copy image url
Ներքին Արտաքին Խոսք 6 ամիս առաջ - 20:00 22-02-2024

Քանի ռուսական զորքը ՀՀ–ում է, արևմուտքի հետ արդյունավետ փոխգործակցություն չի լինի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականության, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին։ Մակրոնը նաև նշեց՝ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին, ըստ նրա՝ Ֆրանսիայում համոզված են, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման պարագայում։

Միևնույն ժամանակ այսօր հայտնի դարձավ, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Սպառազինությունը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար, որոնք հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, ինչպես նաև գիշերային տեսողության սարքեր, հեռադիտակներ։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ.

-Պարո՛ն Քանանյան, ըստ Ձեզ, Հայաստան սպառազինություն ուղարկելու որոշումը պայմանավորվա՞ծ էր Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությամբ, թե՞ սա հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման հերթական արդյունքն է։

-Սա գործընթացի շարունակությունն է. Ֆրանսիան կամենում է դառնալ Հայաստանի անվտանգության կամ, ինչպես Մակրոնն է ասում, տարածքային ամբողջականության գլխավոր երաշխավորը՝ ցավոք միայն Խորհրդային Հայաստանի ապօրինի 29.800 քառակուսի կմ տարածի ընկալմամբ։ Իհարկե՛, ներկա պահին մենք պետք է գոհ լինենք սրանից։

Իրականում ես խնդիրն այլ տեղ եմ տեսնում. Հայաստանում պետք է լինի այնպիսի կառավարությունը, որը կունենա նվազագույն կայուն վճռականություն՝ Ռուսաստանի կործանարար գաղութատիրական լծի տակից դուրս գալու և ընդառաջելու այն տերություններին, որոնք շահագրգռված են Հայաստան պետության գոյության շարունակությամբ։

-Ինչո՞վ եք պայմանավորում, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դեռևս դաշնակցային պայմանագիր չի ստորագրվում, որտեղ արտացոլված կլինի նաև Մակրոնի այս դիրքորոշումը։

-Դրա համար Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից անհրաժեշտ են սկզբունքային, վճռական մոտեցումներ, որոնք, ինչպես արդեն ասացի, պատրաստ չեն դրան։ Խոսքը մասնավորապես և նախառաջ ՀԱՊԿ-ից անվերապահորեն դուրս գալու մասին է, որին զուգահեռ պետք է չերկարաձգվեն, կամ պարզապես չեղարկվեն Ռուսաստանի հետ փոխադարձ ռազմական օգնության վերաբերյալ մյուս պայմանագրերը, ռուսական զինված ուժերը պետք է դուրս հրավիրվեն Հայաստանից, այլապես շարունակելու են ունենալ այդ դերակատարումը, որը ռուսական բանակն ուներ Արցախի մնացորդում՝ նախքան Արցախի լիակատար անկումը։

Բնականաբար անհրաժեշտ է նաև մի փոքր ավելի տևական գործընթաց նախաձեռնել ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ։ Սակայն, իմ կարծիքով, ակնհայտ է, որ ներկայիս կառավարությունն ունակ չէ այդպիսի վճռականություն դրսևորել, իսկ քանի դեռ Հայաստանը ձեռքով ու ոտքով շղթայված է Ռուսաստանի հետ հիշատակածս տխրահռչակ ձևաչափերով, ոչ մի արևմտյան երկրի հետ լիարժեք, պարտավորեցնող և իսկապես արդյունավետ ռազմաքաղաքական փոխադարձ համագործակցության պայմանագիր հնարավոր չէ ակնկալել։

Ընդ որում, մոտավորապես համանման պայմանագիր հնարավոր չէ ակնկալել նաև Հնդկաստանի հետ։

-Ձեր համոզմամբ՝ հայ-ֆրանսիական ռազմական փոխգործակցության խորացումը որքանո՞վ կնպաստի ՀՀ անվտանգության ապահովմանը և առկա սպառնալիքների ու մարտահրավերների չեզոքացմանը։

