copy image url
Միտք Խոսք 2 ամիս առաջ - 09:00 27-02-2024

ԱԽՔ-ի և ԱԱԾ-ի իրարամերժ խոսքերն ու չբարեկամական խոսույթը ամոթալի են ու վտանգավոր

Մի ժամանակ ասում էին, թե ՀՀ իշխանությունը փակ բաժնետիրական ընկերություն է, որտեղ աշխարհաքաղաքական տարբեր միավորներ իրենց քվոտան ունեն։ Օրինակ՝ ՊՆ-ն, ԱԱԾ-ն ռուսներինն էին, ադարադատությունը, ոստիկանությունը ամերիկացիներինն էին, կրթության ոլորտը եվրոպացիներինն էր, իսկ մնացած պաշտոնները կարող էին ծախել։ Այս բաժանմամբ էին բացատրում իշխանության տարբեր օղակների իրարամերժ, երբեմն՝ ծիծաղելի կարծիքների առկայությունը։ Այսօր քիչ բան է փոխվել։ Ամենայնդեպս՝ հիմա էլ կան հակադիր դիրքորոշումներ արտահայտող գործիչներ, որոնք համարժեք քննադատության չեն արժանանում։

Այդպիսի զարմանալի մի բան օրեր առաջ արձանագրել է «Ազատությունը», որը Ներքին Հանդի միջադեպի վերաբերյալ փետրվարի 23-ի ընդարձակ անդրադարձում նշում է՝ «ԱԱԾ-ն, ի տարբերություն ԱԽ քարտուղարի, պնդում է, թե հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում ռուս սահմանապահները եվրոպացի դիտորդներին չեն խոչընդոտում»։

«Ազատության» հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ն նշել է՝ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող հայ-ադրբեջանական պայմանական (ընդգծումը ԱԱԾ-ինն է) սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան»։ Իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով հարցին, թե Ներքին Հանդի ճանապարհին ռուս սահմանապահներն արգելել են եվրոպացի դիտորդների մուտքն, ասել էր՝ «Այո, այդ խնդիրը կա, և մենք հասցեագրել ենք այդ խնդիրը»։

Իրականում՝ այս գնահատականները հակադիր չեն։ Ներքին Հանդի միջադեպի ժամանակ սահմանի այդ հատվածում ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալ չի եղել։ Հետևաբար՝ ԱԱԾ-ն Ներքին Հանդում չէր էլ կարող խոչընդոտել ԵՄ դիտորդներին։ Իսկ ԱԽ քարտուղարի խոսքը վերաբերում է ոչ թե ԱԱԾ զորքերի վերահսկողության գոտիներին, այլ ռուս սահմանապահների կողմից վերահսկվող Ներքին Հանդ գյուղի սահմանային հատվածին, որտեղ ռուսներն արգելել են ԵՄ դիտորդների մուտքն ու աշխատանքը։ Այդ մասին վկայել է նաև ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերնը։

Սակայն խնդրահարույց է մնում ԱԱԾ-ի կողմից պետական սահմանը պայմանական որակելը։ Սա նշանակում է, որ ԱԱԾ-ն չի ճանաչում Ալմա-Աթայի 1991-ի հռչակագիրը, որն արհամարհում են Ադրբեջանն ու ՌԴ-ն ու ոտնձգություններ կատարում հարևան երկրների տարածքային ամբողջականության դեմ։ ԱԱԾ-ականների մեծ մասը վերապատրաստվել է ՌԴ-ում, նրանց սենյակներում Ֆելիքս Ձերժինսկու մեծադիր նկարն է, թոշակի անցնելուց առաջ էլ ՌԴ քաղաքացիություն են ընդունում։ Նկատի ունենանք նաև, որ ԱԱԾ-ն սահմանապահ ուղեկալներ է տեղակայում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում, փոխարինում ռուսներին, ստանձնում նրանց պարտականությունն ու փոխառում նրանց խոսույթը։

Հետևաբար՝ տրամաբանական է, որ ԱԱԾ-ն ռուս-ադրբեջանական խոսույթ է վարում, կիրառում ռուսական քաղաքական բառապաշարի բնորոշումներ։ Հարցն այն է, թե ի՞նչ բարեփոխումներ պետք է իրականացնել, որպեսզի ԱԱԾ խոսքը համապատասխանի ոչ թե չբարեկամների, այլ ՀՀ պաշտոնական խոսույթի հետ։ Եվ ի՞նչ պետք է անել, որ ռուս զինվորները չնպաստեն ադրբեջանական ագրեսիային։

Առաջին հերթին անհրաժեշտ է անվտանգային նոր հայեցակարգ ընդունել, հստակեցնել ԱԱԾ առաքելությունն ու գործառույթները, իրականացնել լյուստրացիա, փոխել ԱԱԾ աշխատողի օրը, ԱԱԾ շենքը վերածել հյուրանոցային համալիրի, գերատեչության համար նոր շենք կառուցել Ավանում կամ Աշտարակի խճուղում՝ ակադեմիական քաղաքի հարևանությամբ։ Ռուս զինվորներին դուրս հրավիրելու համար էլ անհրաժեշտ է լուծել նրանց ներկայությունն ապահովող հայ-ռուսական պայմանագրերը, ռուսական զորքերը դուրս հրավիրելուց հետո ՀՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով առաջին գծում տեղակայել ՀՀ ԶՈՒ զինվորներ, զրոյական գծում՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալներ։

Քանի դեռ ժողովրդավարական այս բարեփոխումները չեն իրականացվել, ԱԱԾ-ն կիրառելու է ռուսական խոսույթ, ԱԽ քարտուղարը՝ արևմտյան, իսկ վարչապետը զրոյական կետի մասին հեքիաթներ է պատմելու, պետությունն ու իշխանությունը դարձնելով խոցելի։ Ու եթե ՀՀ իշխանությունը բաժնետիրական ընկերություն չէ, որտեղ կոմպլեմենտար եղանակով մի օր ներդաշնակվում, մի օր բախվում են աշխարհաքաղաքական հետաքրքրություններն, ապա իրարամերժ դիրքորոշումներն ու չբարեկամական խոսույթը պետք է բացառվեն, որովհետև ամոթալի են ու շատ վտանգավոր։

Թաթուլ Մկրտչյան