Երևան +10°
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 18:00 23-02-2024

Արևմուտքը ՀԱՊԿ անդամ Հայաստանին լուրջ սպառազինություն չի մատակարարի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հայտարարել է, որ առաջիկայում խորհրդարանականների և արտադրողների մեծ պատվիրակության գլխավորությամբ կայցելի Հայաստան։ Ըստ նրա՝ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը գնում է Հայաստան։

Լեկորնուն շեշտել է՝ Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ, այդ թվում՝ ինքնիշխանության և սահմանների պաշտպանության հարցերի՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ։ «Մեր պարտականությունն է օգնել Հայաստանին, մասնավորապես, մեծացնել նրա պաշտպանական ներուժը»,- նշել է նա։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն ընդգծեց՝ ցավալին այն է, որ այս այցը միայն քաղաքական նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ Հայաստանն ավելի վճռական ու ավելի վտանգավոր քայլեր է ձեռնարկում՝ արևմտյան կողմնորոշմամբ առաջ ընթանալու նպատակով։

«Եթե այս այցն իր հետ ռազմական աջակցության լուրջ բաղադրիչ բերեր, ապա անհրաժեշտ կլիներ ողջունել, սակայն հազիվ թե։ Նախ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժային բալանսը հնարավոր չի լինի կարճ ժամանակում վերականգնել, երկրորդն էլ, կարծես թե Ֆրանսիայի ռազմական աջակցությունը միայն խորհրդանշական է, ուստի կարծում եմ, որ այս այցն ավելի շատ քաղաքական է»,- կարծում է նա։

Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Հայաստան ուղարկվող սպառազինության նոր խմբաքանակին, որի մասին երեկ էր հայտնի դարձել, քաղաքագետը նշեց՝ չի կարծում, որ հավաքական արևմուտքի առանցքային երկրներից մեկը՝ Ֆրանսիան կարող է իրեն թույլ տալ, կամ իր գործընկերները վերջինիս թույլ կտան ՀԱՊԿ անդամ երկրին լուրջ սպառազինություն մատակարարել։ Նրա համոզմամբ՝ հենց այս իրողությամբ էլ պայմանավորված Հայաստանին մատակարարվող նոր խմբաքանակն էլ խորհրդանշական նշանակություն ունի։

«Եթե հետագայում հնարավոր լինի սա դնել ավելի առարկայական հիմքերի վրա, շատ լավ կլինի։ Բայց ես, ցավոք սրտի, չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունն այդքան ժամանակ ունի»,- նկատեց նա։

Հարցին, թե ի՞նչ քայլեր են պետք ձեռնարկել, որ հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունն բարձր արդյունավետություն ունենա՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ եթե հավաքական արևմուտքն իսկապես ցանկանում է ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ընդհանրապես տարածաշրջանային խաղաղությունը, ապա դրա համար կա երկու ճանապարհ՝ երկարաժամկետ և կարճաժամկետ։

Բաղդասարյանի խոսքով՝ երկարաժամկետ ճանապարհը Հայաստանի զինված ուժերը գերժամանակակից սպառազինությամբ վերազինելն է, որի համար տարիներ կպահանջվեն։ Նա նկատում է՝ կա նաև կարճաժամկետ ճանապարհը, որի համար անհրաժեշտ է շատ կտրուկ ու կոշտ ձևով հայտարարել, որ ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ագրեսիվ քայլը կհանգեցնի շատ կոշտ հակազդեցության, այդ թվում անգամ ռազմական միջամտության։ «Այդպիսի հայտարարությունը կարճաժամկետ առումով կարող է էապես նվազեցնել տարածաշրջանում նոր լարվածության հավանականությունը»,- ասաց նա։

Մեր հարցին, թե հավանակա՞ն է, որ արևմտյան երկրները, այդ թվում Ֆրանսիան նմանաբովանդակ հայտարարություններով հանդես կգան՝ Արմեն Բաղդասարյանը պատասխանեց, որ եթե միայն Ֆրանսիան նման հայտարարություն անի, ապա դա էական նշանակություն ունենալ չի կարող. «Խոսքը միայն հայտարարության մասին չէ, կարելի է տարբեր տիպի տեքստեր գրել, բայց հայտարարությունն արժեք է ունենում միայն այդ դեպքում, երբ դիմացինը հասկանում է, որ դա պարզապես հայտարարություն չէ և կարող է հանգեցնել կոնկրետ հետևանքների»։

Բաղդասարյանը հավելեց՝ երբ տվյալ երկիրը հայտարարում է մի բան, բայց գործնականում իր հարաբերությունները բոլորովին այլ սկզբունքներով է կառուցում, ապա բոլորն էլ հասկանում են, որ դրանք միայն հայտարարություններ են և ոչ ավելին։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի