Երևան +10°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 ամիս առաջ - 20:30 20-02-2024

Թուրքիայի հետ շրջանառությունն աճել է պատժամիջոցների շրջանցմամբ. արևմուտքը դեռ «չի նկատում»

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում շոշափելի արդյունքներ դեռևս չեն արձանագրվել, այնուամենայնիվ նախորդ տարվա արդյունքներով Թուրքիան բոլորից շատ ավելացրել է արտահանումը Հայաստան` միանգամից վեց անգամ։ Այս մասին վերլուծություն է ներկայացրել ռուսական պետական РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներին։

Հատկանշական է, որ այս ցանկում Հայաստանին հաջորդում է Լաոսը, որտեղ որտեղ Թուրքիայի մատակարարումներն աճել են 3,3 անգամ, և Միկրոնեզիան` 3 անգամ։ Բոլորից շատ թուրքական ապրանքների վաճառքների անկում է նկատվել Հարավային Աֆրիկայում` 2.2 անգամ, լուրջ նվազում է դիտվում դեպի Իսրայել արտահանումներում` 1.3 անգամ, որը պայմանավորված է Գազայի հատվածում ընթացող հակամարտությամբ, թեև այն մեկնարկել է հոկտեմբերի 7-ից։

Oragir.News-ը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայից Հայաստան արտահանման նման կտրուկ աճը։ Տնտեսագետն ի պատասխան նշեց, որ սա հիմնականում պայմանավորված ոսկու արտահանմամբ, քանի որ 2022-2023 թվականներին ՀՀ-ից Թուրքիա մեծ քանակությամբ ոսկու ձուլակտորներ սկսեց արտահանվել, ինչն էլ կտրուկ ավելացրեց երկու երկրների առևտրաշրջանառության ծավալները։

Սուրեն Պարսյանն ընդգծում է, որ նախորդ տարի՝ 2023 թվականին, պաշտոնական տվյալներով ՀՀ-ից Թուրքիա է արտահանվել մինչև 58 միլիոն դոլորի ոսկի։ Նա համեմատության կարգով նշեց, որ մինչև այդ ՀՀ-ից Թուրքիա արտահանումը կազմում էր 1-1.5 միլիոն դոլար։ «Այսինքն դեպի Թուրքիա Հայաստանի արտահանման ծավալները 50-ապատիկ անգամ ավելացել են»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ այս ցուցանիշների մեջ մեծ դեր է խաղացել վերաարտահանումը։ Նրա խոսքով՝ սա պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տնտեսության նկատմամբ կիրառված արևմտյան պատժամիջոցներով. ռուսական ոսկու ձուլակտորները գտնվում են պատժամիջոցների տակ, իսկ այն ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ովքեր ձեռք կբերեն այդ ոսկին, նույնպես կարող են հայտնվել պատժամիջոցների տակ։

«Ըստ էության Հայաստանը դարձել է հակառուսական պատժամիջոցները շրջանցելու միջոց, և մեր երկում գործող կազմակերպությունները դա իրականացնում են՝ առանց վախենալու, կամ անտեսելով արևմտյան պատժմիջոցները։ Բայց այդ պատժամիջոցներն ուշ թե շուտ լինելու են, պարզապես քաղաքական իրավիճակով՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի պրոարևմտյան քաղաքականությամբ պայմանավորված դեռևս չեն կիրառվում»,- կարծում է նա։

Սուրեն Պարսյանի համոզմամբ՝ այն օրը, երբ Հայաստանը շրջադարձ կանի, կամ հակաարևմտյան քաղաքականություն կիրականացնի, այդ ժամանակ էլ Արևմուտքը ողջ ծավալով պատժամիջոցները կկիրառի։

Մեր զրուցակիցը նշեց, որ նույն քաղաքականությունն իրականացվում է, ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Հոնկոնգի և այլ երկրների նկատմամբ։ Ըստ նրա՝ նախորդ տարի Հայաստանը մեկ միլիարդ դոլար արժողությամբ ոսկի ու ադամանդ է արտահանել ԱՄԷ։

Սուրեն Պարսյանը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ եթե Արևմուտքը ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի, ապա դրանք լուրջ խնդիրներ կստեղծեն մեր տնտեսության համար։ Նա ասաց, որ խնդիրներ կառաջանան և՛ բանկային համակարգի, և՛ տարբեր կազմակերպությունների համար, եթե այդ պատժամիջոցները կիրառվեն։

Մեր զրուցակիցը հավելեց, որ Արևմուտքը տեղյակ է, որ ՀՀ-ն շրջանցում է հակառուսական պատժամիջոցները։ «Բնականաբար այդ մասին բոլորին հայտնի է, պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով դեռևս պատժամիջոցներ չեն կիրառում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան