Փետրվարի 7-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին պատասխանելիս գաղտնի գրիֆով փաստաթղթից կետ մեջբերեց։ Ըստ նրա՝ Ադրբեջանի հետ ստորագրման նախապատրաստվող խաղաղության պայմանագրում կա մի համաձայնեցված հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար։
Oragir.News-ի հետ զրույցում իրավաբան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ընդգծեց, որ թեև պետական գաղտնիքի հրապարակումը հանցագործություն է, սակայն Նիկոլ Փաշինյանի պարագայում այն կարող է վիճելի լինել, քանի որ վերջինս գուցե պետական գաղտնիքը գաղտնազերծելու իրավասություն ունենա։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ դրա համար գոյություն ունեն սահմանված ընթացակարգեր։
Ղազարյանը կարծում է, որ Փաշինյանի հայտարարությունը խոսում է մեկ այլ հանցանքի ու վտանգի մասին։ «Երբ որևէ պաշտոնյա Հայաստանում ստանձնում է իր պաշտոնը, երդում է տալիս, որ պետք է հարգի ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները և առաջնորդվի դրանցով։ Այսինքն՝ բացի այն, որ օրենքից շեղվելն ու օրենք խախտելն ինքնին հանցագործություն է, հանրային ծառայողների պարագայում կա նաև լրացուցիչ պարտավորություն, որը սահմանված է երդման տեքստով։ Կառավարության անդամների պարագայում երդման տեքստի ձևակերպումը տրված է կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին օրենքով»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելիս երդվել է, որ պետք է հարգի ՀՀ Սահմանադրությունը և օրենքները։ Նա նշում է՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը վավերացման ենթակա չեն։ «Այսինքն՝ պետությունը չի կարող կնքել մի պայմանագիր՝ ի սկզբանե իմանալով, որ այն պարունակում է իր Սահմանադրությունն ու օրենքները խախտող նորմեր, նման բան չի կարող լինել»,- ասաց նա՝ շեշտելով, որ Փաշինյանի գործունեությունը հանցանքի ակնհայտ տարեր է պարունակում՝ սահմանադրական կարգի տապալման առումով։
Վերջինս ընդգծում է՝ կառավարությունը Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց նախաձեռնելու իրավասություն ունի, սակայն գործող իշխանությունների պարագայում դա ամբողջությամբ անորոշությունների դաշտում է։ Ղազարյանը հիշեցրեց՝ Փաշինյանը հայտարարել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, ընդ որում, դա արել է Իլհամ Ալիևի հայտարարությունից հետո, սակայն մինչ օրս չկա մի հոդված, որը, իրենց համոզմամբ, ենթակա է փոփոխության։
Ինչ է վերաբերում է Փաշինյանի կողմից գաղտնազերծված հոդվածի դրույթներին, ապա հասարակական-քաղաքական գործիչը նկատեց՝ վտանգն այն է, որ Փաշինյանը խոստովանեց, որ թշնամու հետ համաձայնեցրել է պայմանագրային մի դրույթ, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին. «Նման բան լինել չի կարող, ինքը՝ որպես պաշտոնյա, և ցանկացած մարդ, ով ՀՀ-ում պաշտոն է զբաղեցնում, պարտավոր է առաջնորդվել երկրի Սահմանադրությամբ ու օրենքներով և չի կարող շեղվել այդ պարտավորությունից»։
Էդգար Ղազարանն անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարությանը, որ վերջինիս համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը միևնույնն է։ Ըստ նրա՝ Խաչատուր Սուքիասյանն այդ գաղափարներով Հայաստանի խորհրդարանի պատգամավոր լինելու իրավունք չունի, նա կարող է լինել Թուրքիայի և Ադրբեջանի մեջլիսների պատգամավոր, եթե վերջիններիս օրենսդրությունը դա թույլ է տալիս։ «Հայաստանի Անկախության հռչակագրի 11-րդ կետում գրված է՝ մեր պետությունը պետք է հետևողական ջանքեր գործադրի, որպեսզի 1915 թվականին Օսմանյան կայրությունում և Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչում ստանա և դատապարտվի։ Այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է սրանով առաջնորդվի, քանի որ սա ամրագրված է մեր պետության հիմնադիր փաստաթղթով։ Նույն փաստաթղթի 12-րդ կետն ասում է, որ մեր երկրում ցանկացած պաշտոնյայի գործունեություն պետք է համապատասխանի հռչակագրի պահանջներին։ Տվյալ դեպքում Հայաստանում բարձր պաշտոն, այդ թվում պատգամավորի պաշտոն զբաղեցնող անձը, նման հայտարարություն չի կարող անել, դա արդեն ապօրինություն է»։
Մեր զրուցակիցը հավելեց, որ նույնը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Ըստ նրա՝ ՀՀ-ի օրենսդրությունը Փաշինյանին պետության անունից բանակցություններ վարելու իրավունք տալիս է, սակայն բանակցություններ վարելիս նա պետք է առաջնորդվի Անկախության հռչակագրով, Սահմանադրությամբ, օրենքներով, անվտանգության դոկտրինի պահանջներով։
«Այս փաստաթղթերում արտացոլված են մեր պետության շահերը, և յուրաքանչյուր պաշտոնյա, ով հանդես է գալիս պետության անունից, պետք է պետության շահերով առաջնորդվի։ Եթե պաշտոնյան պետության շահերով չի առաջնորդվում, ապա ստացվում է, որ տվյալ դեպքում անցնում է թշնամու կողմը, այսինքն՝ բանակցություններում առաջ է մղում թշնամու շահը։ Քրեական օրենսգրքով դա ձևակերպված է որպես պետական դավաճանություն, համապատասխան հոդված կա, որի բովանդակությունն է թշնամու կողմն անցնելը կամ թշնամուն գաղտնիք պարունակող տեղեկություններ տրամադրելը»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան