Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին Զանգելանի (Կովսականի) ուղղությամբ հայկական ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտման մասին՝ նշելով, որ միջադեպի հետևանքով վիրավորում է ստացել Պետական սահմանապահ ծառայության սպա։
ՀՀ ՊՆ-ն, ի դեմս Ռազմական ոստիկանության, ավելի ուշ տարածեց մի «դժբախտ և դժգույն» հայտարարություն, որով, փաստորեն, չբացառեց ադրբեջանական տեղեկատվության իսկությունը։
«Նախնական տեղեկությամբ՝ տվյալ տեղանքում նման իրադրություն առկա չի եղել, երբ զինծառայողն ըստ իրադրության կարող կամ պարտավոր է կրակ բացել»,-գրեց պաշտպանական գերատեսչությունը՝ խոստանալով հրապարակել քննության արդյունքները։
Նախորդիվ, նույն փետրվարի 12-ին մամուլում հայտնվեցին հետևյալ հիշարժան տեղեկությունները․
1․ Հրապարակվեց Ադրբեջանում ՌԴ դեսպանի հարցազրույցը, որտեղ դիվանագետն իրեն թույլ էր տվել մեղադրել Հայաստանին՝ «Ադրբեջան-Նախիջևան միջանցքի բացման հարցով ստանձնած պարտավորությունների չկատարման» մեջ։
2․ Ադրբեջանի ԱԳՆ տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ գերատեսչություն է կանչվելԱդրբեջանում ԵՄ դեսպանը, որին հայտարարվել է․ «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին և լուրջ մտահոգություն է առաջացնում»։
3․ Ադրբեջանի ականազերծման ծառայությունը (ANAMA) հայտնեց, որ Հայաստանը ականապատ դաշտերի 8 նոր ձևաթղթեր է հանձնել Ադրբեջանին։
Փաստորեն, մի կողմից, ՀՀ-ն որպես ադրբեջանական հերթական պահանջների բավարարում, տրամադրում է ականապատ դաշտերի մասին տեղեկություններ, իսկ մյուս կողմից դիպուկահարի միջոցով շարքից հանում ադրբեջանցի սահմանապահի։
Խոստովանենք, որ տրամաբանությունը, մեղմ ասած, կաղում է, հատկապես եթե հաշվի առնենք հայաստանյան գործող իշխանությունների «խաղաղասիրական» համառ ցանկությունը։ Ընդ որում, այս բառը չակերտված է, քանի որ խաղաղասիրություն է դրսևորվում մի իրավիճակում, երբ կողմերից մեկն անընդհատ թելադրում ու պահանջում է, իսկ մյուսը՝ կատարում։
Նախկին ժամանակահատվածի փորձից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը, հայտարարելով իր սահմանապահի վիրավորման մասին, բոլորովին մտահոգված չէ ներկայացնելու ասվածի որևէ ապացույց, թեև լրատվամիջոցները նաև հրապարակել են տեսանյութ, որտեղ մի քանի հոգի անցուդարձ են անում։ Հակառակորդը ներկայացնում է, թե դա հայկական զինծառայողներն են, որոնցից մեկին ներկայացնում է, որպես դիպուկահար։ Բայց այդ նյութն ավելի շատ կարելի է համարել для галочки․ Ալիևի լրատվադաշտին պետք է որպես հետագա ագրեսիվ տեղեկատվական քարոզչության սկիզբ ինչ-որ բան տարածել, ու տարածում է հենց դա։
Շատ ավելի լուրջ է, երբ ռուսական մամուլը, որը նույնպես համակարգվում է իր երկրի նախագահականից, Ադրբեջանում ՌԴ դեսպանի միջոցով մեղադրում է Հայաստանին՝ պայմանավորվածություններ չկատարելու մեջ։ Սա արդեն կոնսենսուսի նախանշան է։ Առաջիկայում, ուրեմն, փորձ կարվի տեղեկատվական ճնշումների գործադրմամբ Հայաստանից հասնել նախընտրելի քայլերի, իսկ հակառակ դեպքում ոչ մի խնդիր չկա նույն Ալիևի միջոցով, հաշվված օրերի ընթացքում, հրահրել այնպիսի սահմանային իրավիճակ, որի տրամաբանական շարունակությունը ռազմական օպերացիան է և ցանկալի կոնֆիգուրացիայի ձևավորումը։
Հատկապես, որ այսօր ադրբեջանական սահմանապահը «վիրավորում է ստացել» բավական խորհրդանշանական հատվածում։
Տիգրան Աթանեսյան