Խաղաղության խաչմերուկը եվրոպացու աչքում ռուս-թուրքական անցումային բակ է
copy image url

Խաղաղության խաչմերուկը եվրոպացու աչքում ռուս-թուրքական անցումային բակ է

Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 19-02-2024
Եթե «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը դիտեք եվրոպական երկրի աչքերով, ապա մի շարք տրամաբանական հարցեր կծագեն, որոնց պատասխանող չկա։ Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։ Եվրոպացի գործընկերոջը, հավանաբար, ցնցել է հայ գործչի «մտքի թռիչքը»։ Եթե ծրագրին առընչվող տրամաբանական հարցերն առաջիկայում պատասխաններ չստանան, ապա ՀՀ հեղինակությունը կընկնի շրիշակի մակարդակի։

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Irna կայքում 2023-ի դեկտեմբերի 9-ին հրապարակված հոդվածում պարզաբանել է «Խաղաղության խաչմերուկի» 4 պարզ սկզբունքները, որոնց մասին տարբեր առիթներով խոսել են նաև ՔՊ-ական մեծ ու փոքր այլ պաշտոնյաներ։

Առաջին սկզբունքով սահմանվում է, որ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են: ՀՀ-ում երկաթուղին օտարված է։ Ռուսական ՀԿԵ-ն 2008-ից Հայաստանի երկաթուղիների կառավարիչն է: Եվրոպական երկրները բեռնափոխադրում կանե՞ն ռուսական երկաթուղով։ Բնականաբար՝ ոչ։ Չեն վստահում ՌԴ-ին։ Ուստի՝ եվրոպացին ՀՀ պաշտոնյային տրամաբանական հարց կուղղի։ ՔՊ-ական իշխանությունը մտադի՞ր է ազգայնացնել երկաթուղին, որպեսզի կարողանա երաշխավորել դրանցով դեպի ԵՄ երկրներ բեռների փոխադրումների անխափանությունն ու անվտագությունը։ Եթե ոչ, ապա Լեհաստանը, ենթադրաբար, չի օգտվի այդ երկաթուղուց։

Երկրորդ սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Այստեղ էլ խնդիր կա։ Հայ-իրանական սահմանին կանգնած են ռուս զինվորները։ Հայ թուրքական սահմանին նույնպես ռուսներն են տեր ու տիրականը։ Եվրոպական երկրները բեռնափոխադրում կանե՞ն ռուսների վերահսկողության տակ գտնվող մաքսայիններով։ Բնականաբար՝ ոչ, քանի որ դա շատ ռիսկային է։ Ռուսները ուզած պահի կարող են խոչընդոտել ու խնդիրներ ստեղծել, ահռելի վնաս պատճառել եվրոպացուն։ Հետևաբար՝ եվրոպացին ՀՀ պաշտոնյային հարց կուղղի։ ՔՊ-ական իշխանությունը մտադի՞ր է ՀՀ-ից դուրս հրավիրել ռուս զինվորներին, ՌԴ հատուկ ծառայության աշխատակիցներին։ ՀՀ-ն մտադի՞ր է սահմանային և մաքսային հսկողությունն ամբողջությամբ իրականացնել ՀՀ ծառայողներով, ապահովելով բեռնափոխադրումների անխափանությունն ու անվտանգությունը։ Եթե ոչ, ապա Լեհաստանը, ենթադրաբար, չի օգտվի այս ճանապարհներից։

«Խաղաղության խաչմերուկի» մի ուղությունը Հյուսիս-հարավ միջազգային ճանապարհն է, որը սկսվում է Հնդկաստանից և հասնում ԵՄ երկրներ՝ Լեհաստան, Գերմանիա և այլն։ Եթե վերը նշված տրամաբանական հարցերը լուծվեն, այսինքն՝ եթե ՀՀ-ից դուրս հրավիրվեն ռուսական զորքերն ու ազգայնացվի ՌԴ-ին վաճառված երկաթուղին, ապա խաչմերուկ կլինի։ Իսկ եթե ՔՊ-ական իշխանությունը չի անելու այդ քայլերը, ապա խաչմերուկ չի լինի, այլ ռուս-թուրքական անցումային բակ (проходной двор)։

Այս առումով՝ կա ողջամիտ կասկած, որ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը ՀՀ կառավարությունը չի հղացել, այլ ռուս-թուրքական եղբայրությունը։ Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունն, ըստ էության՝ առաջ է մղում ռուս-թուրքական պլանը, հարվածի տակ դնելով ՀՀ միջազգային հեղինակությունը, ստեղծելով անվտանգային աղետալի ռիսկեր։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված