որ այս համատեքստում ֆորումի շրջանակներում լուրջ փոփոխություններ տեղի կունենան։

«Եթե ակնակալիքների տեսանկյունից դիտարկենք, ապա ամենաշատը՝ հայ-թուրքական գոյություն ունեցող գործընթացի շարունակությունն է։ Չեմ կարծում, որ պետք է դրական զարգացումներ ու փոփոխություններ սպասել այս ֆորումից»,- նկատեց նա։

Հարցին, թե ֆորումի շրջանակներում կայանալիք հանդիպումները որքանո՞վ կնպաստեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ թյուրքագետը պատասխանեց, որ իր համոզմամբ սա պետք է ավելի շատ դիտարկել գոյություն ունեցող և այս պահին ինչ-որ չափով սառեցված գործընթացի համատեքստում։ Նա ընդգծեց, որ երկու երկրների միջև նախորդիվ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք, ըստ էության, Թուրքիայի կողմից չեն կատարվում։

Մինասյանը հայտնեց, որ արմատական քայլեր, կամ գործողություններ Անթալիայի ֆորումից չի սպասում։ Նրա համոզմամբ՝ կողմերն առավելագույնը կարող են պայմանավորվել հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպման անցկացման շուրջ, որի արդյունքները կրկին տեսանելի չեն, քանի որ նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս չեն ռեալիզացվում։

«Թուրքիան, ըստ էության, դնում է այնպիսի խնդիրներ, որոնք լուծմանը Հայաստանն այս պահին չի գնա։ Գիտեք՝ Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրման պահանջն է և այնպիսի պայմանների առաջ քաշումը, որոնք ցույց են տալիս ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի ճնշման քաղաքականությունը»,- շեշտում է նա։

Մեր հարցին, թե ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի դեռևս 2022 թվականին երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացումը 3-րդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար, իրագործվի՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ եթե անգամ այդ պայմանավորվածությունները իրագործվեն, ապա դրանք նույնպես չեն նշանակում, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են։ Նրա խոսքով՝ սրանք պարզապես փոքր դրական քայլեր են, որոնք ինչ-որ չափով կարող են նպաստել ընդհանուր գործընթացին։

Նելլի Մինասյանը հավելեց՝ այս պահին թուրքական կողմից չի տեսնում այնպիսի քայլեր, կամ գործողություններ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ անգամ հիշյալ պայմանավորվածությունները կիրականացվեն։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը 2022 թվականին 4 հանդիպում էին ունեցել, որոնցից վերջինի ընթացքում պայմանավորվել էին հայ-թուրքական սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Թեև Հայաստանը պաշտոնապես հայտնել, որ սահմանային Մարգարայի կամուրջը վերականգնել է, և այն պատրաստ է գործարկման, Թուրքիան դեռևս հրաժարվում է իրագործել այս պայմանավորվածությունը։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild