Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 3 ամիս առաջ - 22:30 16-02-2024

Թիրախավորումները պատահական չեն. ԱԷԿ-ը ՀՀ ազգային անվտանգության առանցքային հենասյուներից է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը մարտի 21-22-ին Բրյուսելում կմասնակցի ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովին։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտնում է, որ սա լինելու է ատոմային էներգետիկային երբևէ նվիրված առաջին գագաթնաժողովը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանն ընդգծեց՝ քանի որ այս համաժողովն անցկացվում է ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո, ապա դրանում սահմանվում են առհասարակ միջուկային էներգետիկայի գլոբալ զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև առաջիկա տասնամյակներում միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարները, արտադրության ծավալները և այլն։ Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ համաժողովում սահմանվելու է նաև միջուկային էներգետիկայի զարգացման գլոբալ ռազմավարությունն ու քաղաքականությունը, իսկ առանձին երկրներն իրենց միջուկային քաղաքականությունը պետք է համապատասխանեցնեն դրան։

Փորձագետի համոզմամբ՝ այս առումով Հայաստանը, որպես միջուկային էներգետիկայի խաղաղատոմ զարգացնող պետություն, պետք է աչալուրջ լինի այն գլոբալ միտումներին, որոնք սահմանվում են ֆորումի ընթացքում։ Նա վերահաստատեց՝ ֆորումն անցկացվում է անդրազգային, առանցքային և թերևս միակ ամենաբարձր լեգիտիմություն ունեցող կառույցի կողմից, որը պատասխանատու է միջուկային էներգետիկայի անվտանգ զարգացման համար։

«Ուստի սա հերթական ֆորումը չէ, որտեղ հավաքված մասնագետներն ընթացիկ հարցերն են քննարկում։ Այստեղ սահմանվելու են երկարաժամկետ ուղենիշներ»,- ասաց նա։

Հարցին, թե Փաշինյանն այնտեղ ինչ հարցերի կանդրադառնա, և նրա մասնակցությունը ինչ կարող է տալ Հայաստանին, Վահե Դավթյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ, որը գուցե ավելի բացված տեսքով կներկայացնի այդ համաժողովում, եթե նրան զեկույցի հնարավորություն ընձեռնվի։ Նրա համոզմամբ՝ խոսքը գնալու է ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտության մասին, սակայն այստեղ անհրաժեշտ է շատ ուշադիր լինել, թե մեր երկիրը որ մոդելի ատոմակայանն է ընտրելու։

Փորձագետը նկատում է՝ պաշտոնական հռետորաբանությունից դատելով՝ կարելի է պնդել, որ Հայաստանը պատրաստվում է գնալ փոքր հզորությունների՝ մոդուլային կայանի կառուցման ճանապարհով, որը բացատրվում է տնտեսական նպատակահարմարությամբ։

«Կարծում եմ՝ եթե մենք խոսում ենք միջուկային էներգետիկայի ռազմավարական զարգացման մասին, ապա մոդուլային փոքր հզորության կայանը ՀՀ-ի համար այդքան էլ նպատակահարմար չէ, մեզ անհրաժեշտ է մեծ հզորության կայան։ Դա այն մոդելն է, որն այս պահի դրությամբ մեզ առաջարկում է Ռոսատոմը՝ 1200 մեգավատանոց նոր սերնի ռեակտոր։ Սա անհրաժեշտ է, քանի որ թույլ կտա ՀՀ-ին պահպանել տարածաշրջանում խաղաղ ատոմ զարգացնող միակ երկրի կարգավիճակը, ինչպես նաև եթե օրերից մի օր կյանքի կոչվի Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան), ապա ՀՀ-ն կկարողանա հանդես գալ որպես էլեկտրաէներգիայի կայուն արտահանող։ Փոքր հզորությունները մեր արտահանման կարողություններն էապես նվազեցնելու են»,- ասաց նա։

Դավթյանն ափսոսանք հայտնեց, որ վերջին տարիներին պաշտոնական Երևանը գնում է ավելի շատ փոքր մոդուլային կայանի կառուցման ճանապարհով, ինչը առավելապես թելադրված է ԱՄՆ-ի կողմից, և այդ նպատակով բազմաթիվ խորհրդակցություններ են անցկացվել։ Նա շեշտեց՝ պարադոքս այն է, որ ԱՄՆ-ում առայսօր չկա գեթ մեկ փոքր մոդուլային կայան, իրենք նույնպես զարգացում են խոշոր հզորության կայանները։

Հարցին, թե որն է պատճառը, որ ՀՀ-ին առաջարկվում է փոքր հզորությամբ կայաններ կառուցել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հարցն անհրաժեշտ է դիտարկել, ոչ թե էներգետիկայի կամ տնտեսության, այլ ազգային անվտանգության և ավելի լայն՝ աշխարհաքաղաքական համատեքստում։ Նա շեշտեց՝ ատոմակայանը ռազմավարական կարգավիճակ և աշխարհաքաղաքական ռեսուրս է, իսկ ՀՀ-ն, լինելով միակ երկիրը, որը տարածաշրջանում ունի ավանդական՝ մեծ հզորության ատոմակայան, կարողանում է նաև հանդես գալ որպես և՛ էլեկտրաէներգիա արտահանող պետություն, և՛ ընդգծում է իր ռազմավարական զարգացման հեռանկարային հնարավորությունները։

«Որքան էլ այսօրվա մեր ռազմավարական կոլապսի պարագայում աբսուրդային չի թվում, բայց ատոմակայանի առկայությունը ՀՀ ազգային անվտանգության առանցքային հենասյուներից է։ Ամենևին էլ պատահական չէ, որ մեր հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, պարբերաբար թիրախավորում են հայկական ատոմակայանը՝ հայտարարելով, որ այն էկոլոգիական վտանգներ է ներկայացնում, բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում տարածաշրջանի բնակչության համար և այլն»,- նշեց նա։

Վահե Դավթյանը հավելեց՝ Թուրքիան հանդես է գալիս որպես եվրոատլանտիզմի հարավային ճակատը պահող երկիր, որի մասին երեկ հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, ուստի այս ճանապարհով նպապտակ է դրվում ՀՀ-ին զրկել խոշոր հզորության ատոմակայանից՝ խարխլելով երկրի ազգային անվտանգության կարևորագույն հենասյուներից մեկը։ Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ին անհրաժեշտ է գնալ «Ռուսատոմ»-ի կողմից առաջարկվող խոշոր հզորության ատոմակայանի կառուցման ճանապարհով, որը ապագայում հնարավորություն կընձեռնի կայանալ որպես տարածաշրջանում քիչ թե շատ կարևորություն ունեցող սուբյեկտ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ
20:30 Տավուշյան հողհանձնումը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ծիրի մեջ էր