-Ես հեռու եմ այն մտքից, որ համագործակցության ներկայիս մակարդակը լիովին երաշխավորում է Հայաստանը ռուս-ադրբեջանական հնարավոր ներխուժումից, ինչպես նաև, ես կասեի, ՀՀ տարածքների զգալի մասի մոտալուտ բռնազավթումից։ Այսօր առկա մակարդակն ակնհայտորեն Հայաստանի Հանրապետության նման երաշխիք չի ընծայում։

Բոլոր դեպքերում որպես գործընթացի սկզբնական փուլ այն մեծապես ողջունելի է, և մենք այդ ուղղությամբ պետք է արագ աշխատենք, բայց քանի որ նաև այդ համագործակցության հեռանկարը Ռուսաստանի և Ադրբեջանի համար կարող է չափազանց մտահոգիչ լինել, մենք պատասխանատու կերպով չպետք է բացառենք, որ Ադրբեջանը վաղաժամ և կտրուկ, այդ թվում՝ ռազմական ներխուժման տեսքով քայլերի կդիմի՝ ծավալվող և հեռանկարային դարձող հայ-ֆրանսիական ռազմական համագորածակցությունը կանխելու համար։

Հետևաբար եթե Ֆրանսիան իրոք պատրաստակամ է ստանձնելու Հայաստանի անվտանգության երաշխավորի դերակատարումը, ապա մենք պետք է մեծապես աշխատենք այն ուղղությամբ, որ վայրկյան առաջ անգամ խորհրդանշական քանակով՝ մինչև իսկ 50-100, կամ 200 հոգու չափով ՀՀ առավել վտանգված հատվածներում ապահովվի Ֆրանսիայի ռազմական ներկայությունը։

Սա պետք է իրականացվի անգամ մինչև այն պահը, երբ ռուսական զորքերը կլքեն Հայաստանը, քանի որ նրանք սիրահոժար կերպով չեն հեռանալու։ Այս դեպքում գոնե խորհրդանշաբար Հայաստանի տարածքում խոշոր և միջուկային եվրոպական տերության զորքերի ներկայությունը կդառնա հավելյալ և ավելի զսպող գործոն՝ ադրբեջանական դեռևս հնարավոր խոշոր ներխուժումը կանխելու համար։ Ընդ որում,այդ ներխուժումը նպատակ է ունենալու ոչ միայն միջանցք բացել կամ չակերտավոր վիճելի անկլավները գրավել, այլև այն կարող է միտված լինել առհասարակ Հայաստանի Հանրապետության տարածքի մինչև իսկ կեսի ռազմակալմանը։

Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված

16:57 Նորից դասադուլ կանենք․ Երևանի Նաիրի Զարյանի անվան դպրոցում բունտ է հասունանում
15:42 Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է
08:55 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
11:02 Երևանում Mazda 6-ը գլխիվայր շրջվել է. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. shamshyan.com
11:22 Ձրի գովազդ՝ քաղաքացիների հաշվին. գունավոր ծածկերով անհայտ մեքենաներ Բաղրամյանում
20:06 Շիրակի մարզում բախվել են Citroen Jumper-ը, Hyundai-ն ու Mercedes-ը․ կա 6 վիրավոր․ shamshyan.com
13:43 Խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են. Պապոյան
16:09 Դանակահարություն՝ Արարատի մարզի գյուղերից մեկում, կա վիրավոր․ կասկածյալը հայտնաբերվել է տաք հետքերով․ shamshyan.com
21:02 Դատարանը կալանավորեց Երևանում՝ ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման կազմակերպիչին ու կատարողներին․ shamshyan.com
22:06 Վախճանից 53 տարի անց հայ կարդինալի մարմինն անխաթար է մնացել․ նա կվերահուղարկավորվի