Երևան +16°
copy image url
Միտք 2 ամիս առաջ - 08:47 14-02-2024

Պաշտոնական Բաքվի և պաշտոնական Երևանի միջև օպերատիվ կապը պետական դավաճանության դրսևորում է

Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայտնի փաստ է, որ պաշտոնական Բաքվի եւ պաշտոնական Երեւանի միջեւ կա օպերատիվ կապ, որի միջոցով տեղ են գտնում պաշտոնական առաջարկների փոխանցումները, գերիների եւ այլ հարցերով տեղեկատվության փոխանակումները, ականապատ դաշտերի քարտեզների հանձնումները եւ այլն։ Սակայն, արդեն իսկ բավարար փաստեր կան պնդելու համար, որ օպերատիվ այդ կապի կամ մեկ այլ օպերատիվ կապի միջոցով տեղի են ունենում պաշտոնական Բաքվի ուղղակի ցուցումների փոխանցումները Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը, որոնք վերջիններս լուռ կատարում են։ Վերջին նման դեպքը ՀՀ ԱԳՆ կայքից չորս լեզուներով հրապարակված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին տեղեկատվության հեռացումն էր։

Կարեւոր է հասկանալ, որ նման կապը պետական ինքնիշխանության տեսանկյունից "Պետական դավաճանություն" հանցակազմի դրսեւորում է, այն է՝ այդ գործում ընդգրկված պետական պաշտոնյանների կողմից թշնամու կողմն անցնելու հանցավոր արարքի ուղղակի վկայություն։ Ըստ էության, այդ օպերատիվ կապը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ թշնամու կողմից օպերատիվ հանձնարարականների իջեցում իրենց կողմից հավաքագրված գործակալներին։ Ընդ որում, ներկա պահին այդքան էլ կարեւոր չէ այդ գործակալները ազդեցությա՞ն գործակալներ են, թե՞ վճարովի հաստիքային գործակալներ, կամ այդ գործակալների հավաքագրումը տեղի է ունեցել նրանց կեղծ համոզմունքների հիմա՞ն վրա, ըստ որի՝ Հայաստանը պարտված եւ թույլ կողմ է ու պետք է պաշտոնական Բաքվի հետ փորձի լեզու գտնել, այդ թվում՝ նրա որոշ հանձնարարականներ կատարելու ձեւով, թե՞ այդ հավաքագրումը տեղի է ունեցել մինչեւ 2020 թ․ պատերազմը՝ դասական հավաքագրում ենթադրող գործողության միջոցով։ Այսօր կարեւոր է ընկալել, որ Երեւանում գաղտնի կերպով աշխատում է կոնկրետ մի մարմին, որը Ալիեւի ուղղակի ցուցումները փոխանցում է Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինս էլ՝ իր թիմին։ Այսինքն կան մարդիկ, որոնք տեղեկատվությունը ստանալիս կապի միջոցներ են կիրառում, խոսում են, տպում են հանձնարարականներ, դրանք փոխանցում են վարչապետին անձամբ կամ նրա աշխատակազմի ինչ-որ պաշտոնյայի միջոցով։

Կարելի է պատրանքների մեջ ապրել, թե ամեն ինչ լավ է լինելու, բայց երբ միջնաբերդդ գրավված է թշնամու կողմից, արտաքին յոթ տակ պարիսպներն ու պաշտպաններիդ խիզախությունը անկարող են բերդն անառիկ պահել։ Մեր գործի հաջողությունը կապված է այն գիտակցման հետ, որ արտաքին թշնամու դեմ պայքարելուց առաջ, նախ ներքին թշնամուց պետք է երկիրդ ազատես։ Բայց եւ չպետք է մոռանալ, որ արտաքին թշնամիները քնած չեն ու երբ դու գիտակցում ես ներքին թշնամուդ ոչնչացնելու անհրաժեշտությունը, իրենք փորձելու են առավել շուտ քանց դու կշարժվես, իշխանության բերել մեկ այլ կամակատարի՝ խաղալով քո զգացմունքների ու դյուրահավատության հետ։ Մեզանից պահանջվում է շատ մեծ իմաստնություն՝ մի քանի ճակատներով նման թշնամիների դեմ պայքարի դուրս գալու համար։ Համոզված եմ, որ մեր ազգն ունի այնքան ներուժ, որ կարող է հաղթահարել ցանկացած փորձություն։ Ծանր գին ենք վճարելու, բայց այլ ճանապարհ չունենք։