Ասում եմ՝ գործադուլ մի արեք, ասում են՝ 4 ամիս չենք վարձատրվել. Քանաքեռ-Զեյթունի ծնարանի «առեղծվածը»

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:48 26-02-2024
Վերջին շրջանում Oragir.News-ի խմբագրությունը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ արդեն չորս քանի ամիս է՝ հավատարմագրային կառավարման տրված Քանաքեռ-Զեյթունի ծննդատան աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում և այս գործընթացում շարունակ նշում են Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի անունը։

«Հրահանգել է, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ոչ մի բժշկական հաստատություն պացիենտ չուղարկի հիվանդանոց, ներառյալ՝ շտապօգնությունը և պոլիկլինիկաները, փորձում է հիվանդանոցը տանել սնանկացման, որ հեշտությամբ կարողանան խզել հավատարմագրային կառավարմանը հանձնելու պայմանագիրը։ Պարբերաբար հավաքում է հիվանդանոցի՝ ամիսներով աշխատավարձ չստացած բուժաշխատողներին և հորդորում է չգնալ աշխատանքի»։

Քաղաքացիներից մեկը Oragir.News-ին է փոխանցել մի ձայնագրություն, որ արված է Քանաքեռ-Զեյթուն ծննդատան կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում, երբ Դավիթ Կարապետյանը զանգում է շտապօգնության ղեկավար անձի և պարզաբանում պահանջում այն բանից հետո, երբ իմանում է, որ շտապօգնության բրիգադը հղի կնոջը տարել է այդ ծննդատուն։

«Հետո տեղեկացնում է, որ հրահանգել է Առողջապահության վարչությանը, որ գան, ստուգեն, և վստահեցնում է, որ անպայման տուգանելու են։

Կոլեկտիվին հորդորում է չգնալ աշխատանքի, եթե նույնիսկ գնում են, բոլոր հոսպիտալացված հիվանդներին դուրս գրեն և այլևս ոչ մի պացիենտ չընդունեն, և ինքն էլ իր կողմից խոստանում է ամեն բան անել, որ պացիենտ չգա»։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության բաժնի պետ Դավիթ Կարապետյանի հետ՝ պարզաբանելու իր անվանն առնչվող իրադարձությունները։

Կարապետյանի խոսքով՝ հանդիպում է ունեցել ծննդատան ավելի քան 70 աշխատակցի հետ, որոնք, չորս ամիս աշխատավարձ չստանալով, անցել են գործադուլի․

«107 աշխատակցից ավելի քան 70 և ավելը հանդիպել են ինձ հետ՝ լինելով Երևան քաղաքի Առողջապահության վարչության բաժնի պետ և լինելով պատասխանատուն այդ հարցում։ Կապ չունի՝ հավատարմագրային ծառայություն է, կատարում են, կամ չեն կատարում իրենց պարտավորությունները, մարդիկ գործադուլ են անում։ Ծնարանի աշխատակցին ասում եմ՝ գործադուլ մի արեք, հորդորում եմ գնալ աշխատանքի, իրենց էլ ինձ ասում են, որ չեն գնա․ չորս ամսվա աշխատավարձ չեն ստացել։ Ասում են՝ աշխատավարձը թող տան, գնանք աշխատանքի։ Դա իրենց իրավունքն է, որքան էլ ես հորդորեմ»։

Oragir.News-ի հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ չի կարող թույլ տալ, որ շտապօգնությունը հիվանդ տանի մի բժշկական հաստատություն, որտեղ ընդունարանը աշխատանքի չի ներկայանում․

«Այնպես էլ չէ, որ այդ հիվանդանոց շտապօգնությունը ամեն օր հիվանդ է տանում։ Կարող ենք վիճակագրությունը տեսնել․ կարող է տարին 2-3 անգամ հիվանդ տանեն, բայց ես բացառում եմ, որ որևէ բուժող բժիշկ առանց զանգելու ու իմանալու այնտեղ հիվանդ տանի․ խոսքը միմիայն դրա մասին է»։

Oragir.News-ը փորձեց պարզել նաև, թե ինչ գնահատականով է Դավիթ Կարապետյանը մեկնաբանում իր մասնակցությամբ ձայնագրությունը․

«Ձայնագրությունում ես ասում եմ՝ գիտակցում եմ այն մասին, որ ինձ կարող եք ձայնագրել, ես գիտեմ, որ ես լսելի եմ։ Վերջին արտահայտության մեջ այդ բոլոր 70 աշխատակիցներին, որ 4 ամիս աշխատավարձ չեն ստացել, ասում եմ, որ չեմ կարող ինչ-որ բան անել․ եթե չեն ուզում, թող չգնան աշխատանքի։ Ասել եմ՝ ինչ ուզում եք, արեք, բայց ես որ հորդորեմ չներկայանալ աշխատանքի, չի կարող լինել․ ես նման բան չեմ ասել»։

Oragir.News-ի հարցին՝ ինչպես կմեկնաբանի իր անձի շուրջ առաջացած խոսակցությանը, Կարապետյանն ասաց․

«Բամբասանք կամ խոսակցություն չեմ մեկնաբանում․ ես փաստեր եմ մեկնաբանում։ Երբ Երևան քաղաքի առողջապահական որևէ հիմնարկի աշխատակից բողոքի ձայն է բարձրացնում, ես գնում եմ հանդիպման, պարզում եմ, որ նրանց հավատարմագրային կառավարիչը նրանց աշխատավարձ չի տվել ամիսներով, տարիներով։ Այս պարագայում բոլորին էլ դեկտեմբերից մինչև այս պահը չեն վճարել։ Որպեսզի ես բացատրեմ, որ Երևանի քաղաքապետարանը կամ Առողջապահության նախարարությունը գործ չունեն իրենց գործի հետ, հանդիպել եմ այդ մարդանց հետ՝ պատասխանատու լինելով»:

Ամենից շատ դիտված