Մշակույթ 2 տարի առաջ - 20:15 15-02-2024

Ապրելու համար սո՛ւր է հարկավոր, զի կյանքն անոնցն է միայն, որ քաջ են․ Ռուբեն Սևակի ծննդյան օրն է

1915 թ., երբ ընթանում էր Առաջին աշխարհամարտը, բժիշկ-բանաստեղծ Ռուբեն Սևակը զորակոչվում է օսմանյան բանակ, ծառայում Մաքրիկգյուղի զորամասում: Բայց շատ չանցած՝ ապրիլի 24-ին, լինելով զինվորական ծառայության մեջ, ձերբակալվում և բանտարկվում է Կոստանդնուպոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվում Չանղըրը: Մահվան այս որջում բուժում է թուրք ավազակապետ-չեթեչի Արաբաջի Իսմայի աղջկան: Արված լավության դիմաց Իսմայիլը նրան հորդորում է ամուսնանալ իր դստեր հետ եւ իսլամ ընդունելով՝ փրկվել սպառնացող անխուսափելի վտանգից: Առաջարկն անընդունելի էր: Չանղըրըի չերքեզ փոխկառավարիչը, որ բանաստեղծի ծանոթ-բարեկամն էր, անզոր արձագանքում է. «Ես չեմ կրնար Պոլսէն եկած հրաման մը չգործադրել…»:

Եվ սա դատավճիռ էր․․․

Այսօր արևմտահայ եղեռնազարկ բանաստեղծ Ռուբեն Սևակի ծննդյան օրն է։



Դեռ 1909-ին Կիլիկիայի հայության կոտորածների գույժը հայ և օտար մամուլով, հարազատներից ստացվող նամակներոով ստանալով՝ ուսանելու նպատակով հեռավոր Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող տաղանդավոր հայորդին գրում էր. «Սև օրեր կապրինք նորեն, սարսափի օրեր: Հեռագիրները ամեն ժամ նոր գույժ մը կը բերեն»…

«Գազանների վայրենի խաղին զոհ» դարձած հայրենիքից հեռու, իր բազմահազար ազգակիցների ողբերգական ճակատագրից փոթորկված սրտով, նա ցասումով բարձրաձայնում էր քաղաքական մի հանդեսում ասված միտքը Օսմանյան կայսրության իրականացնող շարունակական ջարդերի և հատկապես, «հուսահատեցուցիչ «խելոքությամբ» այդ ջարդերը ողջունող հայերի» առիթով.

«Ե՞րբ այս ժողովուրդը պիտի սորվի մարդկորեն կատղիլ»:

«Ու իրա՛վ: Մարդկորեն կատղի՛լ. այս տարրական առաքինությունը կը թվի իսպառ հեռացած ըլլալ Հայու սրտեն»…

Լինելով բժիշկ՝ նա խորաթափանց հայացքով քննում է իր ազգի իրավիճակը՝ ստեղծված կացությունից ելքեր գտնելու նպատակով. համոզված, որ «Խաչն այլևս անզոր է, ապրելու համար «սու՛ր է հարկավոր»… Զի կյանքն անո՛նց է միայն, որ քա՛ջ են»:



Ռուբեն Սևակին բանտից ազատելու համար Գերմանիայի արտգործնախարարությանը, Կ. Պոլսի և Սոֆիայի նրանց դեսպաններին, Լոզանի հյուպատոսին, Թուրքիայում Գերմանիայի դեսպան Հանսֆոն Վանգենհայմին բազմաթիվ դիմումներ են ուղարկում նրա աները՝ գերմանական բանակի պահեստի սպա Ֆրանց Ապելն ու կինը՝ Հելեն Ապելը, սակայն ապարդյուն:

Օգոստոսի 25-ին Սևակը հեռագրում է կնոջը, թե Դանիել Վարուժանի հետ Այաշի բանտում է: Իսկ ապրելու մնացել էր ընդամենը մեկ օր. օգոստոսի 26-ին Չանղըրը եւ Կալեջիկ գյուղերի միջև, Չանղըրըից կառքով վեց ժամ հեռու գտնվող Թյունեյ կոչված վայրում, իր չորս բախտակից ընկերների հետ, այդ թվում՝ Դանիել Վարուժանի, թուրք չեթենների ձեռքով սպանվում է՝ քարերով ու յաթաղաններով խոշտանգումների ենթարկվելով:



Մինչ ամուսնու եղերական վախճանը՝ աքսորից հետո նրա կինը՝ Յաննի Ապել Սևակը, շտապել էր Թուրքիայում Գերմանիայի դեսպանատուն՝ Սևակի ձերբակալման հարցով: Չարահոգի դեսպան Վանգենհայմը արհամարհանքով է պատասխանել ամուսնուն փրկելու նրա խնդրանքին. «Դու անարժան գերմանուհի ես, դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել ես այդ հայի հետ և հիմա եկել ես խնդրելու, որ ես նրան փրկե՞մ: Նա չպետք է վերադառնա: Նրանք բոլորը մեռնելո՛ւ են գնացել…»:

Սարսափած այս պատասխանից՝ Յաննին գերմանական անձնագիրը շպրտել է դեսպան-դահճի դեմքին. «Ես որդի ունեմ ու կդաստիարակեմ նրան այնպես, որ մի օր նա գերմանացիներից վրեժ լուծի հոր համար…»:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը