Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 ամիս առաջ - 19:30 21-02-2024

Ուրախ կլինեինք, եթե ճիշտ լիներ. «Ամերիա»-ի վաճառքը կապ չունի Ռուբեն Վարդանյանի կալանքի հետ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ամերիաբանկն ու BOGG PLC միջազգային ֆինանսական խումբն ավարտել են բանակցությունները, ըստ որի՝ Ամերիաբանկը կարող է միանալ BOGG միջազգային խմբին։ Առաջիկայում պետք է կայանա գործարքի հաստատման փուլը. գործարքը պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։

Նշենք, որ Ամերիաբանկի բաժնետոմսերի շուրջ 49 տոկոսը պատկանում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ով նախորդ սեպտեմբերից ապօրինաբար պահվում է ադրբեջանական բանտում։ Այս համատեքստում Հայաստանի հատկապես իշխանամերձ շրջանակները քարոզչական դաշտ են նետում այն թեզը, որ այս գործարքը կատարվում է՝ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական բանտից ազատ արձակելու համար։

Oragir.News-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեց, թե կապ տեսնո՞ւմ է այս գործարքի և Ռուբեն Վարդանյանին գերությունից ազատելու հնարավորության միջև։ Ի պատասխան՝ Հակոբյանը նշեց, որ այստեղ ոչ մի կապ չի տեսնում, և իրենք հետաքրքրված չեն, թե որ բանկը ով է գնում։

Պատգամավորը համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ այս թեզը տարածվում է իշխանական թևի կողմից։

«Եթե նույնիսկ այդպիսի բան կա, մենք շատ ուրախ կլինենք՝ ի տարբերություն իշխանական թևի ներկայացուցիչներին»,- ասաց նա։

Հարցին, թե ինչու են իշխանությունները հանրության շրջանում նման թեզեր տարածում, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ եթե անգամ իրենց կողմից հնչեցվող պնդումները ճշմարիտ են, ապա դրանից փորձում են ինտրիգներ ստեղծել, հասարակության շրջանում տպավորություններ ձևավորել առ այն, որ հարուստը, որի տեսակի նկատմամբ հասարակության շրջանում ատելություն են սերմանել, նման ճանապարհով փրկվելու հնարավորություն ունի։ Հակոբյանը նշեց՝ երբևէ չի հավատա, որ Ռուբեն Վարդանյանը այլ տարբերակով կփորձի դուրս գալ ադրբեջանական բանտից։

«Ես չեմ կարծում, որ այնտեղ գտնվող գործիչներն իրենց կաշվի մասին են մտածում։ Այնտեղ բոլորը հաստատ մեկը մյուսի մասին մտածում են, իսկ մեզ համար մեր 8 պաշտոնյաների, ինչպես նաև մնացած բոլոր հայրենակիցների գերեվարումն անընդունելի է, ուստի աշխատանքները պետք է տարվեն և կոչերը պետք է արվեն բոլորի համար»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ միանշանակ նման քայլեր չեն ձեռնարկվում։ Նրա համոզմամբ՝ ՀՀ իշխանություններն իրենց պահվածքով, ինչպես նաև շարունակվող ոչ ուղիղ հակաարցախյան քարոզչությամբ փաստում են, որ որևէ կերպ շահագրգռված չեն, որ անգամ այլ հնարավորություններով կամ շահագրգիռ երկրների մասնակցությամբ Արցախի վերնախավն ազատ արձակվի։

Ճշտող հարցին, թե ինչու ՀՀ իշխանությունները շահագրգռված չեն այս հարցում, պատճառը քաղաքական վրեժխնդրությո՞ւնն է, թե՞ այլ բաղադրիչներ էլ կան, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ սա լավագույն տարբերակն է՝ նաև Արցախի ապագայի հարցն ամբողջովին վտանգելու համար։ Ըստ նրա՝ սա նաև Արցախի հարցը մեկընդմիշտ փակելու բանալիներից մեկն է.


«Հետևաբար իրենք որքան շատ նման բանալիներ ունենան, այնքան իրենց պատկերացումներում շահած կլնիեն, որովհետև ամեն դեպքում այնտեղ մարդիկ կան, որոնք մեծ ներդրում են ունեցել ազատագրական պայքարում, Արցախի ազատագրման և հայկական պահելու գործում։ Դա իրենց այսօրվա օրակարգում չկա, հետևաբար նման մարդիկ իրենց աչքի առաջ չպիտի լինեն»։

Մետաքսե Հակոբյանը հավելեց՝ նույնիսկ միջազգային հանրությունը երբեմն զգացնել է տալիս, որ այստեղ Հայաստանի իշխանությունների ներդրումը կա, ովքեր կարծես թե որևէ կերպ հետաքրքրված չեն այդ մարդկանց ճակատագրով։ Նա ասաց նաև, որ սա պայմանավորված է թեկուզ Հայաստանի իշխանությունների լռությամբ։

Դավիթ Գույումջյան